1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ 20-րդ գումարման պատգամավորների խորհրդի պատմական արտահերթ նիստում որոշում ընդունվեց դիմել Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին, խնդրելով` ըմբռնումով վերաբերվել ԼՂԻՄ-ի հայ բնակչության ձգտումներին եւ լուծել Ադրբեջանական ԽՍՀ կազմից ԼՂԻՄ-ի դուրս գալու եւ հայկական ԽՍՀ-ին միանալու հարցը:
Միաժամանակ նստաշրջանը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ կոչ անելով երաշխավորել հարցի լուծումը: Ղարաբաղյան շարժման առաջին 6-7 տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում թեեւ ԼՂ-ն այսօր փաստացի անկախ պետություն է, սակայն անցած 18 տարիների ընթացքում հիմնահարցն այդպես էլ լուծում չստացավ, եւ «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը շարունակվում է արդեն մոտ 12 տարի: Հակամարտության կարգավորման բանակցություններում էական առաջընթաց այդպես էլ չի արձանագրվում: Համաշխարհային հանրությունը հարցի կարգավորման գործում բեկում էր ակնկալում նախանցած շաբաթ Ռամբույեում տեղի ունեցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններից, սակայն, ինչպես հայտնի է, մինչ այդ բանակցությունները շարունակ հնչող լավատեսական հայտարարություններին հաջորդեցին արդեն հիասթափություն եւ ափսոսանք արտահայտող հայտարարությունները: Փաստ է նաեւ, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ 1997-ին հրապարակված հայտնի հոդվածից հետո մինչ օրս ԼՂ խնդրի լուծման որեւէ կոնկրետ ճանապարհ քաղաքական ուժերի կողմից չի առաջարկվել եւ որեւէ լուրջ բանավեճ կամ վերլուծություն այդ հարցով չի եղել: Այս ամենի ֆոնին բավականին հետաքրքիր է երեկ ԼՂ խնդրին եւ հարակից հարցերին նվիրված «Regnum»-ի՝ «Ղարաբաղյան խնդրի գերիները՝ Ռամբույեի տապալման պատճառ» վերնագրով հրապարակած վերլուծությունը, որի հեղինակը Հարավային Կովկասի երկրների հարցերով փորձագետ Վիկտոր Յակուբյանն է: Վերջինս իր այդ հրապարակման մեջ կարծիք է հայտնում, թե Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ ԼՂՀ գործոնն ունի մի ունիկալ հատկություն. այն ազդում է Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական գործիչների ճակատագրի վրա՝ միեւնույն ժամանակ մնալով նրանց հնարավորություններից դուրս: «Մյուս կողմից էլ ԼՂՀ գործոնը պահանջում է ներքաղաքական կայունություն թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Այն չի սիրում վարդագույն եւ նարնջագույն գույներ: Ադրբեջանի պարագայում ղարաբաղյան գործոնը հրաշքներ է գործում. այն ստիպում է քաղաքագետներին ասել այն, ինչ անհրաժեշտ է: Այն գրում է քաղաքական ծրագրեր եւ պլատֆորմներ ստեղծում: Նման ձեւով վերջին 15 տարիների ընթացքում ստեղծվել են երկու խիստ քաղաքական հենքեր»,- կարծում է փորձագետը: Այնուհետեւ հոդվածագիրը «Հայաստանի նախագահ կամ կայունության գերի» ենթավերնագրի տակ ներկայացնում է վերոնշյալ հենքերից առաջինը: Վ. Յակուբյանի գնահատմամբ՝ քաղաքական ոչ մի գաղափար, որն ի վիճակի է փողոց հանել վրացիներին կամ ուկրաինացիներին, չի ստանա հայերի աջակցությունը, եթե այն թեկուզ մի պահ կասկածի տակ առնի այդ հենքի կայունությունն ու անխախտությունը: «Հայաստանի ղեկավարության՝ գործնականում բոլոր քայլերն ուղղված են արտաքին եւ ներքին քաղաքական բալանսի պահպանմանը: Տարածաշրջանի երկրներում եւ նրանց հարեւան երկրներում յուրաքանչյուր անկանխատեսելի քայլերն ու պրոցեսները Երեւանում խիստ լարվածություն են առաջացնում»,- գտնում է նա ու հավելում, թե Վրաստանը հանգստության խախտողն է, իսկ Իրանը՝ պոտենցիալ թիրախը: Եվ այս առումով, ըստ նրա, Երեւանը շատ բան կտար, որպեսզի ազատվեր այդպիսի հարեւանությունից: Ըստ մեկնաբանի, ինչքան էլ պարադոքսալ թվա, Հայաստանի համեմատաբար կայուն եւ կանխատեսելի հարեւաններն Ադրբեջանն ու Թուրքիան են: Ադրբեջանն` այն պատճառով, որ նրա քաղաքական հենքն էլ է կապված Ղարաբաղի հետ, իսկ Թուրքիան էլ երկաթյա վարագույրով անջատված է Հայաստանից: «Հայաստանում նույնիսկ տեսակետ կա, որ եթե նույնիսկ Թուրքիան հանկարծ որոշի բացել սահմանը Հայաստանի հետ, ապա այն անմիջապես պետք է փակել հայկական կողմից: Նման պատկեր է նաեւ ներքաղաքական դաշտում»,- կարծում է Վ. Յակուբյանը: Վերջինիս գնահատմամբ՝ ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ռացիոնալ եւ զգուշավոր քաղաքական գործիչ է, ամբողջ ուժերով հավասարակշռում է ռուսական եւ արեւելյան ուղղություններով քաղաքականությունը, խիստ վերահսկում է ուժային կառույցները եւ, որ ամենաառանցքայինն է՝ ղարաբաղյան հարցը: «Կարելի է վստահաբար ասել, որ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը հնարավոր չէ թուլացնել այնքան ժամանակ, մինչեւ նա շրջադարձ չկատարի արտաքին քաղաքականությունում, չկորցնի վերահսկողությունն ուժային կառույցների նկատմամբ կամ էլ բաց չթողնի ղարաբաղյան թելը»,- գտնում է վերլուծության հեղինակը, ով նաեւ գտնում է, թե հայաստանյան ընդդիմությունը դատապարտված է անհաջողության, եթե այն չի առնչվում վերոնշյալ երեք ուղղությունների հետ: «Այս փակ շրջանում ընդդիմության համար տեղ չկա այնքան ժամանակ, մինչեւ այն ռիսկի չդիմի վերցնել իր վրա ճակատագրական պատասխանատվություն, ինչն այն ակնհայտորեն չի շտապում անել»,- կարծում է Վ. Յակուբյանը: Նրա կարծիքով՝ թեեւ ներքաղաքական կյանքում ամեն ինչ հանգիստ է, սակայն դա թվացյալ է. տեղի են ունենում 2007-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստման գործընթացներ: Հոդվածագիրը գտնում է, որ ՀՀ հաջորդ նախագահի ամենահավանական թեկնածուն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն է: Իր այս տեսակետը նա հիմնավորում է նրանով, որ Ս. Սարգսյանը՝ հանդիսանալով նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, արդյունավետորեն վերահսկում է ներքին ռազմաքաղաքական դաշտը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան գործոնին, այս հարցում Ս. Սարգսյանը համարվում է նախագահի զինակիցը: «Ս. Սարգսյանն ինչ-որ իմաստով համարվում է այլընտրանքային անձնավորություն»,- համոզված է փորձագետը: Իսկ ահա «Ադրբեջանի նախագահը կամ խնդրի գերին» ենթավերնագրի տակ էլ Վ. Յակուբյանը նշում է, թե ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում ղարաբաղյան գործոնով գործում են քաղաքական բոլոր ուժերը. թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը: «Հավանաբար հենց դրանում էլ կայանում է նրա վտանգավորությունը, քանի որ, թեեւ դանդաղ, սակայն այդ գործոնը հավաքում է կրիտիկական մասսա, իսկ ղեկավարող էլիտան մինչեւ վերջ չի պատկերացնում, թե հետո կոնկրետ ինչպես այն պետք է գործի»,- նշում է փորձագետը, ում համոզմամբ՝ ժամանակը ցույց է տալիս, որ ԼՂ հարցը կարող է լուծվել միայն մեկ ճանապարհով. այն պետք է դադարի լինել խնդիր-գործոն, որը քաղաքական համակարգերին եւ առանձին քաղաքական գործիչներին դրդում է խիստ կոնստրուկցիաների: «Ղարաբաղը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման պրոցեսը պետք է հանել համաշխարհային սովորական մեխանիզմների գործողության դաշտից: Ղարաբաղյան հակամարտությունը, որը որոշում է տարածաշրջանում քաղաքական եղանակը, պահանջում է խոր վերլուծություն եւ թարմ մոտեցում»,- իր վերլուծական հոդվածն այսպես է ավարտում Հարավային Կովկասի երկրների հարցերով փորձագետը: