ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ պատգամավորական խումբ-խմբակցությունների հետ խորհրդատվություն է անցկացվում՝ ԼՂՀ խնդրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ: Համաձայն նախնական պայմանավորվածության, լսումները տեղի կունենան մարտ ամսին, որին կհրավիրվեն նաեւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ արտգործնախարարը: Փետրվարի 13-ի ԱԺ նիստի ընթացքում պատգամավոր Վիտալի Բալասանյանն անդրադարձավ Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը եւ խնդրեց մեկնաբանել, թե որո՞նք են ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից հնչեցված այն 7 համաձայնեցված հարցերը: ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը նշել է, որ, ըստ ստացված պաշտոնական տեղեկատվության, բանակցությունները ձախողվել են Ադրբեջանի կողմից ցուցաբերված ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Նա նաեւ փաստեց, որ ԼՂՀ արտգործնախարարը հանդիպել է հայաստանյան իր գործընկերոջ հետ: