Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտնել է, որ ամերիկացիների հետ համաձայնություն է ձեռք բերվել Բիշքեկի «Մանաս» օդակայանում տեղակայված ռազմակայանի վարձակալության վճարը 100 անգամ ավելացնելու շուրջ: Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին Բակիեւն ասել է, որ ռազմակայանի վարձակալության գինը տարեկան 2 մլն-ից հասցվել է մինչեւ 200 մլն դոլարի: ԱՄՆ-ը 2001-ից օգտագործում է Ղրղըզստանի ռազմակայանը՝ Աֆղանստանում գործողություններ իրականացնելու համար: Միեւնույն ժամանակ Բակիեւը հայտնել է, որ Կանտում գտնվող ռուսաստանյան ռազմակայանի համար Բիշքեկը գումար չի պահանջում, քանի որ այն գործում է Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: