Պուտինն Ադրբեջանում

22/02/2006

Այսօր Վլադիմիր Պուտինը կմեկնի Բաքու` մասնակցելու Ադրբեջանում Ռուսաստանի տարվա բացման արարողությանը: Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության (ՄԱԺՃԿ) միջազգային հարցերով քարտուղար Էլչին Միրզաբեյլին գտնում է, որ Պուտինի այցն Ադրբեջան կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի երկրների համար: Ըստ նրա, Ռամբույեի բանակցություններից հետո, ԼՂՀ հակամարտության քննարկումը ՌԴ նախագահի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում կարեւոր նշանակություն ունի: «Վերջին ժամանակներս ՌԴ-ն ակտիվ գործունեություն է ծավալել իր ազդեցությունը տարածաշրջանում ամրապնդելու ուղղությամբ: Պաշտոնական Մոսկվան բավական ակտիվ է G8 հանդիպման շրջանակներում: Պուտինի առաջիկա այցը կարեւորվում է ողջ Հարավային Կովկասի համար՝ որոշ հարցեր պարզաբանելու առումով: Ակնկալվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի Պուտինի հայտարարությունը ԼՂՀ հակամարտության եւ ԱՊՀ տարածքի այլ հակամարտությունների վերաբերյալ»,- նշել է նա: Միաժամանակ, վերջինս ընդգծել է, թե չի հավատում, որ Պուտինի Բաքու կատարելիք այցի ընթացքում առաջընթաց կարձանագրվի ԼՂՀ հարցում, քանի որ «ՌԴ-ն իր ռազմավարական շահերը պաշտպանում է հակամարտությունների միջոցով»: