Նախորդ շաբաթ ԱԺ-ում օմբուդսմենի ընտրության շուրջ ծավալված իրադարձությունները հայաստանյան իրավապաշտպաններին կարծես թե չեն հետաքրքրում: Ինչո՞ւ են իրավապաշտպաններն անտարբերություն դրսեւորում այս հարցի նկատմամբ: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դա բացատրում է նրանով, թե որեւէ քաղաքական ուժ հասարակական կազմակերպությունների կարծիքը հաշվի չառավ: Նա բերում է Ռուսաստանի օրինակը, որտեղ ըստ նրա, երբ նախագահը Լուկինին առաջարկել է օմբուդսմեն դառնալ, Լուկինը ժամանակ է խնդրել եւ այդ ժամանակահատվածում հանդիպել ռուսաստանյան իրավապաշտպան առաջատար կազմակերպությունների հետ, իր նշանակման համար ստացել է նրանց համաձայնությունը եւ հետո միայն ընդունել նախագահի առաջարկը: «Հայաստանում նման բան տեղի չի ունենում, որովհետեւ մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում ընկալվում է որպես հերթական պաշտոն,- նշում է իրավապաշտպանը՝ հավելելով,- իրավապաշտպան կազմակերպությունների ձայնը լսելի չէ, եւ իշխանություններին, կուսակցություններին բոլորովին չի հետաքրքրում իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպությունների կարծիքը»:
Ռ.Թ.