Արտերկրի մամուլում Հայաստանի տնտեսական կյանքը հազվադեպ է լուսաբանվում։ «Forbes» հանդեսի ռուսական տարբերակի փետրվարյան համարում տեղ գտած հրապարակումն այդ հազվադեպ օրինակներից է։ Այն ինքնին արժանի է վերլուծության։ Ի վերջո, նման հրապարակումներից կարելի է պարզել թե՛ Հայաստանի, թե՛ հայկական տնտեսության վարկանիշն արտերկրում։ Եթե, իհարկե, նման վարկանիշեր գոյություն ունեն։ «Forbes»-ի հեղինակը չի թաքցնում, որ մեր երկիր այցելելուց առաջ իրեն հետաքրքրել է «Իսկ Հայաստանում կյանք կա՞» հարցը։ Ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես տիեզերագնացության արշալույսին` 1960-ականներին համաշխարհային գիտական հասարակությանն էր հետաքրքրում` «Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա»։ Եվ այսպես, գոնե ռուսալեզու ընթերցողի համար պարզվեց, որ Հայաստանում եւ՛ կյանք կա, եւ՛ տնտեսություն։ Ավելին` կան նաեւ հարուստներ։ Հայաստանում մինչ այժմ առավել հարուստ գործարարներին ներկայացնելու եւ ըստ ունեցվածքի դասակարգելու փորձ չի արվել։ «Forbes»-ն այս հարցում մասնագիտացած հանդես է, եւ մեր փոխարեն դասակարգեց (կամ կատարեց դասակարգելու փորձ) մեր երկրի հարուստներին։ Հայկական տնտեսության մասշտաբներով մեծահարուստ հնգյակն ունի հետեւյալ դասակարգումը` Միխայիլ Բաղդասարով, Գագիկ Ծառուկյան, Խաչիկ Սուքիասյան, Վալերի Մեջլումյան, Գեւորգ Ներսիսյան։ Առաջին երեքը լայն հասարակությանը ծանոթ են։ Ծանոթ են իրենց եւ իրենց կազմակերպությունների քաղաքական ու տնտեսական գործունեությամբ։ Վալերի Մեջլումյանը պակաս հայտնի է, որովհետեւ նրա բիզնեսը մայրաքաղաքային չէ։ «Վալեքս Գրուպի» սեփականությունը Ալավերդու պղնձաձուլարանն է։ Գեւորգ Ներսիսյանի բիզնեսը աշխարհագրորեն ավելի հեռու կենտրոն ունի` մոսկովյան «Ցենտրալ Պարտներչիպը»։ Զուտ այս առումով ավելի հետաքրքիր էր, թե ինչպես է ներկայացված հարուստների առաջին եռյակը, նրանց բիզնեսի ներկայացումն, ի վերջո, գործարար Հայաստանի ընդհանրական նկարագիր է։ Օրինակ, այն պնդումը, որ «Ծառուկյանը տիպիկ հայ գործարար է։ Նախ` նա ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Եվ երկրորդ` վճռականորեն զբաղվում է ամեն ինչով, ինչը կարող է փող բերել»։ Հայաստանում իսկապես գործարարները ձգտում են մոնոպոլ դիրք գրավել` զբաղեցնել հնարավորինս շատ ոլորտներ, որոնք կարող են փող բերել։ Հայաստանում քիչ թե շատ ունեցվածք տնօրինող գործարարները, որպես կանոն, ձգտում են քաղաքական կշիռ ձեռք բերել։ Այս նպատակով նրանք կուսակցություններ են ստեղծում, ԱԺ պատգամավոր դառնում։ Հնարավոր է, որ մեծ փողը փոքր շուկայում վարքի հենց այս կանոններն էլ թելադրում է։ Հաջորդ հետաքրքիր ու տիպական պահը սա էր։ «Միկա Լիմիտեդը» մինչեւ այժմ վերահսկում է Հայաստանի վառելիքային շուկայի մեկ երրորդը` ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ»։ Սա եւս մեծ կապիտալի վարքի դրսեւորում է մի շուկայում, ուր ընդարձակվելու այլ ոլորտներ չկան։ Այս պատճառով է խոշոր սեփականատերը զբաղվում մանրածախ առեւտրով` տեղ խլելով մանր ու միջին բիզնեսից։
Քաղաքական հենարան, քաղաքական անձեռնմխելիություն ունենալու հայ գործարարի խնդիրը հնարավոր է, որ այլեւս չափազանցություն է։ Գործարար Հայաստանը դժվար թե քաղաքական (հեղափոխական) մեթոդներով ունեցվածքի վերաձեւման նոր փուլ մտնի։ Զուտ գործարարները տնտեսական կայունության օրինակ ունեն` հանձին «Սիլ գրուպի»։ Խաչիկ Սուքիասյանը Հայաստանի հարուստների ցուցակում է եւ 1998-ից առաջ եւ 1998-ի իշխանափոխությունից հետո։ Այս պատճառով պարոն Սուքիասյանը «Forbes»-ի որակավորմամբ` մեր գործարարներից ամենափորձառուն է։
Ռուս լրագրողին հաջողվել է տեսնել մեր տնտեսության շատ էական տենդենցները` սփյուռքի գործարար եւ առավել եւս ոչ գործարար ներկայությունը մեր տնտեսական կյանքում։ Խոսքը եւ՛ տնտեսական ակնկալիքներով կատարված ներդրումների, եւ՛ բարեգործություն որակվող ներդրումների մասին է։
«Forbes» ամսագրի հրապարակումն աչքի է ընկնում նաեւ նրանով, որ հոդվածը առավելագույնս ապաքաղաքականացված է եւ գրված է բարի` մարդկայնորեն բարի լեզվով։ Պատճառը, հնարավոր է, նաեւ այն է, որ գործարարների մեր դասն ավելի բարյացակամ է ընդունել օտար լրագրողին։ Բոլոր գործարարները չեն թաքցրել իրենց մարդկային թերությունները։ Գագիկ Ծառուկյանը հետաքրքրվում ու զբաղվում է սպորտով. սա հայտնի էր։ Բայց ռուս լրագրողից չեն թաքցրել, որ նա գազանանոց ունի։ Միխայիլ Բաղդասարովը փորձում է 20 մլն դոլար արժողությամբ մարզադաշտ կառուցել, որովհետեւ իր թիմի` «Միկայի» ֆուտբոլիստները շփոթվել էին գերմանական մարզադաշտի շքեղությունից եւ 4 գոլ բաց թողել։ Խաչատուր Սուքիասյանը մանկական ոգեւորությամբ պատմում է, թե ինչպես է ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարում «Բջնի» հանքային ջրերի գործարանը։ Վալերի Մեջլումյանը ծնողներին այցելելիս է պարզել, որ հարազատ քաղաքի խոշորագույն արտադրական ձեռնարկությունը չի գործում եւ վաճառքի է հանվել։ Ուստի որոշել է գնել ու վերագործարկել, եւ այլն…
Հետաքրքիր է նաեւ, որ օտարները Հայաստանի ու հայկական տնտեսության մասին ունեն նույն թյուր պատկերացումներն` ինչ մենք (կամ մեզանից շատերը)։ Հիշո՞ւմ եք, մենք էլ (կամ մեզանից շատերը) կարծում էինք, որ մեր երկիրը կարելի է պահել ջուր-կոնյակ-ծիրանի հյութ վաճառելով։ Հիմա մենք (կամ մեզանից շատերը) այս տեսլականից ազատվել ենք։ Ուստի հաճելի է, երբ օտար ու հեղինակավոր մամուլում կարդում ես. «Այս երկրի տնտեսական աճի գլխավոր գործոնը ոչ կոնյակն է, ոչ ցեմենտը եւ ոչ էլ օտարերկրյա ներդրումները, այլ հենց իրենք են` հայերը»։ Սրա գիտակցությունն է, որ բարոյական բոլոր հետեւանքներով պակասում է մեզ բոլորիս` հարուստից մինչեւ ընչազուրկ։