Կայզերի թուրքական քաղաքի քաղաքագլուխ Օսման Գյունեշը հերքել է այն տեղեկությունները, թե օրերս հարձակում է կատարվել տեղի հայկական եկեղեցու վրա: Մի քանի օր առաջ Պոլսո պատրիարքարանը հաղորդել էր, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրա 10 գնդակ է արձակվել, իսկ եկեղեցու դեմ խմբված մարդիկ հակաքրիստոնեական կարգախոսներ են վանկարկել: «Նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է քաղաքագլուխը: Միաժամանակ նա հայտնել է, որ փետրվարի 9-ին ոստիկանությունը զննել է եկեղեցին եւ հայտնաբերել գնդակի երկու անցք հետեւի դռան վերեւում: «Անհնար է որոշել, թե երբ են արձակվել գնդակները: Ինչ վերաբերում է հակաքրիստոնեական կարգախոսներին, ապա նման բան ընդհանրապես չի եղել»,- պնդել է Գյունեշը: