Փոխշահավետ ձախողում

18/02/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Փարիզյան բանակցությունների ձախողումը միանգամայն կանխատեսելի էր եւ հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն այսօր պատրաստ չեն ղարաբաղյան խնդրում փոխզիջումների գնալ։ Ընդ որում, բացարձակապես որեւէ նշանակություն չունի, թե ում «նախաձեռնությամբ» են ընդհատվել (կամ ժամկետից շուտ ավարտվել) բանակցությունները։ Ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե կողմերից որն է առաջինն առաջարկել «ամփոփել արդյունքները», եթե արդյունքներ` որպես այդպիսիք, չկան։

Այսօր բանակցային գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը մոտավորապես այսպիսին է. կողմերը ձգտում են ոչ թե հասնել կարգավորման, այլ այնպես անել, որ բանակցությունները ձախողվեն դիմացինի մեղքով։ Ադրբեջանն, օրինակ, հայտարարում է, թե այդ երկրի տարածքային ամբողջականությունն ընդհանրապես քննարկման առարկա դառնալ չի կարող։ Նման հայտարարությունից հետո բանակցություններն իսկապես անիմաստ են դառնում, եւ Ադրբեջանում, իհարկե, շատ լավ հասկանում են դա։ Նույն կերպ էլ Հայաստանի քաղաքական ուժերը հայտարարում են, թե Ղարաբաղն անպայման պետք է մասնակցի բանակցություններին։ Իհարկե, մեզ համար շատ ավելի նպաստավոր կլինի, եթե ԼՂՀ-ն իսկապես մասնակցի բանակցություններին։ Բայց հարց է ծագում` մի՞թե ավելի մեծ է հավանականությունը, որ եռակողմ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն։ Իրականում բանակցային գործընթացի առումով ոչ մի տարբերություն չկա։ Միակ տարբերությունն այն է, որ եթե ԼՂՀ-ն ճանաչվի որպես հակամարտության կողմ, եւ բանակցությունները ձախողվեն ա՛յդ վիճակում, հետագա «սառեցված ժամանակահատվածում» հայկական կողմի դիրքերն ավելի ամուր կլինեն։ Այսինքն` այս դեպքում եւս մեր խնդիրը ոչ թե հակամարտության վերջնական կարգավորումն է, այլ «սառեցված վիճակում» մեր դիրքերի ամրապնդումը։

Իսկ ինչո՞ւ են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ձգտում երկարաձգել բանակցային գործընթացը։ Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հասկանալի է. «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակից այդ երկիրն առանձնապես չի տուժում (կամ իրենց թվում է, թե իրենք չեն տուժում), Ադրբեջանը տարածաշրջանային ինտեգրացիոն պրոցեսներից դուրս մղված չէ, եւ նրանք հույս ունեն, թե կկարողանան նավթային դոլարների շնորհիվ հզոր բանակ ստեղծել եւ գրավել Ղարաբաղը։ Հենց այս հեռանկարն է, որ նրանց թույլ է տալիս հանդես գալ միջազգային պրակտիկայում նախադեպ չունեցող դիրքորոշմամբ` երբ պատերազմում պարտված կողմը բանակցությունների սեղանի շուրջ խոսում է վերջնագրերով։ Ընդ որում, այս դիրքորոշումն Ադրբեջանում միասնական է։

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա մեր քաղաքական դաշտում առկա են երկու տեսակետներ։ Առաջին. միջազգային հանրությունն այսօր ակնհայտորեն նախապատվությունը տալիս է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, եւ այս իրավիճակը տեսանելի ապագայում չի փոխվի։ Այսինքն` միջազգային հանրությունն օբյեկտիվորեն Ադրբեջանի կողմն է։ Հետեւաբար, պետք է հնարավորինս արագ հասնել վերջնական խաղաղության` քանի դեռ միջազգային հանրության համբերության բաժակը չի լցվել, կամ Ադրբեջանը բավականաչափ չի հզորացել։ Երկրորդ. միջազգային հանրությունն այսօր իսկապես նախապատվությունը տալիս է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքին, բայց հետագայում այդ իրավիճակը կարող է փոխվել։ Հետեւաբար` մենք պետք է ձգձգենք բանակցությունները եւ սպասենք այդ օրվան։ Զուգահեռաբար պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի ռազմական գերակայությունը վտանգավոր չափերի չհասնի։

Եթե Ռամբույեի բանակցություններին նայենք այս տեսանկյունից, ապա ակնհայտ կդառնա, որ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները չեն փոխվել. մենք սպասում ենք այն օրվան, երբ միջազգային հանրությունը կփոխի իր դիրքորոշումը, իսկ Ադրբեջանը սպասում է այն օրվան, երբ կկարողանա զենքի ուժով գրավել Ղարաբաղը։ Այսպես թե այնպես, «Պրահյան գործընթացը» կարելի է ավարտված համարել։ Իսկ թե կողմերից որի դիրքորոշումն է ավելի տրամաբանական` պարզ կդառնա նրանից, թե այսուհետ միջազգային հանրությունն ում վրա ավելի մեծ ճնշում կգործադրի։

Ամեն դեպքում, վատ չէր լինի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետաքրքրվեին, թե ինչպե՞ս է Ադրբեջանը պատրաստվում «բարձր ինքնավարություն տալ» Ղարաբաղին, եթե Ադրբեջանի Սահմանադրությունը նման բան չի նախատեսում։ Համանախագահներն, ի դեպ, կարող էին հետաքրքրվել նաեւ, թե ո՞ր երկրի օրենքներով պետք է անցկացվի ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ ենթադրվող հանրաքվեն։