2005-ի դեկտեմբերի 19-ին, ժամը 20։30-ի սահմաններում Էրեբունի փողոցի 20 հասցեում գործող սեփական գրավատանը («Ռոբերտ Մարության» ՍՊԸ) հայտնաբերվել էր ընկերության տնօրեն, 1948-ին ծնված, «Տոտիկ» մականունով, Ռոբերտ Արամայիսի Մարությանի դիակը։
Դեպքի վայր մեկնած Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների Ոստիկանության եւ Դատախազության օպերատիվ-քննչական խմբի աշխատակիցները ՍՊԸ-ի իր աշխատասենյակում հայտնաբերել էին տնօրենի դիակը, գլխի եւ մարմնի մասերում բութ գործիքից ստացած վնասվածքներով։
Ըստ մեր տեղեկությունների, իրավապահները սպանվածի մոտ հայտնաբերել են 3900 ԱՄՆ դոլար, մեծ քանակությամբ ոսկյա եւ արծաթյա զարդեր, տարբեր տեսակի բջջային հեռախոսներ։ Ի դեպ, գրավատունն ունեցել է 1000-ից ավելի գրավատուներ, որոնք այս օրերին հարցաքննվում են հարուցված քրեական գործի շրջանակներում։ Սպանություն կատարողը կամ կատարողները, սակայն, այդ արժեքներին ձեռք չեն տվել, ինչը քննչական խմբի մոտ առաջացրել է նաեւ այն վարկածը, թե Ռ. Մարությանին սպանել են վրեժխնդիր լինելու նպատակով։ Հետաքրքիր է նաեւ այն, որ հանցանքը կատարելու պահին գրավատան մեկ այլ սենյակում է եղել նաեւ Ռ. Մարությանի կրտսեր որդին՝ Ռոմիկը, որն իրավապահներին հայտնել է, որ ոչ մի աղմուկ չի լսել։ Ի դեպ, Ռ. Մարությանի ավագ որդին աշխատում է Երեւանի կայազորի Զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ։ Ըստ մեր տեղեկությունների` Ռ. Մարությանը գրավատանը կից ունեցել է սեփական հյուրանոցային համալիր, խինկալանոց, ինչպես նաեւ` նրան է պատկանել նույն հասցեում գրանցված «Մարգարիտ-Ֆենյա» ՍՊԸ-ում գործող «ՌԻՉ» տաքսի ծառայությունը։ Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում հարուցվել է քր.գործ՝ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի հատկանիշներով, իսկ Ոստիկանությունն ու Դատախազությունը հանդես են եկել հայտարարությամբ. սպանությունը կատարողի վերաբերյալ տեղեկություն հայտնողին «Ռոբերտ Մարության» ՍՊԸ-ն խոստանում է դրամական խոշոր պարգեւ, գաղտնիությունը երաշխավորվում է։
Մեկ այլ կատարված սպանության համար էլ դրամական խոշոր պարգեւավճար է խոստացել «Հայինկասացիա» ՓԲԸ-ն։ Խոսքը սույն թվականի փետրվարի 3-ին Կոմիտաս փողոցի 22 շենքի մոտ տեղի ունեցած սպանության մասին է։ Ժամը 19։30-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք զինված հարձակում են կատարել «Հայինկասացիա» ՓԲԸ-ին պատկանող ՎԱԶ- 2106 մակնիշի 222ՏԼ01 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ-ինկասատոր, 1957-ին ծնված Ալեքսան Դավթյանի վրա, երբ ինկասատոր Երեմ Բարսեղյանը մտել էր Կոմիտաս 22 հասցեում գործող «Աերոբրոկ» ՍՊԸ-ին պատկանող տարադրամի փոխանակման կետ։ Հանցանգործն իր մոտ եղած «ՏՏ» տեսակի ատրճանակով 2 անգամ կրակել է Ա. Դավթյանի գլխին, դիակը նետել փողոց, ապա առեւանգել «Ինկասացիային» պատկանող ավտոմեքենան, որի մեջ եղել է Արաբկիր համայնքում գործող բանկային 9 կազմակերպություններից հավաքված 160 հազար ԱՄՆ դոլար։ Ոստիկանությունը, նույն օրը, ժամը 23։30-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցում հայտնաբերում է առեւանգված ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվում են «ՏՏ» տեսակի ատրճանակի 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական կենտրոն՝ դատաձգաբանական-դատահետքաբանական փորձաքննության։
Ի դեպ, ՀՀ Գլխավոր դատախազությունն ու Ոստիկանությունը խոշոր դրամական պարգեւավճար էին խոստացել 2005-ի մարտի 24-ին տեղի ունեցած հանցագործության փաստով։ Այդ օրը Խորենացի 3 հասցեում գտնվող Մաքսային կոմիտեի վարչական շենքի դիմաց անհայտ առարկա էր պայթել, ինչի հետեւանքով վնասվել էր մայթեզրին կայանված Մաքսային կոմիտեի նախագահ՝ Արմեն Ավետիսյանի ծառայողական «BMW-745» մակնիշի 025ԼԼ55 պետհամարանիշի ավտոմեքենան։ Իրավապահ մարմինները հանդես են եկել նաեւ հայտարարությամբ` խոստանալով դրամական պարգեւավճար, եթե քաղաքացիները օպերատիվ-քննչական խմբին կհայտնեն ինֆորմացիա, կատարված այնպիսի քրեական հանցագործությունների վերաբերյալ, ինչպիսիք են Տիգրան Նաղդալյանի, Վարդգես Պետրոսյանի, Վահրամ Խոռխոռունու, Կարեն Մկրտչյանի, Գագիկ Պողոսյանի սպանությունները։ Սակայն հանրությանը ոչ մի տեղեկություն չի հաղորդվում պարգեւավճարի հանձնման վերաբերյալ։