2005թ. փետրվարի 9-ի տվյալների համեմատ` այս տարվա նույն ժամանակահատվածում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով եւ ներկայումս 1.898 մետր 10 սմ է: «Վերջին 4 տարիների ընթացքում, «Սեւանի մասին» օրենքի ընդունումից հետո ունենք 177 սմ բարձրացում, որը տարեկան կազմում է 44-45 սմ,- ասում է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը:- Մենք բարձրացումը նախատեսել էինք տարեկան 20սմ-ի կտրվածքով, բայց փաստորեն արդյունավետ կառավարումը դրական արդյունք տվեց: Նկատի ունեմ նաեւ էներգետիկ նպատակով ջուր բաց չթողնելը: Ջուրը հիմնականում օգտագործվում է կենցաղային եւ գյուղատնտեսական նպատակներով, եթե հաշվի առնենք, որ ջրի գնային քաղաքականությունը կարգավորված է, եւ սպառողը դրա համար վճարում է, ապա պետք է նշել, որ ջուրն անխնա չի օգտագործվում»: Ա. Զիրոյանի հավաստմամբ՝ տարեկան օգտագործվել է մոտ 120 մլն խմ ջուր: 2006թ. նախատեսվել է օգտագործել 150 մլն խմ ջուր: Այս տարվա առատ ձյունն ուրախացրել է մասնագետներին, քանի որ այն բավականին արդյունավետ է բնապահպանական եւ գյուղատնտեսական ոլորտների համար: Սեւանա լճի մաքրման, հաշվառման, քարտեզագրման աշխատանքների համար պետության տրամադրած լրացուցիչ 52 մլն դրամի փոխարեն` այս տարի կհատկացվի 69 մլն դրամ, որը կապահովի շուրջ 123 հա տարածքի մաքրման աշխատանքները: Ա. Զիրոյանի խոսքերով՝ ամռանը նախատեսվում է Սեւանա լճի ջրի 20-30սմ բարձրացում: Նախատեսված են մակարդակի բարձրացման հետեւանքով ջրի տակ մնացող անտառածածկ տարածքների ծառաթփային բույսերի հեռացման, անտառը տեղաշարժելու աշխատանքները: Ի դեպ, ՀՀ կառավարության որոշմամբ` Սեւանա լճի առափնյա վարձակալվող տարածքներում խստացվել են կեղտաջրերի մաքրման պարտադիր պահանջները:
Լ. Ս.