Ցարական Ռուսաստանում ներման իրավունք չունեին նրանք, ովքեր սպանում էին իրենց ծնողներին, զավակներին, եղբորը կամ քրոջը, մի խոսքով` հարազատին: Այն ժամանակվա օրենսդիրը, ըստ երեւույթին, մերձավորի կյանքը խլած մարդու մեղքը առավել ծանր էր գնահատել, անհավանական համարել հատկապես այդ մեղքը, հանցանքը գործածի ուղղվելու, հասարակություն վերադառնալու հնարավորությունը:
Մի դեպքում` որդին սպանում է հարազատ ծնողին, մեկ այլ դեպքում` մայրը խեղդամահ է անում նոր լույս աշխարհ եկած մանկիկին, մեկ այլ դեպքում` կատարվում է ողջ ընտանիքի սպանդ, մյուս դեպքում` ամուսինը բարձրահարկ շենքից ցած է նետում հղի կնոջը, սպանում են վրեժխնդիր լինելու մոլուցքով տարված, ընտանեկան անհավատարմությունից դրդված, մեկ այլ դեպքում` արյան ծարավից չհագեցած մարդկային ճիվաղը, մոլագարը սպանելուց առաջ բռնաբարում է անօգնական զոհին…
ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածը նախատեսում է. սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով, սպանությունը, որը կատարվել է զուգորդված` մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, ակնհայտ հղի կնոջ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առանձին դաժանությամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով, զուգորդված բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի գործողություններով… պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:
Դիտավորյալ սպանությունների եւ սպանության փորձերի շարժընթացը
2005-ին ՀՀ-ում կատարվել է սպանության եւ սպանության փորձերի 79 դեպք, որից սպանվել են 58-ը։ Սպանություններից եւ սպանության փորձերից 31-ը կատարվել են հրազենի գործադրմամբ: 2005-ի մարտի 2-ին Վաղարշապատ քաղաքի Չարենց թաղամասի 27 շենքի բակում հայտնաբերվել է 3-ամյա Ա.Թ.-ի դիակը` մարմնի տարբեր մասերում սալջարդերի հետքերով, պարզվել է, որ տղային սպանել է մայրը:
Մարտի 7-ին Եղվարդի հիվանդանոցից հաղորդագրություն է ուղարկվել Ոստիկանության Նաիրիի բաժին, որ Ա.Ղ.-ն ծննդաբերել է աղջիկ երեխա, իսկ հաջորդ օրը հիվանդանոցում երեխային խեղդամահ է արել:
Ապրիլի 11-ին Վայոց Ձորի մարզի Աղավնաձորի գյուղապետը Ոստիկանությանը տեղեկացրել է, որ «Օձի կծած» հանդամասում հայտնաբերվել է 2 եղբայրների` 1954-ին ծնված Վ. Պ.-ի, իսկ դրանից 100 մ հեռավորության վրա` ծառից կախված` 1949-ին ծնված Հ. Պ.-ի դիակները. ի դեպ, Վ. Պ.-ը տարիներ առաջ իր մոտ եղած բահով նույն հանդամասում գլխատել էր կրտսեր եղբորը: Արմավիրի մարզի Մեծամորի 2-րդ միկրոշրջանի 3-րդ շենքի 17 բն.-ի բնակչուհի` 1982-ին ծնված Կ. Հ.-ը ծննդաբերել էր տղա երեխա, ապա խեղդամահ արել ու նետել աղբահորը:
Մարտի 27-ին Ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները Կուրթան գյուղի հարակից Ձորագետի կիրճում «Նիվա» մակնիշի 36 ՕՏ 213 պետհամարանիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել էին վանաձորցի եղբայրներ` 1970-ին ծնված Հ.Ղ.-ի, 1972-ին ծնված Ս. Ղ.-ի եւ Վրաստանի քաղաքացի` 1967-ին ծնված Ի.Մ.-ի դիակները:
1951թ. ծնված Ա. Պ.-ն Նար-Դոսի 1-ին նրբանցքի թիվ 17 տան ննջասենյակում խեղդելով սպանել է կնոջը` 1945-ին ծնված Լ. Մ.-ին, իսկ ՀՀ ՊՆ Գլխ. շտաբի Օպերատիվ վարչության ավագ սպա` 1957-ին ծնված Պ. Ա.-ն կացնահարելով սպանել է կնոջը` 1965-ին ծնված Մ. Մ.-ին, ապա մարմնական վնասվածքներ հասցրել 16-ամյա որդուն։
Երեւանի Արշակունյաց փողոցում գտնվող տրամվայների հավաքակայանի փականագործների հանդերձարանում հայտնաբերվել էր 1976-ին ծնված Լ. Գ.-ի դիակը, պարզվել է, որ նրան իր վարձակալած բնակարանում սպանել է 1968-ին ծնված Խ. Ս.-ն, ապա իր ավտոմեքենայով սպանվածի դին տեղափոխել հավաքակայան:
1978-ին ծնված` նախկինում դատված Հ. Դ.-ն, «Նոր Խարբերդ» այգեգործական ընկերության 4-րդ փողոցի 135/35 տանը տեղի ունեցած վիճաբանության արդյունքում 1971-ին ծնված Ա. Մ.-ին մուրճի 9 հարվածով սպանում է, իսկ դիակը տեղափոխում եւ թաքցնում իր տան ննջասենյակում` հոր մահճակալի տակ:
Դավիթաշենի 2-րդ թաղամասի 43 շենքի 38 բնակարանում 1969թ. ծնված Ռ. Ե.-ն վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով կրծքավանդակին եւ պարանոցին հարվածելով` սպանում է մորը` 1949-ին ծնված Ժ. Թ.-ին:
Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ 6 շենքի թիվ 7 բնակարանում 1965-ին ծնված Լ.Ղ.-ն դանակահարելով սպանում է հորը` 1938-ին ծնված Ն.Ղ.-ին, հետո Խորենացի 2/1 շենքում դանակահարում իր ծանոթուհի Գ. Պ-ին: Լ. Ղ.-ն ձերբակալվում եւ տեղափոխվում է Ոստիկանության Վանաձորի բաժնի ԺՊՄ, որտեղ էլ խցում անդրավարտիքի միջոցով պատուհանի վանդակաճաղից կախվելով ինքնասպան է լինում:
Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում 1999-ին ծնված Ռ.Ն.-ն որսորդական հրացանից կրակում եւ սպանում է տատին` 1947թ. ծնված Զ. Ն.-ին: Վանաձորում Տարոն-4 Բելառուսական թաղամասի կիսակառույց շենքերից մեկի նկուղում 1982-ին ծնված Ա. Ս.-ն սպանում է 1984-ին ծնված Հ. Մ.-ին, այնուհետեւ հափշտակում սպանվածի պարանոցի, ձեռքի ոսկյա շղթաները, մատանին, բջջային հեռախոսը:
2006-ի հունվարի 1-ից փետրվարի 10-ը ՀՀ-ում արձանագրվել է սպանության եւ սպանության փորձի 21 դեպք, որոնցից բացահայտվել է 16-ը։