«Ես առայժմ չպիտի անդրադառնամ Ս. Սարգսյանի դեմ արդեն կատարված մի քանի անհաջող մահափորձերի փաստին, որոնց կազմակերպմանը իրենց մասնակցությունն են ունեցել կոալիցիայի մաս կազմած քաղաքական գործիչներ: Մինչդեռ, Ս. Սարգսյանի մահվան դատավճիռը կայացվել էր դեռ 1991թ. առաջին կեսին: Այդ նույն ցանկում իրենց տեղն էին զբաղեցրել ինչպես Արցախյան շարժման հիմնադիր Իգոր Մուրադյանը, այնպես էլ Արցախյան պայքարում որոշիչ դերակատարություն ունեցող ռազմական եւ քաղաքական նշանավոր գործիչներ»,- Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից ուղարկած իր հերթական հակադաշնակցական բաց նամակում այսպիսի ակնարկներ է արել «Դրո» գործով ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանը: Այս նամակը Մնջոյանը հասցեագրել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Իսկ թե Սերժ Սարգսյանի դեմ անհաջող մահափորձ իրականացրած եւ այսօր կոալիցիայի մաս կազմող քաղաքական գործիչը կամ գործիչներն ովքե՞ր են, Արմենակ Մնջոյանը չի մանրամասնում: Բայցեւ խոստանում է, որ Ս. Սարգսյանի դեմ կազմակերպված այդ մահափորձերի մասին հանդես կգա առանձին հրապարակմամբ: «Ես չպիտի անդրադառնամ նաեւ մի շարք քաղաքական սպանությունների կազմակերպման եւ պատվիրատու գործիչների ոդիսականին, սակայն հարկ եմ համարում բարձրացնել այն խնդիրները, որոնք շաղկապված են տվյալ պարագային ՀՀ-ում եւ Իրանում գործող օտար պետության կողմից ներթափանցված հատուկ ծառայությունների «ԶԵԹ» կառույցին»,- գրել է նա: Եվ այսպիսով, ինչ է Արմենակ Մնջոյանի ակնարկած «ԶԵԹ» կառույցը: Չցանկանալով քաղաքականացնել «արդեն իսկ քաղաքական արյունոտ ակտերն ու դրանց հաջորդած պատճառահետեւանքային արդյունքները», Մնջոյանը խնդրին մոտենում է միայն կատարված տնտեսական հանցագործությունների կողմից, «որին ընդունված է կոչել կոռուպցիա եւ որի դեմ պայքարի համար տրամադրված է բավականաչափ գումար, միջոցներ եւ անգամ կոռուպցիայի մեջ հմտացած Բագրատ Եսայան»: «Իրանահայ ոմն Վարուժան Անդրեասյան, Իրանի Իսլամական Հանրապետությունում հավաքագրելով «ԶԵԹ» կառույցին, իր առաջին այցելությունն է ունենում Հայաստան, ուր եւ նախնական պայմանավորվածություններ է ձեռք բերվում ՀՅԴ կուսակցության ներկայիս առաջնորդ Հրանտ Մարգարյանի հետ: Չխորանալով Գլխավոր դատախազությանը չհետաքրքրող Հ. Մարգարյանին դրսից ֆինանսավորելու համար նրանց մեջ ձեռք բերված պայմանավորվածություններին, ես միայն կանդրադառնամ իրենից կոռուպցիա ներկայացնող խնդրին: Ըստ նախնական պայմանավորվածության, Վարուժան Անդրեասյանը, բիզնեսմենի պիտակի տակ ծպտված, Իրանից Հայաստան էր ներկրում արդեն փչացած թռչնամիս եւ այլ մսամթերք: Ապա պատրաստում էր սննդամթերքի փչանալու վերաբերյալ տարբեր տեղեկանքներ եւ այլ համապատասխան փաստաթղթեր: Իսկ դրանց դիմաց Ամերիկա-Հրեական ապահովագրական ընկերությունը ըստ նախնական պայմանավորվածության փոխհատուցում էր կրած վնասների արժեքը: Ստացված գումարները Վարուժան Անդրեասյանը փոխանցում էր Հրանտ Մարգարյանին: Ողջ գործողությունները վերահսկվում եւ կանոնակարգվում էին Իրանում եւ Հայաստանում կենտրոնացված «ԶԵԹ» կառույցի տնտեսական բաժանմունքի կողմից: Հայաստանի անվտանգության հակահետախուզության աշխատակիցների կողմից Վարուժան Անդրեասյանի «առեւանգման եւ 100 հազար ԱՄՆ դոլար գլխագին պահանջելու» շոուն կունենար ցնցող արդյունքներ ոչ միայն ՀՀ-ում, ՌԴ-ում եւ Իրանում, եթե իրոք Հ. Մարգարյանի ամենակարող միջամտության արդյունքում պատկերը չփոխվեր: Վերջինիս պահանջով անսպասելիորեն ձերբակալված եւ դատարանում հայտնված Լեւոն Աբրահամյանն ու իր կոլեգան քիչ ուշ հանդես էին եկել ցուցմունքներով ՀՅԴ կուսակցության ղեկավար Հրանտ Մարգարյանի դեմ, սակայն որպես ընդունված կանոն, դրանք անտեսվել էին դատարանի կողմից: Մեղադրյալները պահանջել էին փակ նիստ եւ փորձել էին հանդես գալ հատուկ հայտարարությամբ, որն ըստ էության, պարունակում էր պետական գաղտնիք»,- նամակում գրում է Մնջոյանը: Ըստ Մնջոյանի, «Դեռեւս 1999 թվականին ԱԱՊՎ նախկին աշխատակից փոխգնդապես Լեւոն Աբրահամյանը ու իր կոլեգան ձերբակալվեցին ՀՀ ԱԱՆ-ի կողմից` «Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի առեւանգելու եւ 100 հազար ԱՄՆ դոլար գլխագին պահանջելու մեղադրանքով»: Միգուցե եւ ՀՀ Գլխավոր դատախազությանն այդպես էլ հայտնի չեղավ, թե ՀՀ հատուկ ծառայության «անտեսանելի ճակատի» մարտիկներն իրենց հատուկ օպերացիաների արդյունքում իրականում ում էին «առեւանգել» եւ ինչ «շահադիտական նկատառումներ էին հետապնդում», սակայն միանշանակորեն կարելի է պնդել, որ Գլխավոր դատախազությունը տիրապետում էր փակ-գաղտնի տեղեկատվությանը, որտեղից էլ արտահոսք էր եղել եւ ինչպես միշտ սաբոտաժի պատճառներից մեկը հանդիսացել: Քիչ ավելի ուշ 250 հազար ԱՄՆ դոլարի դիմաց ՀՀ Գլխ. դատախազության չհրկիզվող պահարանից անհետացել էր «ԶԵԹ» կառույցին հավաքագրված Հրանտ Մարգարյանի մասով եւ ՀՀ անվտանգության համար հույժ կարեւորություն ունեցող թղթապանակը: Չնայած այն հանգամանքին, որ տվյալ թղթապանակի եւ Լեւոն Մկրտչյանի` ժամանակին նշած փակ ծրարներից որոշ կրկնօրինակներ դեռեւս պահպանվում են ԱԱՊՎ նախկին պետ Դավիթ Շահնազարյանի անձնական պահոցում, այնուամենայնիվ, այն հաճախ ՀՅԴ կուսակցության առաջնորդներից ոմանց վերածում է ՀՀՇ-2 վարչականների: Դա ուրիշ հարց, որ ՀՀ Գլխավոր դատախազության շենքի պատուհանագոգում մի պահ դրված 205 հազար ԱՄՆ դոլար պարունակող ճամպրուկի միջից անհետացել էր նաեւ 64 հազար ԱՄՆ դոլար, այն էլ կոռուպցիայի դեմ պայքարող ներկայիս մարտիկներից մեկի մասնակցությամբ: Սակայն դա արդեն Ձեր պրոբլեմն է»,- գրում է Արմենակ Մնջոյանը: Իսկ այսօր ցմահ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՌԴ եւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահների լիազոր ներկայացուցիչների հետ, քանի որ, ինչպես մեկնաբանում է նա, իր պատմածը շաղկապված է ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԴ-ի եւ Իրանի անվտանգության հարցերին: Իսկ իր` մեկուսարանից պարբերաբար ուղարկվող նամակների նպատակն է «հասարակությանն իրազեկել ողջ ճշմարտությունն ու իրողությունը, վերջ դնել անպատժելիությանը, պատռելու համար ազգային հերոսների դիմակները, որոնց տակ թաքնված են փանջունիականության ու ազգի տականքների իրական դեմքերը»:
Մնջոյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմեցինք ՀՀ նախագահին առընթեր Հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանին: Վերջինս, սակայն, չցանկացավ մեկնաբանել Մնջոյանի գրածները՝ պատճառաբանելով, որ ինքը որեւէ մեկի խոսքը կամ որեւէ իրադարձություն չի մեկնաբանում: ՀՅԴ Բյուրոյի ղեկավար Հրանտ Մարգարյանի հասցեին հնչեցված մեղադրանքները չեն մեկնաբանում նաեւ Դաշնակցությունում՝ այդ ամենը համարելով ցնդաբանություն: