Երեւանի քաղաքապետարանում 2005-ից գործող «մեկ պատուհանի» սկզբունքից դժգոհ են ոչ միայն շատ քաղաքացիներ, այլեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով քաղաքապետարան կատարած վերջին այցելության ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին հրապարակավ դժգոհություն հայտնեց քաղաքացիների հետ աշխատելու լուծումը չգտնելու համար:
Մենք անդրադարձել ենք, թե նույն օրն ինչպես էր քաղաքապետարանի մուտքերից այս ու այն կողմ վազում մի ծերունի՝ խնդրելով իրեն ներս թողնել: Ծերունին ցանկանում էր խնդրել քաղաքապետին, որպեսզի իրեն ծերանոց ուղարկեն ու ինքը ստիպված չլինի փողոցներում մնալ այս ցուրտ եղանակին, սակայն քաղաքապետարանի երկու մուտքերը հսկող ոստիկաններն այդպես էլ նրան ներս չթողեցին: Իսկ «մեկ պատուհան» գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանը զարմանքով հարցրեց. «Մեր Առողջապահության վարչությունը չի՞ արձագանքել: Եթե ես տեղեկացված լինեի… ամեն դեպքում իմ պարտքն եմ համարում, որ խնդիրն ինչ-որ ձեւով պարզաբանվի: Առողջապահության վարչությունում 3 հեռախոս կա, եւ կապվելը դժվար չէր, խնդիրը պետք է լսվեր: Ընդունում եմ, դա բացթողում է: Սա նոր կառույց է եւ, վերջին հաշվով, թերություններ էլ կան»,- ասում է պրն Կարապետյանը: Փորձեցինք քաղաքապետի աշխատակազմի ղեկավար Սուրեն Կոշեցյանից որոշ մանրամասներ ճշտել քաղաքացիների ընդունելության եւ նրանց դիմում-բողոքների վերաբերյալ: Ս. Կոշեցյանն առաջարկեց տեղում ծանոթանալ, թե ինչպես են նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնի աշխատակիցներն ընդունում քաղաքացիներին: 30 րոպեն բավարար էր՝ պատկերացնելու համար, թե ինչ է կատարվում այն քաղաքացիների հետ, ովքեր դիմում են նրանց օգնությանը: Նամակների եւ ընդունելության բաժնում, հատուկ ցուցատախտակի վրա փակցված է, թե իրենց դիմող քաղաքացիներն ինչպիսի փաստաթղթեր պետք է ներկայացնեն: Մի քաղաքացի, որը հողն օգտագործում է վարձակալությամբ, դիմել էր քաղաքապետարան՝ այն սեփականաշնորհելու պահանջով: Քաղաքացին, բացի համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց, պարզվեց՝ պետք է նաեւ դիմում գրեր, որի համար աշխատակիցներից «սխալմամբ» թուղթ խնդրեց: Բաժնի պետ Սիաբանդ Բաքոյանը` բարկանալով խորհուրդ տվեց այսուհետ դիմում գրելու համար տանից թուղթ բերել: «Որտե՞ղ եք տեսել, որ դիմում գրելու համար գերատեսչությունից քաղաքացուն թուղթ տան, գնացե՛ք, տեսե՛ք, թե ուրիշ տեղերում էդպե՞ս է,- վրդովված ասաց նա: -Դուք գիտե՞ք, թե մեզ մոտ օրական քանի դիմում են գրում, էդքան թուղթ որտեղի՞ց մեզ»: Բայց երիտասարդը ստիպված էր նորից խնդրել, որպեսզի թղթի համար տուն չվերադառնա: Այս խոսակցությանը ներկա էր նաեւ քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Կարապետյանը, որին պրն Կոշեցյանը հանձնարարել էր մեզ ուղեկցել: Ա. Կարապետյանը՝ մեր ներկայությունից շփոթված, սկսեց նկատողություն անել պրն Բաքոյանին: «Անկեղծ ասած, ինձ համար նկատելի սա միակ դեպքն էր, հակառակ դեպքում այս խնդիրը վաղուց լուծված կլիներ,- արդարացավ նա,- թղթի խնդիր մենք չունենք, մեզ տրամադրում են»: Սակայն Ս. Բաքոյանը շարունակում էր պնդել, որ իրենք թուղթ չունեն քաղաքացիների դիմումների համար:
Քիչ անց բաժնի պետ Բաքոյանին դիմեց մեկ այլ քաղաքացի, որը ցանկանում էր իր հոր փաստաթղթերով հողօգտագործման իրավունք ձեռք բերել: Ս. Բաքոյանը նշեց, որ փաստաթղթերը կիսատ են եւ չեն կարող ուսումնասիրվել: Իսկ քաղաքացին մի քանի անգամ կրկնեց. «Խոսացել եմ Արսենի հետ, ինքը գիտի, դուք վերցրեք, ոչ մի պրոբլեմ չի լինի: Արսենը տեղյակ ա, դուք վերցրեք»,- երկար ժամանակ համոզում էր նա: «Արսեն» անունը լսելուց հետո Ս. Բաքոյանը, որը շարունակում էր պնդել, թե փաստաթղթերը կիսատ են, ընդունեց այն: Իսկ քաղաքացու հիշատակած Արսենը, պարզվեց, քաղաքապետարանի Իրավաբանական վարչության աշխատակից, իրավաբան Արսեն Ամյանն է: Ա. Կարապետյանը դարձյալ ստիպված էր միջամտել եւ թույլ չտալ Բաքոյանին ընդունել փաստաթղթերը՝ նկատելով, որ փաստաթղթերը ոչ միայն կիսատ են, այլեւ անօրինական, եւ քաղաքացին իրավունք չունի ուրիշի փաստաթղթերով, թեկուզ՝ հոր, հողօգտագործման իրավունք ձեռք բերել: Հետո Ա. Կարապետյանն իրենց աշխատանքի կարգապահությունը ցույց տալու համար սկսեց նորից նկատողություն անել պրն Բաքոյանին՝ ասելով. «Դու որտեղի՞ց գիտես, որ նա այդ անձնավորության տղան է, որ վերցնում ես: Ես եմ բերել ենթադրենք, ուրեմն պիտի վերցնե՞ս: Վերջին հաշվով` այլ անձի գույքին վերաբերող գործարք է կատարվում»: «Ես ուղղակի չեմ սիրում, որ քաղաքացիների հերթ է գոյանում»,- պատճառաբանեց Ս. Բաքոյանը:
Ինչեւէ, քաղաքապետի հանձնարարությամբ 51-41-52 հեռախոսահամարով թեժ գիծ է միացվել, որպեսզի քաղաքացիները դիմումների հետ կապված տեղեկատվությունն անմիջապես հեռախոսով ստանան: Ա. Կարապետյանը նշեց, որ քաղաքացիները հիմնականում դիմում են հողօգտագործման իրավունքի ձեւակերպման, հողամասի վարձակալության պայմանագրի կնքման, օտարման, շենք-շինությունների գործարանական նշանակության փոփոխության, ունեցած գույքը 2 մասի բաժանելու, տեղեկանքների տրամադրման, կացարանների եւ բնակարանների տրամադրման, դրամական օգնության եւ սոցիալական այլ բնույթի հարցերով:
Իսկ պատկերացում կազմելու համար, թե ինչպես են քաղաքապետարանի վերոնշյալ բաժնում «լուծում» քաղաքացիներին հուզող հարցերը՝ կատարելով Ռ. Քոչարյանի ու Ե. Զախարյանի պահանջը, կարծում ենք, բավարար են մեր հիշատակած երկու դեպքերը: