Ծերանոցում հրդեհից մարդ է մահացել

18/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Փետրվարի 12-ին, ժամը 10-15-ի սահմաններում Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության «Նորքի տուն-ինտերնատում» արտակարգ դեպք է գրանցվել:

Մեր տեղեկություններով՝ տուն-ինտերնատի առաջին հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որը ողբերգական հետեւանք է ունեցել: Մահացել է 1935թ. ծնված Ռոզա Ավետիսյանը: Դեպքի մասին մանրամասներ ճշտելու համար դիմեցինք տուն-ինտերնատի տնօրեն Անդրանիկ Դանիելյանին: Վերջինիս հավաստմամբ՝ հրդեհի մասին աշխատակիցներն իմացել են տուն-ինտերնատում տեղադրված հակահրդեհային համակարգի ահազանգի միջոցով, որից անմիջապես հետո զանգահարել են հրշեջ ծառայություն: Ա. Դանիելյանը նշեց, որ տուն-ինտերնատի աշխատակիցները հրդեհը կարողացել են մարել մինչեւ հրշեջ մեքենաների ժամանումը: Ըստ նախնական վարկածի, հրդեհը բռնկվել է այրված ծխախոտի հետեւանքով: Ա. Դանիելյանը հրաժարվեց մանրամասն տեղեկություններ հաղորդել՝ պատճառաբանությամբ, թե գործը գտնվում է նախաքննության փուլում: Այդուհանդերձ, նշենք, որ «Նորքի տուն-ինտերնատում» բնակվում են 220 տարեցներ, որոնցից 136-ը` կանայք, իսկ 84-ը՝ տղամարդիկ են: Հրդեհը բռնկվել է բուժական մասում գտնվող հատուկ սենյակում, որտեղ տարեցներին բուժօգնություն է ցուցաբերվում: Սենյակում, բացի Ռոզա Ավետիսյանից, եղել է Գրետա անունով մի տարեց կին: Ա. Դանիելյանը վկայեց, որ 71-ամյա Ռ. Ավետիսյանը ծխախոտ է օգտագործել, սակայն խուսափեց դեպքը որակել որպես դժբախտ պատահար կամ դիտավորություն, քանի որ դեպքի մանրամասները դեռեւս ճշտվում են: Ռ. Ավետիսյանը տուն-ինտերնատում բնակվում է 2005-ի սեպտեմբեր ամսից եւ, ինչպես բոլոր տարեցներն, այնպես էլ նա՝ իր համաձայնությամբ է ընդունվել տուն-ինտերնատ: Պրն Դանիելյանի խոսքերով՝ վերջինս ունի մեկ որդի, որը բնակվում է ՌԴ-ում: ՀՀ-ում բնակվող նրա հարազատները 2 քույրերն են, ովքեր անմիջապես տեղեկացվել են դեպքի մասին: Մեր հարցին, թե նույն սենյակում բնակվող Գրետայի եւ Ռոզայի միջեւ արդյո՞ք վիճաբանություններ չեն եղել՝ տուն-ինտերնատի տնօրենը պատասխանեց. «Ես միայն կարող եմ ասել, որ Գրետան չափազանց հանգիստ մարդ է եւ կոնֆլիկտային մթնոլորտ ստեղծող կին չէ: Նա բուժմասում է գտնվում, որովհետեւ տառապում է խորը հիշողության կորուստ հիվանդությամբ եւ բուժում է ստանում: Երբ մենք դեպքի հետ կապված Գրետային հարցրինք, թե` դու այդ ժամանակ ի՞նչ էիր անում՝ նա պատասխանեց. «Ծաղիկ էի հավաքում»: Պատկերացրե՛ք, որ այդ աստիճանի հիշողության կորուստ ունի»: Տուն-ինտերնատի տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռ. Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը կատարվել է եկեղեցում, որին մասնակցել են վերջինիս 2 քույրերը: Արտակարգ իրավիճակների վարչության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նիկոլայ Գրիգորյանից տեղեկացանք, որ հրդեհի պատճառով այրվել է 2 մահճակալ, դուռ, պատուհան եւ 10 քմ մակերեսով սենյակը: Բուժսենյակին կից սանհանգույցում հրշեջները հայտնաբերել են Ռ. Ավետիսյանի դիակը: