Աշոտաբերդը քայքայվում է

18/02/2006 Ցոլինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Աշոտաբերդը փայտաշեն թաղամաս է, գտնվում է գրեթե քաղաքից դուրս: 1991-ին կառուցված 24 փայտե շենքերը նախատեսված էին երկրաշարժի ժամանակ անօթեւան մնացած ընտանիքների համար: Առանց տանիքի կամ թիթեղյա վագոն-տնակներում ապրող ընտանիքների համար սա իսկական ճոխություն էր: Փայտը դիմացկուն շինանյութ է, ուստի շենքերի համար պիտանելիության ժամկետ էր սահմանվել 7 տարին:

«Մեզ ասացին, որ տունը 7 տարով ենք ստանում, իսկ մինչ այդ մեզ պիտի ուրիշ բնակարանով ապահովեին: Ես ու ամուսինս նոր էինք ամուսնացել, որ էս տունը ստացանք: Մենք առաջին բնակիչներից ենք: Մեր 3 երեխաներն էլ էստեղ են ծնվել: Սկզբում, իհարկե, ամեն ինչ հարմար էր, համենայնդեպս` ավելի լավ էր, քան դրսում մնալը: Բայց հիմա արդեն հնարավոր չի ապրել: Տունը կամաց քայքայվում է»,- ասում է Է. Սուքիասյանը:

Նրա հարեւանությամբ ապրում է թաղամասի ամենաչքավորներից մեկը` Մալերյանների ընտանիքը: 7 հոգով նրանք ապրում են 2 սենյականոց այս բնակարանում: Ընտանիքի անդամներից եւ ոչ մեկը չի աշխատում: Ապրում են նպաստի հույսին, եւ այս պայմաններում բնակարանի վերանորոգման մասին խոսելն էլ ավելորդ է: «Տղես 3 տարի առաջ թեւը կտրեց ու հիմա հաշմանդամ է, մեր տունը պահող չկա: 4 թոռներիցս երկուսը նույնպես հաշմանդամ են: Ահավոր անճար ապրող իսաններ ենք: Մի օր մի հարեւանից եմ մի բան մուրըմ, մի օր` մի ուրիշից, մի կերպ յոլա ենք գնում, մեզ փող որտեղի՞ց, որ տուններս սարքենք, այ բալա: Հրես` պոլը փտել ա, էն օրը էս խեղճ քյոռփես էն ա հա փոսն էր ընգնըմ: Պատերը` ծակ, կռիշը` ծակ, ինչ ասես, որ չենք վառըմ, որ էս քյոռփեքը ցրտից չմրսեն»,- ասում է ընտանիքի տատիկը` Հասմիկ Մալերյանը:

Շինարարական կազմակերպությունը պիտանելիության ժամկետը որոշելիս հաշվի չի առել Ստեփանավանի անձրեւոտ կլիման ու խոնավ պայմանները, իսկ բնակիչներին սահմանված ժամկետում նոր բնակարաններով ապահովել քաղաքապետարանին այդպես էլ չի հաջողվել: Արդյունքում պիտանելիության ժամկետն անցած տներում, որոնք դեռ ժամկետից էլ շուտ էին սկսել քայքայվել, այսօր շարունակում են մարդիկ ապրել: Ավելին` 296 բնակարանում 340 ընտանիք է ապրում, մի քանիսը` համատեղության կարգով միեւնույն բնակարանում:

«Մենք քաջատեղյակ ենք Աշոտաբերդի վիճակին եւ նույնիսկ ծրագիր ունենք նախատեսած: Քանի որ Աշոտաբերդն արդեն ինքնուրույն թաղամաս է, չենք ուզում բնակիչներին ցրել: Ծրագրի համաձայն` նոր բնակելի, այս անգամ` արդեն քարաշեն շենքեր պետք է կառուցվեն այդ տարածքում…»,- ասում է Ստեփանավանի քաղաքապետի տեղակալ Ռոստոմ Քոչարյանը: Միայն թե ե՞րբ կարելի է խոսել այդ ծրագրի մասին ավելի կոնկրետ, քաղաքապետարանում դժվարանում են պատասխանել:

Փոխարենը շարունակում են բնակարանի վարձ եւ կոմունալ մյուս ծառայությունների համար պարտաճանաչորեն գումարներ գանձել:

«Մեր թաղամասում ոչ նորմալ աղբն են հավաքում, ոչ ջուր ունենք, հիմա էլ տրուբեքն են տրաքել, ոչ էլ կարգին տուն ունենք: Ես չեմ հասկանում, թե ինչի համար պետք է վճարեմ: Մինչեւ հիմա տվել եմ, բայց հիմա հարեւաններով որոշել ենք, որ էլ տան վարձ չենք տալու: Եթե պտի տանք ու մեր միջոցներով տունը սարքենք, էն ա չենք տա ու դրանով մի բան կանենք»,- բողոքում է Էմմա Սուքիասյանը:

Այս շենքերի բնակիչները չեն համարվում ժամանակավոր կացարաններում ապրողներ եւ ընդգրկված չեն քաղաքապետարանի որեւէ ցուցակում: Ավելին` բնակիչներից շատերը սեփականաշնորհել են իրենց բնակարանները, ասել է թե` այլեւս քաղաքապետարանի հովանավորության ներքո չեն:

Քաղաքապետարանում հավաստիացնում են, որ նախորդ իշխանություններից Աշոտաբերդի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի պահպանվել: Սակայն մարզպետարանի փորձաքննական խումբը հաստատել է, որ շենքերը 25 տարվա պիտանելիության ժամկետ ունեն: Այսինքն` դեռ 10 տարի էլ կարող են ապրել: Թե ինչպես են նման եզրակացության հանգել, պարզ չէ: Հանձնախմբի անդամներն անգամ չեն մտել տներից որեւէ մեկը, հակառակ դեպքում` նման եզրակացությունն ուղղակի թյուրիմացություն է: Ամեն դեպքում, քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն այս խնդիրը լուծել եւ առաջարկում են համատիրություն ստեղծել, որի օգնությամբ թաղամասն իր կարիքները կհոգա սեփական ուժերով: Համատիրություն ստեղծելու համար թաղամասը միջոցներ չունի: Մնում է միայն սպասել եւ հուսալ, եթե, իհարկե, փայտն այդքան դիմանա…

www.hetq.am