Թռչնագրիպ Գերմանիայում եւ Ավստրիայում

18/02/2006

Բալթիկ ծովի Ռյուգեն կղզում մի քանի օր առաջ հայտնաբերված սատկած կարապների հետազոտման նախնական արդյունքները ցույց են տվել, որ երկու թռչունն էլ վարակված են եղել մարդու համար վտանգավոր H5N1 թռչնագրիպի վիրուսով: Այս մասին փետրվարի 14-ի երեկոյան հայտնել է Գերմանիայի գյուղատնտեսական գերատեսչության ներկայացուցիչը:

Այն շրջանում, որտեղ հայտնաբերվել են սատկած թռչունները, խիստ կարանտինային կարգ է սահմանվել, արգելված է փակ տարածքներից դուրս թռչուն պահելը:

Երկրի տարածքում թռչնագրիպի առաջին դեպքի հավանականության մասին են հայտարարել նաեւ Ավստրիայի իշխանությունները: «Ֆրանսպրեսի» տվյալների համաձայն` Ավստրիայի հարավում` Գրատց քաղաքի շրջանում, հայտնաբերվել են սատկած թռչուններ, որոնց մոտ եղել է H5N1 վիրուսի ախտանիշ: