Ազգային անվտանգության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ներկայացրել է անվտանգության հայեցակարգի «կմախքը»: Նա նշել է, թե մշակվող փաստաթուղթը ոչ թե հայեցակարգ է, այլ ռազմավարություն: «Այլ խնդիր, որ այս փաստաթղթից ծնվելու է ռազմական դոկտրին: Ռազմական դոկտրինի մասեր կան, որ գաղտնի են լինելու, եւ յուրաքանչյուր գերատեսչություն ինքն է որոշում իր ինֆորմացիայի գաղտնիությունը: Եթե անհրաժեշտություն լինի, նույն տնտեսական անվտանգության բնագավառում կարող են լինել գաղտնի մասեր»,- ասել է նա: Վերջինիս կարծիքով` սա լինելու է ճկուն փաստաթուղթ, որն անհրաժեշտության դեպքում կարող է ենթարկվել փոփոխության: Հանձնաժողովի նիստին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները եւ ԱԺ «ՄԱԿ» խմբակցության ղեկավարը: Իսկ ընդդիմությունից որեւէ մեկը չի մասնակցել նիստին: