Սիգի ու իշխանի որսը խիստ են արգելել

18/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մասնավորապես փոփոխվել են բնօգտագործման վճարման դրույքաչափերը եւ բուսական, կենդանական կարեւոր տեսակների արտահանման գնային քաղաքականությունը: Եթե նախկինում խեցգետնի բնօգտագործման վճարը 200 դրամ էր, ապա ներկայումս՝ 50 դրամ է, սիգինը` 30-ի փոխարեն` 50, իսկ կարասինը՝ 20 դրամ է: Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը վստահեցնում է, որ արդյունաբերական նպատակով Սեւանա լճից որսվող ջրային կենդանիների բնօգտագործման քաղաքականությունը փոփոխության է ենթարկվել` հիմնվելով պահանջմունքներից, Սեւանա լճում դրանց քանակությունից, ինչպես նաեւ` նպատակ ունենալով խթանել ոլորտի զարգացումը: Կառավարությունը՝ հաշվի առնելով այս երեք գործոնները, հավանություն է տվել բնօգտագործման դրույքաչափերի սահմանված գներին: «Անշուշտ, բիզնեսը խթանելու նպատակից զատ խնդիր է դրված ապահովել բնապահպանական խնդիրները, մասնավորապես` վերարտադրությունը, որպեսզի, ինչպես ջրային, այնպես էլ ցամաքային տարածքում վերարտադրությունը կայուն զարգանա»,- ասում է պրն Զիրոյանը: Թեեւ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հրամանով նոյեմբերի 1-ից ջրային կենդանիների որսը նույնպես արգելվել է, այդուհանդերձ շատ առեւտրի կետերում «Սեւանի ձուկ» ցուցափեղկերով դեռեւս գնորդին առաջարկում են ձկների տեսականի: Ընդ որում, որոշ մասնագետներ վստահեցնում են, որ Սեւանա լճում սիգի եւ իշխանի ոչնչացման վտանգն անխուսափելի է: «Սեւանա լճում սիգի վիճակն իրոք անբարենպաստ է, 90-ականների որսը բերեց նրան, որ մենք այսօր ունենք մոտավորապես 600-700 տոննա ձուկ, ինչը ցածր պաշար է: 10-15 տարի Հայաստանը, ինչո՞ւ չէ՝ նաեւ Վրաստանը, կերակրվեց սիգով: Այդ ձկնատեսակն ապահովեց մեր երկրի սոցիալ-բնապահպանական անվտանգությունը, դրա համար մենք պետք է մեծ արագությամբ ապահովենք վերարտադրությունը,- ասում է Ա. Զիրոյանը՝ տեղեկացնելով, որ նախարարն այս տարի արգելել է սիգի արդյունագործական որսը: «Սիգի որսն արդեն շատ խիստ է արգելված, մենք հսկում ենք շուկաներում, բայց դե մարդիկ էսօր էնպիսի վիճակում են, որ չես կարող ասել…»,- նշեց նա: Բացի շուկաներից, Սեւանի թարմ սիգ են առաջարկում գրեթե բոլոր ռեստորանները: Եթե հաշվի առնենք, որ սիգի որսն արգելված է, ուրեմն օբյեկտների տերերն օրենք են խախտում, որի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն: Պրն Զիրոյանը տեղեկացնում է, որ տեսչական կառույցի միջոցով մոտ օրերս հասարակությանը տեղեկացնելու են, որ խստորեն արգելվում է թե՛ որսը, թե՛ օբյեկտներում առաջարկվող սիգ եւ իշխան ձկնատեսակի մատակարարումը: Ի դեպ, 1 սիգ որսալու համար սահմանված 1000 դրամ տուգանքին այսուհետ կփոխարինի օրինախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելը: Որսի արգելքը վերահսկելու են երեք կառույցներ՝ Բնապահպանական տեսչությունը, ՀՀ Ոստիկանությունը եւ մարզպետարանը, որոնց համատեղ աշխատանքի արդյունքում, ըստ Ա. Զիրոյանի, կբացառվի նաեւ կաշառքը: Վերջինս հույս ունի, որ այս եռյակն` իրարից վախենալով, բարեխիղճ կաշխատի, ինչի արդյունքում հնարավոր կլինի սիգի եւ իշխանի վերարտադրությունը: Սիգի սակավությունից ելնելով` այս տարի նախատեսվել է թույլատրել միայն խեցգետնի եւ կարասի որս: Որսը կատարվելու է որոշակի ժամանակահատվածում, որոշակի հատվածներում եւ որոշակի որսամիջոցներով: Կարասի որսը կթույլատրվի այն հատվածներում, որտեղ միայն կարաս է աճում: Ա. Զիրոյանի խոսքերով՝ նախատեսվել է 400 տոննա կարասի եւ նույնքան խեցգետնի որս: Մեր հարցին, թե արդյոք խեցգետնի մեծ քանակությամբ որսը ձկնատեսակներին պաշտպանելու միտումով չի՞ նախատեսվել, քանի որ Վարդան Այվազյանը մեզ հետ հարցազրույցում կարծիք էր հայտնել, թե դրանք վնասում են մանր ձկներին՝ պրն Զիրոյանը պատասխանեց. «Այդպիսի վտանգ չկա, որովհետեւ դրանք տարբեր կենսակերպ ունեցող ջրային կենդանիներ են, որոնք իրենց զարգացման, ձվադրման, բազմացման եւ սնման առումով տարբեր են, իրար չեն խանգարում: Սակայն ամեն դեպքում ճնշումը կա, դրա համար էլ թե՛ խեցգետնի, թե՛ կարասի շատ մեծ քանակությամբ որս ենք նախատեսել»: Որսը նախատեսվել է մայիս, հունիս, հուլիս եւ օգոստոս ամիսներին, ասել է թե՝ մեկ ամսում 100 տոննա խեցգետնի եւ կարասի որս կիրականացվի: Սեւանա լճի իշխան ձկան եւ դրա տարատեսակների վերաճի ապահովման նպատակով` 2005-ին լիճ է բաց թողնվել 2.36 մլն կողակ ձկան թրթուր, 37.5 հազ. հատ կողակի մանրաձուկ, 98.4 հազ. հատ ամառային իշխանի մանրաձուկ եւ 130 հազար գեղարքունի ձկան մանրաձուկ: Ինչ վերաբերում է իշխան տեսակի ձկանը, ապա Ա. Զիրոյանի հավաստմամբ, այս տարի բազմացնելու, վերարտադրելու նպատակով մոտ կես մլն իշխան ձուկ կլցվի Սեւանա լիճ:

Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի համոզմամբ, 5 տարվա ընթացքում մենք իշխանի վերարտադրողական, արդյունագործական պաշարներ կունենանք: Սեւանա լիճ լցվող 28 գետերից 5-7-ը կլինեն արգելավայրային գետեր, որպեսզի դրանց անվտանգությունը պահպանվի, եւ իշխան ձուկը զարգանա: Այս տարի Գավառ, Հիչք, Մասրիկ գետերի վրա արգելափակման միջոցներ կկիրառվեն իշխանի բազմացումն ապահովելու համար: Ի դեպ, մասնավոր արտադրությունները տարեկան մոտ 3000 տոննա իշխանի տարատեսակներ են արտահանում, իսկ Սեւանի խեցգետնից տարեկան արտահանվում է 400-500 տոննա: