Կանխատեսելի պատասխանի սպասում

18/02/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Անցած շաբաթն ինձ համար բանկային էր։ Ավելի ճիշտ` կենտրոնական բանկային։ Նախ` ՀՀ ԿԲ մամուլի քարտուղարը նամակ էր ուղարկել «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագրին։ Քանի որ նամակն ուղարկված էր «պատասխանի իրավունքով», ես ինձ թույլ տվեցի կարդալ ուրիշին հասցեագրված նամակը։ Ի վերջո, այն գրվել էր մեր թերթի փետրվարի 19-ի համարում լույս տեսած իմ «Հաստատ, բայց անկանխատեսում» հոդվածին ի պատասխան։ Մի կողմ թողնենք նամակում տեղ գտած մեկ-երկու մանր-մունր անճշտությունները, դրանք, ի վերջո, կարեւոր չեն։ Կարեւոր չէ նույնիսկ այն, որ այս նամակն ինքնատիպ չէր։ Ցանկացած լրագրող էլ կհաստատի, որ իր ստացած պաշտոնական պատասխաններում, որպես կանոն, պաշտոնյաները հակված են «խելք ու շնորհք» սովորեցնել։ Սրանից զատ պաշտոնյաները միշտ էլ հակված են լրագրողին մեղադրել անտեղյակության համար։ Օրինակ` ես գրել էի, որ 2006թ. ԿԲ-ն անցնում է նոր քաղաքականության, անցնում է համարյա թաքուն, որովհետեւ մասնագիտական ու հրապարակային քննարկումներ չեն եղել։ Պատասխանը ցնցող էր։ Այն արձանագրում էր` «այդ նոր ռազմավարությունը ԿԲ նախագահի կողմից ներկայացվել է տնտեսագետ ուսանողներին եւ ակադեմիական շրջանակներին 2005թ. դեկտեմբերին, ինչը լայնորեն լուսաբանվել է մամուլում»։ Նամակի այս հատվածն ինքնին լայնորեն լուսաբանման կարիք ունի։ Նախ` ինձ համար հայտնություն էր, որ «տնտեսագետը» մասնագիտական որակ է, որ շնորհվում է ուսանողներին։ Ինձ միշտ թվում էր, թե տնտեսագետի որակավորում ստանում է տնտեսագիտական ֆակուլտետը (բուհը) ավարտողը։ Պատկերացնո՞ւմ եք, եթե քննարկում անցկացված լիներ ռազմական ուսումնարանում` պատասխանում նշված էր լինելու, որ քննարկմանը մասնակցել են սպա ուսանողները։ Լուսաբանման կարիք ունեցող հաջորդ հատվածն այն է, որ «գնաճի նպատակադրման ռազմավարությունը» քննարկվել է ակադեմիական շրջանակներում։ Հայաստանի երկու տնտեսագիտական ինստիտուտները պաշտոնապես պատասխանում են, որ նշված թեմայով մասնագիտական քննարկումներ չեն կազմակերպվել։ Նրանց պատասխաններից հետո ստիպված էի ուշադրություն դարձնել նամակում նշված այն փաստին, որ քննարկում-հանդիպումները լայնորեն լուսաբանվել են մամուլում։ ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի դեկտեմբերի 14-ի դասախոսությունները մամուլն իսկապես նկատել էր։ Բայց այն դժվար է լուսաբանում անվանել։ «Ազգ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերը ոչ մի տող չէին հրապարակել հանդիպման մասին։ «Հայոց Աշխարհն» անդրադարձել էր միայն Տ. Սարգսյանի խոսքի այն հատվածին, ուր նա նշում էր, որ արտասահմանից մուտք գործող տրանսֆերները 2005թ. կկազմեն 1 մլրդ դոլարից ավելի գումար։ Առաջին էջում տպագրված լուրը վերնագրված էր «Փող ա, որ գալիս ա»։ Ոչ մի տող չկար նոր ռազմավարության մասին։ «Առավոտ» օրաթերթի նյութը վերնագրված էր «Դասախոսին չհասկացան»։ Հեղինակը` Հ. Ջեբեջյանը, արձանագրել էր «Ձանձրացող ուսանողներն աստիճանաբար լքում էին դահլիճը, իսկ ռեկտորը ստիպված էր լինում աչքով-ունքով դիտողություն անել, որ դուրս չգան»։ Ահա այսպիսի «լայնորեն լուսաբանում», որ ես չէի արձանագրել եւ որի պատճառով իմ հոդվածը կարելի է որակել «անճշտություններ» պարունակող։

Հուսով եմ, ակնհայտ է, որ իմ հոդվածներով փորձում եմ հետաքրքրություն առաջացնել ԿԲ-ի արդեն կիրառվող գնաճի նպատակադրման ռազմավարության նկատմամբ։ Կարող եմ կրկնել` Ռուսաստանը, Ճապոնիան, Հայաստանի տնտեսության հետ համեմատած հզոր տնտեսություն ունեցող մի քանի երկրներ եւս մոտ 10 տարի է հայտարարել են, որ անցնելու են գնաճի նպատակադրման քաղաքականությանը, բայց առայժմ չեն հանդգնում անցնել։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը պիտի որ հետաքրքրի եւ տնտեսագետներին, եւ տնտեսությունը կառավարող չինովնիկներին։ Քննարկումների արդյունքում ճշգրտվող քաղաքականությունն իսկապես կարող է դրականորեն ազդել երկրի տնտեսության վրա։

Բանկային շաբաթվա երկրորդ հայտնությունը ԿԲ մամուլի ծառայության հաղորդագրությունն էր։ Այն ԿԲ ինտերնետային էջ այցելելու հրավեր էր, եւ պատասխան ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի գլխավոր խորհրդական Մ. Հակոբյանին։ Այս նամակն էլ հրապարակային էր, ուստի այն ընթերցելը եւս չի կարող համարվել վատ վարվեցողության նշան։ Նախարարի խորհրդականը դրամի արժեւորման ազդեցությունը արտադրության վրա բացասական էր համարել։ ԿԲ-ն փորձում էր տեսական բացատրություն տալ, որ դա, ինչպես միշտ, ինքնատիպ էր, կամ էլ հակառակը։ Բացատրությունը կարծես «Ավելի լավ է լինել հարուստ եւ առողջ, քան հիվանդ ու աղքատ» տրամաբանության շարքից էր։ Օրինակ, դրամի արժեւորման հետեւանքով, ըստ ԿԲ-ի` «կրճատվում են ներմուծված հումքով աշխատող ձեռնարկությունների ծախսերը»։ «Ինչպե՞ս է դա հնարավոր» հարցը, հնարավոր է, տնտեսագիտական բացատրություն ունի։ Բայց ընդունեք, որ ԿԲ-ի բացատրությունը կարող է վերաբերել Խորհրդային Հայաստանի տնտեսությանը, որ հիմնականում ներկրվող հումք էր մշակում։ Նման ձեռնարկություններն այսօր չափազանց քիչ են։ Մեր արտադրական համակարգը հիմնականում զբաղվում է տեղական հումքի (կամ գյուղմթերքի) վերամշակմամբ։ Մակրոտնտեսական ցուցանիշներ հրապարակելիս այսօր անգամ պաշտոնական վիճակագրությունն է առանձնացնում դրսի հումքի վրա աշխատող ադամանդագործության ցուցանիշները։ Օրինակ, «Հայկական կոնյակ»-ի ստանդարտներն արձանագրում են, որ այդ անունը կարող է տրվել բացառապես տեղական խաղողի մշակումով ստացված խմիչքին։ Իսկ մյուս ոլորտներում ներկրվող հումքի մշակմամբ զբաղվող ձեռնարկությունները, ցավոք, քիչ են։ Հուսով եմ, դրամի արժեւորման հետեւանքների գնահատման ոլորտում ոչ թե ԿԲ-ի, այլ նախարարի խորհրդականի հետ համաձայնելը ԿԲ-ն եւս կհամարի «անճշտություն»։

ԿԲ մամուլի քարտուղարի նամակը կարդացեք  ԿԲ-ն փորձում է պարզաբանել