Արագած լեռան փեշերից ոչ հեռու գտնվող Վարդաքար գյուղն, արդեն քանի տարի է, գարնանային հալոցքների ընթացքում հեղեղվում է, քանզի սարից իջնող վարարած ջուրն անցնում է գյուղի տարածքով: Գյուղապետ Սամվել Պապիկյանը մտավախություն ունի, որ այս տարի եւս վնասներն անխուսափելի կլինեն: Գյուղապետի խոսքերով, իրենք նախապատրաստական որոշ աշխատանքներ կատարում են, սակայն վտանգը կասեցնելու կամ նվազագույնի հասցնելու համար հարկավոր է իրականացնել գետի հունի հիմնավոր մաքրման աշխատանքներ, ինչը մեծ գումարներ եւ համապատասխան տեխնիկա է պահանջում: Պապիկյանի հավաստմամբ` 15 մլն դրամ պարտք ունեցող գյուղը պատրաստ է այս աշխատանքների համար միայն մարդկային ռեսուրսներ տրամադրել: