Քաղաքացիները նորից դժգոհ են

24/02/2006 Անի ՉԻՏԵՄՅԱՆ, Սոնա ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Վերջին շաբաթվա ընթացքում հինգ տարբեր բժիշկների մոտ եմ եղել, բոլորն էլ շատ ջերմ եւ լավ սպասարկել են, ոչ ոք գումար չպահանջեց: Նույնիսկ լաբորատորիայում անտեղյակ մի քաղաքացու զգուշացրին, որ պոլիկլինիկաներում բոլոր ծառայություններն անվճար են: Անկեղծ ասած՝ զարմացած եմ»,- ասում է Տիրուհի Մարգարյանը, ում մենք հանդիպեցինք Արաբկիր համայնքի թիվ 11 պոլիկլինիկայում: Նրա կարծիքը կիսում էր նաեւ Վաչիկ Սիմոնյանը, ով գտնում էր, որ չնայած սպասարկումն անվճար է, սակայն որակի վրա այս փոփոխությունը որեւէ կերպ չի ազդել:

Չնայած այս ամենին, բողոքներ, այնուամենայնիվ, հնչեցին: Պոլիկլինիկաների միջացքներին անտանելի ցուրտ են: Հայկուհի Սարգսյանը, որ 2-րդ կարգի հաշմանդամ թոշակառու է, դժգոհում էր, որ ցուրտ միջանցքներում սպասելը վտանգավոր է նույնիսկ առողջ մարդու համար: Իսկ քաղաքացիները հաճախ ստիպված են լինում երկար սպասել, քանի որ այս որոշումից հետո բժիշկներին դիմող քաղաքացիների թիվը կտրուկ աճել է: «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի տնօրեն Վարդան Հակոբյանի խոսքերով` տնօրինությունը ցրտի դեմ անզոր է, որովհետեւ պոլիկլինիկաները կենտրոնացված ջեռուցում չունեն, իսկ «էլեկտրականությամբ միջանցքները չես տաքացնի»:

Քաղաքացիները նաեւ բողոքում էին, որ օրենքով իրենց հասանելիք դեղորայքը «կամ ընդհանրապես չի լինում, կամ էլ ամիսներով ուշանում է»: Կիրակոսյան Բուրաստանը պոլիկլինիկա էր եկել թոքաբորբով հիվանդ, 2-րդ կարգի հաշմանդամ ամուսնու՝ Ռաֆիկ Հայրապետյանի համար դեղորայք ստանալու: Նրա խոսքերով` ամուսնուն նշանակված 4 դեղերից միայն երկուսն է ստացել, այն էլ՝ ուշացումով: Մեկ այլ քաղաքացի` թոշակառու Ալբերտ Գեւորգյանն, ասաց. «Ինչքան դեղերի մասին հարցնում ես, ասում են՝ չկա, չենք ստացել, ստիպված գնում ենք»: Ըստ Վ. Հակոբյանի, դժգոհություններն անհիմն են. շատ հիվանդներ իրենք են փորձում բժիշկներին թելադրել, թե իրենց ինչ դեղ է հարկավոր նշանակել: «Նման բան բժշկական պրակտիկայում գոյություն չունի: Հիվանդին մանրամասն քննելուց հետո միայն բժիշկն է իրավասու բուժում նշանակել: Իսկ հիվանդներն իրենք են այս կամ այն դեղը պահանջում»: Հաճախ դժգոհությունների առիթ է դառնում այն, որ քաղաքացիներն անտեղյակ են լինում անվճար դեղորայք ստանալու կարգին եւ պայմաններին: Նշենք, որ Կառավարության 1999թ. ընդունված N 396 որոշման համաձայն, պոլիկլինիկայի համապատասխան մասնագետի նշանակմամբ անվճար դեղորայք ձեռք բերելու իրավունք ունեն 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամները, Հայրենական պատերազմի մասնակիցները, մինչեւ 16 տարեկան հաշմանդամ, մինչեւ 18 տարեկան ծնողազուրկ եւ բազմազավակ ընտանիքների երեխաները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհվածների երեխաները, հաշմանդամներից բաղկացած ընտանիքների եւ մինչեւ երեք տարեկան երեխաները: Դեղերը տրվում են անվճար նաեւ որոշ հիվանդությունների դեպքում (տուբերկուլյոզ, էպիլեպսիա, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետ, հոգեկան հիվանդություններ եւ այլն)՝ անկախ սոցիալական կարգավիճակից: Կառավարության նույն որոշմամբ սահմանվում է նաեւ դեղերի հատկացման կարգը. հիվանդին անվճար դեղ է հատկացվում պոլիկլինիկաներում ստեղծված հանձնաժողովների որոշմամբ:

Ջաղացը թողել՝ ընկել ենք չախմախի հետեւից

Պոլիկլինիկաների անվճար բուժսպասարկման վերաբերյալ, սակայն, բոլորովին այլ կարծիք ունեին բժիշկները: Ստորեւ ներկայացնում ենք նաեւ նրանց տեսակետները:

Չոբանյան Սուսաննա. – Մարդու համար ամենաթանկ բանն առողջությունն է, ինչպե՞ս կարող է դա անվճար լինել: Անվճար պետք է լինի այն մարդկանց համար, ովքեր ի վիճակի չեն վճարել, իսկ նման մարդիկ մեր հասարակության մեջ, ցավոք, շատ կան: Բայց մի մասը հո կարո՞ղ է վճարել: Առաջ տնային կանչի համար բնակիչը վճարում էր 1500 դրամ: Բնականաբար, այդ գումարը մեր գրպանը չէր գնում, դրանով լուծվում էին պոլիկլինիկայի խնդիրները. էլեկտրաէներգիա, վերելակ: Աշխարհում ցանկացած հավասարեցում սխալ է. մարդիկ ծնվում են անհավասար, ապրում են անհավասար. հավասարեցման տակ գցելը սոցիալիզմի օրենքներից մեկն էր, իսկ սոցիալիզմը մենք վաղուց անցել ենք: Ի՞նչ է նշանակում` պոլիկլինիկան անվճար պետք է լինի, ստացիոնարը՝ վճարովի: Մեր հիվանդներն էլ մտածում են՝ եթե այս բժիշկները լավը լինեին՝ նրանց մոտ անվճար չէր լինի: Մարդիկ մտածում են. «Հիմա անվճար է, դե թող բժիշկները վազեն»: Ամբողջ աշխարհում ամենալավ ապրող եւ բարձր վստահություն ներշնչող մարդիկ բժիշկներն են, իսկ մեզ մոտ բժշկի բարոյական կերպարը զրոյի են հավասարեցնում: Ամեն ինչ արվում է բժիշկների դեմ: Բոլոր ԶԼՄ-ները կարծես հատուկ հակաքարոզչություն են կազմակերպել մեր դեմ: Ասես այս երկրում ամեն հարց լուծվել է, բժիշկներն են մնացել:

Խաչոյան Սվետլանա. – Հիմա պոլիկլինիկայի բժիշկների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է. ինչ-որ արհամարհական բան կա. «ձրի ա, թող գա, ի՞նչ ա եղել, որ»: Իսկ առաջ իրենք էին գալիս: Կարդիոգրաման նայելու համար բժշկին կանչ են գրում, ո՞վ է նման բան տեսել: Հետո երբ բժիշկը հարցնում է՝ «բայց ես էի ձեզ պոլիկլինիկա կանչել», դժգոհում են՝ «էս ցուրտ եղանակին ես ո՞նց գամ»: Հիմա արդեն մեզ ասում են, որ մենք պետք է դեղը ստանանք, տանենք իրենց տուն: Ասում են. «Մենք հերթ կանգնողը չենք»:

Աղաջանյան Սվետլանա. – Հեռուստատեսությամբ եւ ռադիոյով բժշկին հանցագործի դերում են ներկայացնում: Հեռախոսահամար են տալիս, ասում են՝ հենց փող ուզեն, զանգեք: Կարծես ամենակոռումպացվածը բժիշկներն են: Խնդիրը գիտե՞ք որտեղից է գալիս՝ համատարած գործազրկությունից: Աշխատունակ ազգաբնակչությունը՝ 19-65 տարեկան, պետք է գործ ունենա, որ պահի թե՛ ծերին, թե՛ երեխային ու թե՛ պետությանը: Այ, իսկական պետությունը դրանով պիտի զբաղվի: Մի հին խոսք կա՝ «ջաղացը թողել ենք, ընկել ենք չախմախի հետեւից»: Մինչեւ երկիրը չաշխատի, մենք արդյունաբերություն չունենանք, ոչ մի բան չենք ունենա: Մի օր բժիշկներին հանցագործ կսարքենք, մի օր էլ՝ ուրիշներին: Բժշկից լավ ո՞վ ա իրա հիվանդին ճանաչում, էնքան բժիշկ կա, որ անգամ հաց ա տարել իր հիվանդներին: Առաջ էլ անվճարունակ խավերը չէին վճարում: Իսկ հարուստը, մի մոռացեք, երբեք չի վճարել ու չի վճարի: Նրանք իրենց ամբողջ կապերը կօգտագործեն, պետպատվերի տակ կանցնեն ու էլի չեն վճարի: