Չնայած զբոսաշրջության բնագավառում մեծ ներուժին՝ Հայաստանն այսօր աննշան տեղ է գրավում այդ բնագավառում։ Միջազգային կազմակերպությունների գնահատականներով՝ այսօր հանրապետությունն ի վիճակի է ընդունելու 500.000 օտարերկրացի զբոսաշրջիկների, սակայն այստեղ գալիս են տարեկան մոտ 260.000 մարդ։
Այս տարի Հայաստանը վճռական քայլեր է ձեռնարկել զբոսաշրջիկներին իր երկիր գրավելու ուղղությամբ։ CNN, BBC, Euronews հեռուստաալիքներով լայնածավալ գովազդային ակցիաներ կանցկացվեն, որոնց նպատակը զբոսաշրջիկներին Հայաստանը ներկայացնելն է։ Արդեն մշակված եւ հաստատված է «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխան տուրիզմի կենտրոն է» ծրագիրը։ Դրա շրջանակներում նախատեսված է քաղաքում բացել նոր սրճարաններ, ռեստորաններ, հանգստի վայրեր։ Միայն CNN-ով եվրոպական երկրներում մի քանի շաբաթ եթեր տրվող գովազդը կարժենա 350.000 դոլար։ Բացի դրանից, այս տարի Ծաղկաձորի զարգացման համար Հայաստանի պետբյուջեով նախատեսված է 29 մլն դրամ։