Ամերիկյան «Վաշինգտոն Պոստը» իր փետրվարի 20-ի համարում անդրադարձել է կոռուպցիայի հիմնախնդրին։ Մասնավորապես, Փոլ Վոլֆովիցի գալուց հետո Համաշխարհային բանկը սկսել է ֆինանսավորման հարցում ավելի խիստ քաղաքականություն վարել այն երկրների հանդեպ, որոնց կոռումպացվածության մակարդակը բարձր է։ Օրինակ, կասեցվել է Հնդկաստանին տրամադրվելիք առողջապահական վարկային ծրագիրը՝ 800 մլն ԱՄՆ դոլար արժեքով։ Սառեցվել է Չադի վարկավորումը, Բանգլադեշում անվավեր են ճանաչվել ճանապարհային 14 պայմանագրեր՝ կոռուպցիոն մրցույթների պատճառով: Ֆինանսավորման ծրագրեր են սառեցվել Քենիայում, Արգենտինայում եւ Կոնգոյում։ Այս ամենը մեր երկրի հետ կապ ունի այնքանով, որ մենք էլ ենք անհամբերությամբ սպասում դրսից եկող փողերին։ Մինչդեռ ՀԲ-ի այս քաղաքականությունն ու «Վաշինգտոն Պոստի» հրապարակումը որոշ իմաստով այլ երկրներին, այդ թվում` նաեւ մեզ, ուղղված կոչ-զգուշացում է։ Սակայն նմանօրինակ կոչերը, երեւում է, չեն անհանգստացնում մեր իշխանություններին։ «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի» հետ վերջնական համաձայնությունը դեռ չստորագրած՝ կառավարությունը ստեղծել է կազմակերպություն, որը պատասխանատու է լինելու Համաձայնագրի իրագործման վերահսկման եւ կառավարման համար։ Իսկ երեկ թերթերից մեկում հայտարարություն են տպագրել՝ այդ կազմակերպության, այսպես կոչված, Կառավարման մարմնի գլխավոր տնօրենի թափուր պաշտոնի համար։ Այսինքն` մերոնք կամ վստահ են, որ 235 միլիոնը ստանալու են, կամ ուղղակի որոշել են հենց այնպես ժամանակ չկորցնել։ Թեեւ մանեւրելու տեղ թողել են՝ նշելով. «Թեկնածուի ընտրությունը կախված կլինի ՀՄԿ-ի հետ պայմանագրի ստորագրումից»։
Տես նաեւ` Վոլֆովիցի կոռուպցիայի օրակարգը