Իշխանությունները ճնշում են լրագրողներին

18/02/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Զեկույցում մանրամասն ներկայացված են նախորդ տարում աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցների եւ նրանց ներկայացուցիչների նկատմամբ իրականացված հարձակումների դեպքերը: Ըստ այդմ, հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչներն արձանագրում են, որ լրագրողների համար ամենավտանգավոր երկիրն Իրաքն է: Այս երկրում նախորդ տարի զոհվել է 61 լրագրող: Իսկ զեկույցի` Հայաստանին նվիրված հատվածը սկսվում է «Ա1+»-ի խնդրից: «Հակառակ Եվրախորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների հորդորներին, Հայաստանի կառավարությունը 2005-ի փետրվարին կրկին, արդեն 10-րդ անգամ, չարտոնեց «Ա1+» անկախ հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակումը, որոնք դադարեցվել էին 2002 թվականից»,- նշված է զեկույցում, որում ընդգծվում է նաեւ, թե չնայած այս ամենին, եթերազրկված հեռուստաընկերությունը շարունակում է իր գործունեությունը` հայտնի ինտերնետային էջի, հրատարակվող շաբաթաթերթի, ինչպես նաեւ` այլ հեռուստաընկերությունների համար հաղորդումներ պատրաստելու միջոցով: Զեկույցում փաստվում է, որ 2005-ի փետրվարին ՀՀ Ոստիկանությունը կարճել է «Հայկական Ժամանակ» անկախ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան այրելու փաստի առիթով հարուցված քրեական գործը:

«Մինչդեռ ոչ ոք այդպես էլ չձերբակալվեց»,- գրում են զեկույցի հեղինակները` ավելացնելով, որ ըստ «Հայկական Ժամանակի», Ոստիկանությունն անգամ չի հարցաքննել այն քաղաքական գործչին, ով ըստ թերթի պատասխանատու է հանցագործության համար: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն իր ավտոմեքենայի հրկիզման մեջ մեղադրում էր գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին: Զեկույցի հեղինակներն արձանագրել են նաեւ մեկ այլ դեպք: «2005-ի ապրիլի 1-ին Գորիս քաղաքում անհայտ անձն այրել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի ավտոմեքենան»,- նշված է «Committee to protect journalists»-ի` հրապարակված ամենամյա զեկույցում: Վկայակոչելով Ս. Ալեքսանյանին, զեկույցի հեղինակները նշում են, թե այդ հարձակումը հետեւել է տեղական իշխանությունների հասցեին Ա. Ալեքսանյանի հնչեցրած քննադատությանը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Հայաստանի մասով իր զեկույցն ավարտում է 2005-ին ընդունված մի օրենքի մասին դիտողություններով: Այսպես, զեկույցի հեղինակների գնահատմամբ` 2005-ի ապրիլի 19-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի օրենք, որով մամուլին մասամբ արգելվում է լուսաբանել ահաբեկչական գործողությունները: «Հայ քաղաքական գործիչներն այդ որոշումը պատճառաբանեցին ահաբեկչության դեմ պայքարով, մինչդեռ Երեւանի մամուլի ակումբն իր մտահոգությունն է արտահայտել փաստաթղթում կիրառված անորոշ ձեւակերպումների կապակցությամբ»,- ընդգծում է «Committee to protect journalists»-ը, ուր նշված է, թե անորոշ ձեւակերպումներ կան մասնավորապես հակաահաբեկչական գործողությունների մարտավարությունը նկարագրող հրապարակումների` արգելքների եւ սահմանափակումների մասին դրույթներում:

Դատելով զեկույցի` Ադրբեջանին նվիրված հատվածից, նախորդ տարին լրագրողների դեմ բռնությունների կիրառման տեսանկյունից շատ ավելի վատ է եղել Ադրբեջանում, ինչը, բնականաբար, Հայաստանի իշխանությունների համար հերթական արդարացման առիթ կդառնա, թե հարեւան Ադրբեջանի համեմատ Հայաստանը ժողովրդավար է նաեւ լրագրողների հանդեպ: «2005-ին սպանվեց «Մոնիթոր» թերթի գլխավոր խմբագիրը: Մի շարք լրագրողներ ձերբակալվեցին, մյուսներին սպառնում էին պատժամիջոցներով: Ոստիկանությունը չէր խուսափում բռնարարքներից: Բյուրոկրատական ապարատն ամեն կերպ խոչընդոտում էր անկախ լրատվամիջոցների աշխատանքին»,- փաստում են զեկույցի հեղինակները` ավելացնելով, թե այս ամենը պայմանավորված էր նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններով, երբ անհրաժեշտ էր ապահովել նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակը: Զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների մատուցմամբ` անկախ եւ ընդդիմադիր լրագրողները երկրի թշնամիներ էին, եւ որ անկախ ընկերություններին արգելվում էր գովազդել Ալիեւին չաջակցող ուժերին: «Արդարադատության նախարարությունը մերժեց հայտնի քաղաքական գործիչների եւ լրագրողների հայտը` անկախ հեռուստա եւ ռադիոընկերություն գրանցելու մասին»,- ընդգծված է զեկույցում, որտեղ նշված է նաեւ, թե 2005-ին Ադրբեջանում կառավարությունն ամբողջությամբ վերահսկում էր մամուլի տարածման գործակալությունների աշխատանքը: «Ամենահեղինակավոր ընդդիմադիր թերթի` «Ենի մուսավաթի» հրատարակումն, ըստ էության, դադարեցվեց մի քանի ամսով, երբ դատարանի որոշմամբ թերթին պարտադրեցին մեծ գումարով փոխհատուցել մի շարք պետական պաշտոնյաներին հասցված բարոյական վնասը»: Լրագրողների պաշտպանության կոմիտեն, նշելով որ Լեռնային Ղարաբաղի թեման վերստին պայթյունավտանգ է թե՛ Հայաստանում եւ թե՛ Ադրբեջանում, գրում է, որ Ադրբեջանի ազգայնական ուժերը սպառնում էին «Մոնիթոր» թերթի մեկնաբան Էյնուլա Ֆաթուլաեւին, երբ վերջինս որոշեց գնալ Ղարաբաղ եւ զրուցել «այդ տարածքի չճանաչված իշխանությունների հետ»: Զեկույցի` Ադրբեջանին նվիրված հատվածն էլ ավարտվում է այն փաստի արձանագրմամբ, որ Ադրբեջանի ազգային հեռուստառադիոխորհուրդը դեռեւս գտնվում է իշխանությունների խիստ վերահսկողության ներքո: Որպես այս փաստի ապացույց, զեկույցի հեղինակները նշում են, թե նախագահն է նշանակում խորհրդի բոլոր անդամներին: Հարկ է նշել, որ Հայաստանում եւս Գրիգոր Ամալյանի ղեկավարած «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի» բոլոր անդամներին նշանակել է երկրի նախագահը, եւ չնայած սահմանադրական փոփոխություններից հետո ՀՌԱՀ անդամների մի մասին նշանակելու լիազորություն է ստացել նաեւ Ազգային ժողովը, սակայն ՀՌԱՀ-ը դեռեւս շարունակում է գործել նույն կազմով: Ինչեւէ, ըստ լրագրողների պաշտպանության կոմիտեի, Հարավային Կովկասի երկրներում լրատվամիջոցների դեմ ամենաքիչ ոտնձգությունները կատարվել են Վրաստանում, որտեղ, ըստ կոմիտեի, մամուլի խնդիրներ, ընդհանուր առմամբ, գրեթե չկան: Սակայն վկայակոչելով որոշ անկախ լրագրողների, զեկույցի հեղինակները նշել են, թե Վրաստանում զգացվում է ճնշումների աննկատ մի ալիք: «Լրատվամիջոցների ղեկավարները, սերտ կապեր ունենալով իշխանությունների հետ, փաստացի թույլ են տալիս իշխանություններին, մնալով ստվերում, որոշակի ճնշում բանեցնել լրագրողների նկատմամբ»,- կարծում են զեկույցի հեղինակները: Ընդհանուր գնահատականն այն է, որ Վրաստանի քաղաքացիները վստահում են հեռուստաընկերությունների հաղորդած տեղեկատվությանը, սակայն երբեմն, ինչ-ինչ կասկածներ ունենալու դեպքում, գերադասում են կարդալ թերթեր, որոնք, իրոք, ըստ «Committee to protect journalists»-ի, անկախ են: Իսկ անդրադառնալով ռուսական լրատվամիջոցներին` զեկույցի հեղինակները նշել են, թե դրանք վերահսկվում են նախագահ Պուտինի եւ նրա աջակիցների կողմից: «Լրագրողները, ովքեր շոշափել են հայտնի քաղաքագետների կամ բիզնեսմենների հետաքրքրությունները, հաճախ դրա դիմաց վարձահատույց են եղել սեփական կյանքով»,- նշված է զեկույցում, ուր ասված է, թե 2005-ին Ռուսաստանում սպանվել են երկու լրագրողներ: «Վերջին 5 տարիներին, երբ Պուտինը եկավ իշխանության, վարձու մարդասպանների կողմից սպանվել են 12 լրագրողներ, եւ հանցագործներից ոչ ոք դեռ պատասխանատվություն չի կրել»,- նշված է զեկույցի` Ռուսաստանին վերաբերող հատվածում: