Զգուշացեք կեղծ բարերարից

24/02/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Աշտարակի շրջանի Աղձք գյուղի բնակիչ Տարոն Հակոբյանը տարիների ընթացքում Աղձք-Ուջան հատվածում կառուցել է մոտ 880քմ շինարարական տարածքով եւ 1,7 հեկտար մշակված եւ ոռոգման ցանցով ապահովված հողամասով «Սասուն-33» ՍՊԸ ռեստորանային համալիրը:

ՍՊԸ-ն «Հայխնայբանկին» մեծ գումար էր պարտք ու գտնվում էր ֆինանսական վատ վիճակում: Արագածոտնի մարզի Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունն արգելանք էր դրել ՍՊԸ-ի գույքի վրա, որը գնահատվել է 15 միլիոն 700.000 դրամ: Հավանաբար, այդ մասին տեղյակ լինելով՝ սփյուռքահայ Վարթգես Հագոփյանը ռեստորանը գնելու ցանկություն է հայտնում: Ինքը՝ Վարթգեսը, ասում են, գրանցված է եղել Արագածոտնի մարզպետի խորհրդական Համբարձում Կարապետյանի տան վրա: Իսկ Համբարձում Կարապետյանն էլ Արագածոտնի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանի հետ քավոր-սանիկային կապի մեջ է: Ասել է թե, «վերեւներում» կապեր ունի: Ընկեր Վարթգեսը Համբարձում Կարապետյանի հետ մի օր ռեստորանում է հայտնվում, եւ այդ օրվանից, ինչպես Տարոն Հակոբյանն է ասում, դրվում է «Սասուն-33» օպերացիայի սկիզբը: Ռեստորանի բաժնետեր դառնալու դեպքում Վարթգեսը Տարոնին խոստանում է սկզբնական 25.000 դոլարի ներդրումներ անել. ստեղծել 24 համարով հյուրանոցային համալիր, գնել երկու «Grand Cheroki» մակնիշի մեքենա: Տարոնը հավատում է այս խոստումներին եւ ոգեւորված՝ գնում են Աշտարակի նոտարական գրասենյակ ու ռեստորանը ձեւակերպում Վարթգեսի անունով, որ հետո կադաստրից փաստաթղթերը ձեւակերպեն երկուսի անունով: «Ես մտածեցի, ոչինչ, թող իր անունով լինի, հետո կփոխենք: Իմ մտքով չէր անցնում, որ 70 տարեկան մարդը կարող է խաբել,- զարմացած պատմում էր Տարոն Հակոբյանը: -Վարթգեսի ու Համբարձում Կարապետյանի հետ միասին սեղան ենք նստել, իրենք սկսել են Հայրենիքի մասին խոսել ու հայրենասիրական երգեր երգել: Ես ի՞նչ իմանայի, որ էդպես նրանք ծրագրում են ինձ խաբել»: «Հետո պետք է սեփականության վկայական հանեինք,- շարունակում է Տարոնը: -Սա անընդհատ ձգձգում էր, թե «պատրաստ չի», «չեն տալիս»: Մի օր էլ բարկացա ու Վարթգեսի հետ գնացի նոտարի մոտ: Պարզվեց, որ առանց ինձ տեղյակ պահելու ամբողջ հողն ու շինությունը ձեւակերպել են Վարթգեսի անունով ու նրան 2003թ. մարտի 20-ին սեփականության կեղծ վկայական են տվել: Իսկ այդ ընթացքում Վարթգեսը կեղծ վկայականը 10.000 դոլարի դիմաց գրավ էր դրել Ալիսա Կիրակոսյանի մոտ»: Փաստորեն, ԴԱՀԿ ծառայությունը վաճառել է, իսկ Վարթգես Հագոփյանը 3 միլիոն 641.656 դրամով ձեռք է բերել «Սասուն-33» ՍՊԸ-ին պատկանող այդ ռեստորանային համալիրը:

«ԱՄՆ եւ ՀՀ բնակիչ Վարթգես Հագոփյանը ամեն տեղ հանդես է եկել, թե իբր մեծ գործարար է,- պատմում է Տարոնը: -Եկել է Հայաստան իբր թե ներդրում անելու համար եւ ներդրումներ է բերել: Իր ասելով` վերանորոգել է Թալինի հիվանդանոցը, աղքատ ընտանիքներին դրամական օգնություն է տվել: Այս ամենը սուտ է, տարածել է իրեն մեծարելու, իր հանցավոր անցյալը փակելու եւ իր մութ ծրագրերն իրագործելու համար: Խաբեբա Վ.Հագոփյանի զոհերից մեկն էլ ես եմ: Երեք տարուց ավելի է` պայքարում եմ: Հիմա Արագածոտնի մարզի դատախազությունում այս գործի հետ կապված քրեական գործ է հարուցվել»:

«ԴԱՀԿ ծառայության պետ Գեղամ Այվազյանի եւ հարկադիր կատարողներ Տիգրան Գեւորգյանի, Արտակ Առաքելյանի եւ գնորդ Վարթգես Հագոփյանի կողմից կազմվել են ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր եւ օգտագործվել»,- նշված է հունվարի 20-ին Արագածոտնի մարզի դատախազության կայացրած որոշման մեջ:

Մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ Վ.Հագոփյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ հարուցված քրեական գործի մասին: Նա նաեւ ավելացրեց, որ «Սասուն-33» ՍՊԸ-ն պատկանում է իրեն: Ինքն այնտեղ շինարարական աշխատանքներ է իրականացրել, սենյակներ եւ բնակարան է կառուցել:

«Այդ օբյեկտը աճուրդով եմ գնել,- ասաց Վ.Հագոփյանը:- Այնտեղ սենյակներ ու երկու հարկանի տուն եմ շինած: Դրա սեփականության թուղթը իմ մոտս է: Հիմա ես այնտեղ չեմ ապրում, բայց էս երկու օրը ԴԱՀԿ ծառայողները վճիռ կկայացնեն եւ օբյեկտը Տարոնից կվերցնեն»:

«Էդպիսի բան չի եղել, սուտ է ասում,- ասում է Տ.Հակոբյանը: -Նա ոչ մի բան էլ չի կառուցել: Որ ասում է, ուրեմն պետք է կարողանա իր ասածը իրավաբանորեն հաստատել»:

Վ.Հագոփյանն էլ մեզ ասաց, որ ինքը նաեւ բարերար է եւ վերանորոգել է Թալինի հիվանդանոցը: Նրա ասելով` այդ գործին տրամադրել է մոտ 640.000 դոլար: Իսկ Թալինի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գրիգոր Պետրոսյանն էլ ասաց, որ վերանորոգումները կատարվել են Ամերիկայի Պաշտպանության դեպարտամենտի եվրոպական հրամանատարության կողմից, եւ ծախսվել է 236 հազար դոլար: Փաստորեն, հաստատվեց Տարոնի այն միտքը, որ Վ.Հագոփյանն ինքնակոչ ու կեղծ բարերար է: Ի դեպ, Տարոնն ասում է, որ Վ.Հագոփյանի հետ պայքարի երեք տարիներին ինքը ծանոթացել է մեր հերոսից տուժած եւս երեք հոգու հետ: Ամերիկայից եկած բարերարը խաբել է թալինցու եւ նրանից 5 մլն դրամ է վերցրել, Մալաթիա համայնքի բնակիչ Գոքորը Տարոնին պատմել է, որ Վ.Հագոփյանը Հոլանդիայում իր բարեկամներից 50.000 եվրո է կողոպտել: Տարոնի կարծիքով` Վ.Հագոփյանն ունի հովանավորներ: Իսկ մեզ սփյուռքահայ բարերարն ասաց, որ դիմելու է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պարզելու համար, թե Դատախազությունում այդ ինչ գործեր են հարուցվում իր դեմ: