Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում այս օրերին ընթանում է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի թղթակից Տաթեւիկ Նալբանդյանի մասնագիտական գորուծնեությունը խոչընդոտելու համար Աննա Բադալյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Նշենք, որ, ըստ մեղադրականի, Մալաթիա-Սեբաստիա համայնքում 2005թ. նոյեմբերի 24-ին ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքից հետո ամբաստանյալ Աննա Բադալյանը հարվածել էր «Հայլուրի» թղթակից Տաթեւիկ Նալբանդյանին։ Հարուցվել է քրեական գործ՝ Քր.օր.-ի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, քանի որ հանցավոր արարքը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։
Երեկվա դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց գործով վկա, Հանրային հեռուստաընկերության վարորդ Հայկ Գրիգորյանը: Իսկ նրա ցուցմունքներն էապես հակասում էին նախաքննական ցուցմունքներին: Բանն այն է, որ նախաքննական ցուցմունքում, որը գրել էր Դատախազության քննիչը, վկան հայտնել է, որ տեսել է, թե ինչպես է Աննա Բադալյանը հարվածել Տ. Նալբանդյանին: Սակայն երեկ վկան պնդում էր, որ մեքենայի մեջից տեսել է, թե ինչպես է «ոմն մի կին» հարվածել Տաթեւիկին: «Սակայն ես չեմ գրել, որ դա Աննա Բադալյանն է: Ես նրա անունն այսօր այստեղ եմ իմանում: Ես ցուցմունքում էլ ասել եմ, որ ոմն կնոջ կողմից է եղել հարվածը, բայց թե դա Ա. Բադալյանն է՝ ես չգիտեմ»,- ասաց վկան: Իսկ թե ինչպես է եղել, որ քննիչը նրա ցուցմունքն արձանագրելիս կոնկրետ անուններ է գրել, Հ. Գրիգորյանը տեղյակ չէր: Սակայն սա միակ ուշագրավ տեղեկությունը չէր: Երեկ դատարանը հարցաքննեց ամբաստանյալին: Եվ նրա խոսքերից հայտնի դարձավ, որ իրեն ընդամենը ներքաշել են այս ամենի մեջ: Իսկ ողջ միջադեպը ծագել է գործով որպես վկա անցնող Էդգար Վիրաբյանի եւ Նվարդ Կարապետյանի պատճառով: Ն. Կարապետյանն, ի դեպ, որպես վկա դատակոչված է, սակայն արդեն որերորդ նիստն է, չի բարեհաճում դատարան գալ: Նրան չեն կարողացել անգամ դատարանի որոշման հիման վրա բերման ենթարկել: Եվ երեկ ընթերցվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Ամբաստանյալը երեկ Տ. Նալբանդյանից ներողություն խնդրեց կատարված միջադեպի կապակցությամբ, եւ պատմեց, որ հանրահավաքի ժամանակ մի քանի կանայք ռեպլիկներ են նետել Տ. Նալբանդյանի հասցեին: Իսկ գործով վկա Նվարդ Կարապետյանը սկսել է պատասխանել այդ կանանց, ծամածռություններ անել նրանց ուղղությամբ` այդպիսով ավելի բորբոքելով մթնոլորտը: Սակայն ամբաստանյալը փորձել է ամեն կերպ կանխել մթնոլորտի թեժացումը: 20-ամյա այդ աղջիկը շարունակել է իրեն նույնկերպ պահել նաեւ լրագրողների մեքենան նստելիս: Այդ ժամանակ ամբաստանյալը մոտեցել է աղջկան ու թեւից բռնելով` հարցրել. «Ամոթ չի՞, որ քեզ այս ձեւ ես պահում»: Սակայն Էդգար Վիրաբյանը հասել ու ոտքով խփել է ամբաստանյալի որովայնին: «Ցավից կուչ եկա, իսկ այդ աղջիկը հասավ ու քաշեց իմ մազերից: Ես ուզեցի ազատվել ու երբ ձեռքս վերեւ բարձրացրեցի` միամտաբար կպա Տաթեւիկին: Ես նրան խփելու, հարվածելու միտում չեմ ունեցել: Ուղղակի ցավից ձեռքս պարզեցի ու անզգուշաբար հարվածեցի նրան»,- դատարանում հայտարարեց ամբաստանյալը: Ի դեպ, 20-ամյա Նվարդ Կարապետյանի` ծամածռություններ անելու փաստը իր ցուցմունքում հաստատեց նաեւ գործով վկա անցնող Հ. Գրիգորյանը: Մինչդեռ, Տ. Նալբանդյանը ցուցմունք էր տվել, թե Աննա Բադալյանը հարձակվել է Նվարդի վրա՝ ասելով, «լրբի մեկը, դրա շեստյորկե՞քն եք», ու քաշել է նրա ձեռքից, մազերից դեպի դուրս։ Տ.Նալբանդյանը մեքենայի պատուհանից տեսել է, որ Աննան բռունցքներով հարվածում է այդ աղջկան։ Այդ ժամանակ Էդգարը դուրս է նետվել մեքենայից, Նվարդին պաշտպանելու համար հարվածել Աննային։ «Այդ ընթացքում ես հասցրի դուրս գալ մեքենայից, եւ հենց այն պահին, երբ արդեն աղջկան պետք է հարվածեր, փորձեցի բռնել նրա ձեռքը։ Եվ այդ հարվածը, որ նա ինձ հասցրեց, շատ ծանր հարված էր…»,- դատարանում հայտարարել էր տուժողը: Ի դեպ, նախաքննական մարմնին տված ցուցմունքում Ա. Բադալյանը խոստովանել է, որ ինքը հարվածել է Նվարդին: Սակայն այսօր դատարանում ասաց, որ ինքը` քննիչն է այդպես գրել: «Ես ընդամենը բռնել եմ Նվարդի ձեռքից: Բայց քննիչն ասում էր, որ դա նշանակում է հարվածել: Ես այնքան էի հոգնել այդ հարցաքննություններից, որ ասացի` ինչ ուզում եք՝ գրեք»:
Ինչեւէ, հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 23-ին: Մենք կշարունակենք հետեւել այս դատաքննությանը: Մանավանդ, որ բոլորին է ակնհայտ այս դատավարության քաղաքական ենթատեքստը եւ դեռ հայտնի չէ, թե առաջիկա դատաքննության փուլում նախաքննական մարմնի կողմից թույլ տրված ինչպիսի զավեշտներ կարող են ի հայտ գալ: Ի դեպ, լավ կլիներ, եթե մեր իրավապահ մարմինները նույն ջանասիրությամբ հայտնաբերեին ու պատժեին 2004 թվականի ապրիլի 12-13-ի գիշերը լրագրողներին դաժան ծեծի ենթարկած անձանց: