Ընդդիմությունը հերթական անգամ պատրաստվում է ակտիվանալ

18/02/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Եթե հաշվի չառնենք խորհրդարանական ընդդիմության` օմբուդսմենի պաշտոնի շուրջ նախորդ շաբաթ արձանագրված ակտիվացումը, որն, ըստ շրջանառվող տեսակետների, օմբուդսմենի ընտրությունից հետո նույն հաջողությամբ էլ կմարի, ապա մեծ հաշվով ընդդիմությունը կարծես մատնվել է անգործության:

Թերեւս հասկանալի է, որ այս օրերին բոլորը սպասում էին Քոչարյան-Ալիեւ փարիզյան հանդիպմանը: Եվ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց հետագա քայլերը պատրաստվում էին իրագործել ըստ հանդիպման արդյունքների: Բայց հիմա, երբ հանդիպումն ավարտվեց, ընդ որում՝ առանց որեւէ արդյունքի, հետաքրքիր է, ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը:

Հայաստանի Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, ընդդիմությունն այլեւս հապաղելու ժամանակ չունի եւ պետք է արագ քայլեր ձեռնարկի երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար: «Մենք ժամանակ չունենք: Այդ ժամանակն աշխատում է մեր պետության ու պետականության դեմ: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր պետության ու ժողովրդի ֆիզիկական անվտանգության խնդիրն է առաջ եկել»,- ահազանգում է Հ. Հովհաննիսյանը: Սակայն նա շատ կարեւոր ու արդյունավետ է համարում ընդդիմադիր դաշտում նախ եւ առաջ գաղափարական հստակեցումները: Հ. Հովհաննիսյանի կարծիքով, երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը պետք է գնալ ավելի նեղ, գաղափարական թիմով: Մանավանդ, որ այսօրվա քաղաքական դաշտը Հ.Հովհաննիսյանը որակում է «այլասերված»` դրանում մեղադրելով իշխանություններին: Սակայն այսօր, անկախ տարվող աշխատանքներից, հասարակությունը կարծես հիասթափվել է ընդդիմությունից: Եվ «18+8», «17+1» ֆորմատներն իրենց կարծես սպառել են: Անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող են խիստ արեւմտամետ, աջ ուժերի կողմնակիցները գտնվել խիստ ռուսամետ ձախ ուժերի հետ միեւնույն հարթակում: Հովհաննես Հովհաննիսյանն ինքն էլ է կիսում այս տեսակետները: ««18+8» կամ «17+1» ֆորմատը կարող է մնալ, համագործակցել, բայց խնդիրների լուծմանը պետք է գնա ընկալելի թիմով: Եթե առաջիկայում հասարակության առաջ հանդես չգանք մի կուռ թիմով ու նպատակով, ապա, կարծում եմ, վտանգի տակ կդնենք մեր ապագան: Ընդդիմությունը պետք է ձեւավորվի գաղափարական հենքի վրա: Եվ պետք է ձեւավորվի այն ընդդիմությունը, որը կարող է ու պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը, որը պետք է շատ պարզ, թափանցիկ ու հասկանալի կերպով հանրությանը ներկայացնի իր ծրագրերն ու սկսի կոնկրետ գործողություններ»,- ընդգծեց նա: Վերջինս համոզված է, որ մինչեւ հիմա ընդդիմությունը ՀՀ-ում մի քանի անգամ արդեն հաղթել է, ուղղակի «չի կարողացել ֆիքսել ու իր ձեռքում պահել այդ հաղթանակները»:

Այս մասին զրուցեցինք նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Վերջինիս խոսքերով, ընդդիմադիր դաշտում հետագա մարտավարության առումով այսօր բավական լուրջ քննարկումներ են ընթանում ընդդիմադիր կուսակցությունների միջեւ, ՀՀ արտաքին քաղաքական դաշտում, ինչպես նաեւ` իշխանական թեւի տարբեր կուսակցությունների հետ: Ա. Սարգսյանը վստահեցնում է, որ այդ քննարկումներն «իրենց դրսեւորումները մոտ ապագայում ցույց են տալու, ու դրանք չեն ուշանա»: «Ընդդիմության գործունեությունն այսօր ավելի ընդլայնված դաշտում է ընթանում` սկսած մարդու իրավունքների պաշտպանից, վերջացրած հանրաքվեով ու Ղարաբաղի հիմնահարցով»,- կարծում է Ա. Սարգսյանը: Նրա հավաստմամբ, ընդդիմությունն իր քննարկումների ժամանակ առկա բոլոր խնդիրները լուծելու համար իր ներքին ժամանակացույցն ունի: Եվ ըստ այդմ, ՀՀ-ի առջեւ դրված խնդիրների միակ լուծումը տեսնում է այսօրվա իշխանություններից օր առաջ ազատվելու մեջ: «Մենք մեր առաջ դրված խնդրից ետ չենք կանգնելու, քանի որ դա ինքնանպատակ չէ, դա ոչ թե անուն-ազգանվան փոփոխություն է ենթադրում, այլ այս իշխանությունների կողմից լիովին այլասերված ու ոտնահարված սկզբունքների, համամարդկային արժեքների եւ քաղաքական համակարգերի ու դիրքորոշումների վերականգնում: Իսկ մեր նպատակին հասնելու համար օգտագործելու ենք քաղաքական դաշտում արդյունավետորեն գործող բոլոր հնարավոր միջոցներն ու ձեւերը»,- վստահեցրեց «Հանրապետության» նախագահը: Արամ Սարգսյանի հավաստմամբ, մոտ ապագայում իրենք կվերսկսեն ակտիվ քաղաքական գործողությունները` «սկսած հանրահավաքներից, վերջացրած հայտարարություններով ու կլոր սեղաններով»: Ընդդիմության առաջնորդը հասարակության հետ շփվելու համար շատ է կարեւորում հանրահավաքների դերն ու նշանակությունը, մանավանդ, երբ իրենք չունեն հեռուստատեսություն եւ ընդհանրապես, զրկված են հեռուստատեսությամբ իրենց դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից: «Հասարակությունը պատրաստ է ցանկացած զրկանքների եւ զոհողությունների` միայն թե օր առաջ ազատվի ապօրինի եւ պետականակործան այս իշխանություններից: Իսկ դա, անկեղծ ասեմ, ոչ այնքան ընդդիմության, որքան օրվա իշխանավորների «շնորհքն է»,- հայտարարեց նա:

Թեեւ, պարոն Սարգսյանի խոսքերով՝ «Մենք հստակ գիտակցում ենք, որ իշխանական բուրգն իր իշխանությունն ու ունեցվածքը պահելու համար որեւէ բանի առաջ կանգ չի առնի, սակայն նրանք պետք է հաշվի առնեն, որ հանուն իր արժանապատիվ գոյության եւ ապագայի` նույնկերպ կվարվի նաեւ ժողովուրդը: Յուրաքանչյուր կուսակցություն ունի ՀՀ-ի զարգացման իր տեսլականը, սակայն վերոնշյալ խնդիրը լուծելու առումով բոլորը միակարծիք են. այսպես այլեւս անհնարին է ապրելը: Խնդիրն օրվա իշխանության համար շատ ավելի դյուրին լուծելի կլիներ, եթե այսպես մտածեին միայն ընդդիմադիրները, սակայն, ի հեճուկս իշխանավորների, այսպես է մտածում ողջ ժողովուրդը: Եվ, ի վերջո, ընդդիմությունը ոչ թե ժողովրդին փողոց դուրս բերելու համար է, այլ` փողոց դուրս եկած ժողովրդին առաջնորդելու: Դեպի իր այն նպատակների իրականացում, հանուն որի էլ ինքը փողոց է ելել: Թե չէ ինչքա՞ն կարող է նախանձել, ասենք, Պաղեստինի կամ Հայիթիի ժողովրդին, ովքեր կարողանում են տեր կանգնել իրենց իրավունքներին»: