«Հայաստանի եվրոպական հեռանկարը» թեմայով կլոր սեղան էր կազմակերպվել Երեւանի պետական լեզվաբանական համալսարանում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ամբիոնի նախաձեռնությամբ։ Հանդիպման սկզբում համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը նշեց, որ այս թեման շատ ընդգրկուն է, եւ քննարկումները մեկ հանդիպման շրջանակներում չեն կարող սպառվել։
Կլոր սեղանին մասնակցում էին ՀՀ արտգործնախարարի խորհրդական Աշոտ Ոսկանյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը, դասախոսներ, ուսանողներ։ Նախարարի խորհրդականն իր` «Արդյո՞ք Հայաստանը Եվրոպա է» զեկույցում նշեց, որ նախ եւ առաջ կարեւոր է որոշել, թե արդյոք մենք` հայերս, մեզ ընկալո՞ւմ ենք որպես եվրոպացիներ եւ ինչո՞վ է մեր մտածողությունը տարբերվում եվրոպականից։ Աշոտ Ոսկանյանը կարծում է, որ Հայաստանը Եվրոպա չէ, սակայն մեծ ցանկության դեպքում կարող է դառնալ։ Հայաստանն այսօր ենթարկվում է մոդեռնիզացիայի, բայց պետք է նկատի ունենալ, որ մոդեռնիզացիան, բացի արտաքին կողմից (տնտեսական, քաղաքական), պետք է ունենա նաեւ ներքին կողմ, որը կենսական աշխարհն է։ Եվրոպացիների համար հասարակությունը համարվում է զարգացած, եթե այդ հասարակության ավանդույթներն իմաստավորվում են քննադատաբար, եթե հասարակության տարբեր սոցիալական խմբերի միջեւ կա համերաշխության բարձր աստիճան, իսկ անհատները կանխատեսելի են, քանի որ ապրում են ըստ սկզբունքների։ Համեմատելով եվրոպական եւ հայկական հասարակությունները` պրն Ոսկանյանը եզրակացրեց, որ հայերը զարգացած հասարակության այս չափորոշիչներին չեն համապատասխանում։ Օրինակ, եթե եվրոպացին իր ավանդույթները քննադատում եւ արժեւորում է, ապա հայի համար ավանդույթը անձեռնմխելի է, ավանդույթին կպչելը համարվում է սրբապղծություն։
Թեպետ հայերի եւ եվրոպացիների մենթալիտետները ծայրահեղորեն տարբեր են, այնուամենայնիվ, ըստ պրն Ոսկանյանի` դրանից ողբերգություն սարքելու կարիք չկա. կարեւորը եղած տարբերություններն արձանագրելն է։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը խոսեց Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարների մասին։ Ըստ նրա` մեր արտաքին քաղաքականության մեջ վերջին տարիներին եվրոպական ուղղությունը գնալով կարծրանում է եւ ավելի ընդունելի դառնում քաղաքական շրջանակների համար։ Պրն Թումանյանը փոքրիկ պատմական էքսկուրս կատարեց` մատնանշելով բոլոր կարեւոր իրադարձությունները եվրաինտեգրման ճանապարհին։ Ձեռքբերումների շարքում նա հատկապես նշեց. «Պատկերացնելու համար, թե եվրոինտեգրման տնտեսական քաղաքականությունն ինչ բնագծի է հասել` միայն 1 թիվ նշեմ. 2005-ի տվյալներով` ՀՀ էքսպորտի 46%-ը դեպի Եվրամիություն է»։
Այն մարդկանց, ովքեր թերահավատ են, թե արդյոք արժե՞ ինտեգրվել Եվրոպա եւ ինչո՞ւ հատկապես Եվրոպա, պրն Թումանյանը պատասխանեց. «Ապա ո՞ւր, եթե ոչ Եվրոպա»։ Վերլուծելով ստեղծված աշխարհաքաղաքական վիճակը` պրն Թումանյանն ասաց, որ Հայաստանի համար ավելի պայծառ այլընտրանք չի տեսնում։ Ըստ նրա` եվրոպական ուղղությունն ամենաանվտանգն է. «Եվրոպական ուղղությունն ամենաքիչ քաղաքական խանդ առաջացնող ուղղությունն է, որովհետեւ, կարծես թե, եվրոպական չափանիշներին եւ արժեքներին հակադրվելու լուրջ տրամադրություններ չկան»։
Հանդիպումը եզրափակեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը։ Նա խոսեց հայ ինքնության ձեւավորման մասին Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։ Պրն Զոլյանի կարծիքով` հայերին պայմանականորեն վիճակված է արեւելյան եւ արեւմտյան արժեհամակարգերի սինթեզը, ինչը, նրա համոզմամբ, ամենեւին չի նշանակում նմանակում։