Հույսը վերջինն է մեռնում

18/02/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Համենայն դեպս, ինչպես ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում երեկ խոստացավ Արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները. «Մենք չենք ֆինանսավորի տարածաշրջանի որեւէ ծրագիրը, որից դուրս մնա Հայաստանը»: ԵԱՀԿ նախկին նախագահն իր նոր պաշտոնը ստանձնելուց հետո երեկ առաջին անգամ այցելել էր Հայաստան: Տիկին Ֆերերո-Վալդները մտադիր է հանդիպել Հարավային Կովկասի երեք երկրների նախագահների հետ եւ հստակեցնել տարածաշրջանի «սառեցված հակամարտությունները» եւ էներգետիկ անվտանգությանն առնչվող խնդիրները: Նրա խոսքերով, Եվրամիությունը դեմ չէ Հայաստան-Իրան գազամուղի կառուցմանը: «ԵՄ-ն հանդես է գալիս Հայաստան էներգակիրների ստացման աղբյուրների դիվերսիֆիկացման օգտին»,- հայտարարեց տիկին Ֆերերո-Վալդները: Բացի այդ, Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրերի շրջանակներում ԵՄ-Հայաստան համագործակցությունը լիարժեք իրականացնելու համար Թուրքիայի առաջ կրկին կդրվի սահմանի բացման խնդիրը: «Դա հարց է, որը պետք է լուծվի բանակցությունների գործընթացում»,- կարծիք հայտնեց տիկին Ֆերերո-Վալդները:

ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն այնքան էլ ոգեւորված չէ այս ամենով եւ երեկ հերթական անգամ հայտարարեց, որ իրենք չեն տեսնում Հայաստանի հետ սահմանը բացելու պաշտոնական Անկարայի փոքր ցանկությունն անգամ: «Մենք գտնում ենք, որ սահմանների բացման հարցը պետք է ներառվի Թուրքիայի հետ ԵՄ բանակցությունների օրակարգում, քանի որ հարեւան երկրների հետ նորմալ հարաբերությունները Եվրամիությանն անդամակցման պարտադիր պայման է,- Թուրքիայի անունը լսելուն պես խրոխտ ձայնով հայտարարեց Վ. Օսկանյանը`ավելացնելով,- մենք փոփոխություններ չենք տեսնում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշման մեջ»:

Չնայած Ռամբույեում Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ժամանակ արձանագրված անորոշությանը, Բենիտա Ֆերերո-Վալդները դեռեւս լավատեսությունը չի կորցրել եւ կարծում է, որ 2006-ին կարող է լուրջ առաջընթաց արձանագրվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Վերջինս, մինչեւ Երեւան ժամանելը, Բաքվում հայտարարել էր, թե ԵՄ-ն պատրաստ է աջակցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: «Եթե մեզ դիմեն, կօգնենք»,- երեկ վերստին հայտարարեց նա` այդպես էլ չմանրամասնելով, թե ինչպես կարող են օգնել հակամարտող կողմերին: Ըստ տիկին Ֆերերո-Վալդների` ԵՄ-ն կարեւորում է ոչ միայն համանախագահների մասնակցությունը գործընթացին, այլեւ հակամարտող կողմերի առավել մերձեցմանը նպաստող առաջարկությունների առաջադրումը: Իսկ Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց, թե այդ հարցում իրենք բավական լուրջ ակնկալիքներ ունեն: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` ԵՄ-ն ՀՀ-ին կարող է օգնել ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով: Տեսական առումով, Օսկանյանի կարծիքով, եվրոպական կառույցներին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ինտեգրումը, տվյալ գործընթացի հետեւողական խորացումը եւ ԵՄ-ին անդամակցության հեռանկարը կարող է նպաստավոր մթնոլորտ ստեղծել հակամարտության կարգավորման համար: Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից ցուցաբերվելիք հնարավոր գործնական օգնությանը, ապա Վ. Օսկանյանի ասելով` դրանք կարող են լինել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովումը, խաղաղապահների տեղակայումը, ինչպես նաեւ` հակամարտության կարգավորումից հետո տարածքների վերականգնումը: «Ապագայում ես ԵՄ կողմից տվյալ հարցի առնչությամբ բավականին լուրջ աջակցություն եմ տեսնում,- ասաց նա` ավելացնելով,- այսօր մենք վստահության շատ լուրջ դեֆիցիտ ունենք: Մեր երկու ժողովուրդներն այսօր բացարձակ չեն վստահում միմյանց, իսկ առանց այդ վստահության առավել բարդ է լինելու ԼՂ հիմնախնդրի կարգավորումը»:

Ի դեպ, Եվրամիությունը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի խնդիրը կկարգավորվի բացառապես դիվանագիտական ճանապարհով: Ըստ ԵՄ Արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար տիկին Բենիտա Ֆերերո-Վալդների` «ԵՄ-ն բանակցություններ է վարում Իրանի ղեկավարության հետ: Մենք հուսով ենք, որ Իրանը կօգտվի ՌԴ տարածքում միջուկային վառելիքի վերամշակման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջարկությունից: Մենք նաեւ ակնկալում ենք, որ Իրանն իրեն մեկուսացման մեջ չի դնի»: