Նախօրեին Բուդապեշտում սկսվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովի գործով երկրորդ դատավարության երկրորդ նիստը: Հիշեցնենք, որ անցած դեկտեմբերին Բուդապեշտի իրավապահ մարմինները նոր քրեական գործ էին հարուցել Ռամիլ Սաֆարովի դեմ. պատճառը մեկուսարանի աշխատակիցների հետ ադրբեջանցի սպայի կոնֆլիկտն է: Վկայակոչելով Հունգարիայում Ադրբեջանի դեսպանությանը` «Tend»-ը տեղեկացնում է, որ Ռամիլ Սաֆարովին ներկայացվել է մեղադրական եզրակացությունը: Նիստում նախագահող դատավորը հարցեր է ուղղել Ռամիլ Սաֆարովին, ինչից հետո հարցեր են տվել ադրբեջանցի սպայի հունգարացի փաստաբանը եւ պետական մեղադրողը: Դատարանը որոշել է հաջորդ նիստն անցկացնել մայիսի 3-ին: Ռամիլ Սաֆարովը մեղադրվում է 2004-ին մեկուսարանի աշխատակիցներին դիմադրելու մեջ եւ կարող է դատապարտվել մինչեւ 2 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ 2004-ի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինվորական Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունն էլ հետաձգվել էր մինչեւ 2006-ի մարտի 7-ը: