ՀՀ Գլխավոր դատախազության մեր աղբյուրները հայտնեցին, որ ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյանների գործով քննիչներին լավ աշխատանքի համար ղեկավարությունը պարգեւատրել է: Փաստորեն՝ քննիչներ Արմեն Նադիրյանը եւ Արտաշես Բասենցյանը պարգեւատրվել են այս գործը փակելու համար: Արդեն երկու տարի է, Նաջարյանների՝ փորձագետների գնահատմամբ 3մլն դոլար արժողությամբ գույքը հափշտակված է, իսկ գույքը հափշտակող Գրիգոր Իգիթյանը (դա բացահայտված է քրեական գործով) մնացել է անպատիժ:
2006թ. հունվարի 25-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հերթական անգամ որոշում կայացրեց Գ. Իգիթյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին։ Ամերիկահայ բարերարներ Ջորջ եւ Քերոլայն Նաջարյաններին պատկանող՝ Երեւանի «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում կառուցված երկու եռահարկ շենքերը, Երեւանի Աբովյան փողոցում գտնվող ֆոտոխանութն` իր սարքավորումներով, Նաջարյանների թարգմանիչ եւ ներկայացուցիչ Գ. Իգիթյանը խարդախությամբ հափշտակել էր, եւ արդեն երկու տարի է, այս գործը մեկ հայտնվում է դատարանում, մեկ՝ Գլխավոր դատախազությունում:
«2004թ. հոկտեմբերից, երբ Նաջարյանները այս՝ իր փաստերով եւ հիմնավորումներով դասական խարդախություն համարվող գործը հանձնել են ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության պաշտոնյաներին, վերջիններս իրենց վրա են վերցրել Գրիգոր Իգիթյանի շահերի պաշտպանի գործառույթները: Այդ նպատակով, ըստ էության, իրենց վրա վերագրելով դատական գործառույթներ՝ Դատախազությունն անընդհատ եւ ապօրինի կարճում է Իգիթյանի դեմ բացված քրեական գործը կամ բողոքարկում է իր ապօրինի որոշումները վերացնող դատական որոշումները»,- ասում է Նաջարյանների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը։
Նաջարյանների դիմումների հիման վրա, դռնբաց եւ բազմամարդ դատական նիստեր կայացնելով՝ ՀՀ հինգ դատական ատյաններ (այդ թվում` Վճռաբեկ դատարանը) հինգ որոշումներով հաստատել են, որ Նաջարյաններին պատկանող գույքը խարդախությամբ հափշտակվել է, նրանց դեմ կատարվել է հանցագործություն, որից վերջիններս տուժել են, եւ որ Գ. Իգիթյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Իգիթյանին «փրկելուն» ուղղված Դատախազության ջանքերի արդյունքում, սակայն, ավելի է բացահայտվում Իգիթյանին սատարելու՝ Դատախազության պաշտոնյաների հանցավոր առաքելությունը։
Շուրջ մեկ եւ կես տարվա ընթացքում դատարանները հինգ անգամ մերժել են Գ. Իգիթյանի նկատմամբ քրեական գործը կարճելու մասին Դատախազության անօրինական որոշումները եւ բողոքները։ Դատախազության պաշտոնյաները համառորեն հրաժարվում են ընդունել դատարանի որոշումները եւ կատարել դրանց պահանջները` այդպիսով խախտելով ոչ միայն Հայաստանի օրենքները, այլեւ ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունները:
Մի քանի մեջբերում կատարենք այս գործի վերաբերյալ դատական որոշումներից:
2004թ.-ի դեկտեմբերի 9-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննության առնելով ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Նադիրյանի 2004թ.-ի հոկտեմբերի 9-ի՝ Գրիգոր Իգիթյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ Նաջարյանների ներկայացուցիչների բողոքը, բավարարել է այն` արձանագրելով, որ « … առկա են բավարար առիթ եւ հիմքեր քրեական գործ հարուցելու համար Գրիգոր Իգիթյանի դեմ, առանձնապես խոշոր չափերի խարդախություն Ջորջ Նաջարյանի նկատմամբ կատարելու, ինչպես նաեւ այլ հանցագործություն կատարելու առթիվ»: « …Քրեական գործ հարուցելու պահին արդեն իսկ հայտնի է եղել հանցագործությունից տուժած անձը` Ջորջ Նաջարյանը, սակայն վերջինս ընդհանրապես տուժող չի ներգրավվել»:
ՀՀ Գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը, որը պատասխանատու է իր վարչության քննիչների աշխատանքը վերահսկելու համար, դատական որոշումն ուսումնասիրելու, համապատասխան հետեւություններ անելու եւ ըստ օրենքի քայլեր ձեռնարկելու փոխարեն` պարզապես բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը՝ իր քննիչների կողմից առաջին ատյանի դատարանում բերած նույն անհիմն պատճառաբանություններով:
2005թ.-ի մարտի 10-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է պարոն Միրզոյանի բողոքը՝ հաստատելով հետեւյալը. «Նախաքննության մարմինը Ջ. Նաջարյանին տուժող չճանաչելով՝ թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որի արդյունքում վերջինս զրկվել ու սահմանափակվել է օրենքով երաշխավորված իրավունքներից, եւ խոչընդոտվել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումը, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Վերսկսելով գործի քննությունը՝ նախաքննության մարմինը պարտավոր է Ջորջ Նաջարյանին ներգրավել որպես տուժող եւ … հանգել համապատասխան հետեւության: Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում ամրագրված արդարացի դատաքննության սկզբունքով, ինչպես նաեւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներով, գտավ, որ դատախազի վերաքննիչ բողոքը, անհիմն լինելու պատճառով, պետք է թողնել առանց բավարարման»:
Գլխավոր դատախազությունը բողոքարկեց նաեւ այս՝ դատական երկրորդ ատյանի որոշումը։ 2005թ.-ի ապրիլի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանի Քրեական եւ զինվորական գործերով պալատը մերժել է ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության պետ Ա. Միրզոյանի դիմումը դատական երկու ատյանների որոշումները վերացնելու վերաբերյալ: Հաստատելով երկու դատարանների կայացրած որոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «…նախաքննության մարմինը չի ձեռնարկել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար, որպիսի պայմաններում … նշված հանգամանքների շուրջ խորացված քննություն կատարելու մասին դատարանի հետեւությունները հիմնավորված եւ պատճառաբանված են, ուստի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց բավարարման»։
ՀՀ վճռաբեկ դատարանի այս որոշմամբ, փաստորեն, հաստատվեցին երկու դատարանների որոշումներն առ այն, որ կատարվել է հանցագործություն, տուժել են բարերարներ, ուստի ՀՀ Դատախազությունը պետք է քրեական պատասխանատվության ենթարկի հանցագործին եւ վերադարձնի հափշտակվածը։ Պարզվեց, սակայն, որ դա չի վերաբերում ՀՀ Դատախազության պաշտոնյաներին։
Նաջարյանների գործը քննող նույն քննիչները, որոնց ապօրինի որոշումներն արդեն վերացվել էին երեք ատյանի դատարանների կողմից, եւ որոնց գործելակերպն առնվազն պետք է հարցեր առաջացներ նրանց աշխատանքը վերահսկող պաշտոնյաների մոտ, դատարանների որոշումները կատարելու փոխարեն հարցաքննության են կանչել գործով բոլոր այն վկաներին, ովքեր մեղադրական ցուցմունքներ էին տվել Գ. Իգիթյանի դեմ, եւ բացահայտ սպառնացել են նրանց` պահանջելով փոխել ցուցմունքները։ Վկաները, սակայն, պնդել են նախկինում իրենց տված ցուցմունքները։
Քննիչները հարցաքննության են կանչել նաեւ Նաջարյանների ներկայացուցիչներին, ինչն ընդհանրապես արգելվում է օրենքով։ Այս ամենից հետո, 2005թ.-ի օգոստոսի 30-ին նույն քննիչները կայացրել են Գ. Իգիթյանի դեմ քրեական գործը կարճելու մասին նոր որոշում՝ նույն այն հիմքերով, որոնք արդեն մերժել էին դատական երեք ատյանները։
2005թ.-ի նոյեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, այս անգամ քննելով Ջ. Նաջարյանի ներկայացուցիչների բողոքը, նորից վերացրել է ՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչության ավագ քննիչ Ա. Նադիրյանի կողմից քրեական գործը կարճելու մասին նոր որոշումը՝ նշելով հետեւյալը. «Վարույթն իրականացնող մարմինը ապացույցները գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու փոխարեն, գործի վարույթը կարճել է այն պատճառաբանությամբ, որ առկա վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ …»: Մինչդեռ, ըստ դատարանի՝ «Փոխադարձ վստահության վրա հիմնված գործնական հարաբերություններից քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման դեպք օրենքը չի նախատեսում»:
Դատախազության նաեւ այս՝ թվով արդեն չորրորդ դատական որոշման բողոքարկման արդյունքում 2006թ.-ի հունվարի 25-ին ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հերթական անգամ մերժեց Դատախազության բողոքը։ Դատարանի այս նոր որոշման համաձայն՝ Դատախազությունը «… չի կատարել ՀՀ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի եւ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի որոշումներում առաջ քաշված պահանջները եւ, վերջիվերջո, հակասելով իրեն՝ որոշում է կայացրել թիվ 61201004 քրեական գործով վարույթը կարճելու մասին` Գ. Իգիթյանի արարքում խարդախության հանցակազմի բացակայության պատճառով: Եթե վարույթն իրականացնող մարմնի կարծիքով Գ. Իգիթյանի արարքում բացակայում է խարդախության հանցակազմը, ապա ո՞ւմ կողմից կատարված Քրեական օրենսգրքով արգելված արարքով է Ջ. Նաջարյանին գույքային վնաս պատճառվել, որին հայտնաբերելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար վարույթն իրականացնող մարմինը, քրեական գործով վարույթը կարճելիս, ոչինչ չի ձեռնարկել»:
Դատարանի որոշման տեքստից երեւում է, որ դատավորներին առնվազն արդեն հոգնեցրել է Դատախազության պաշտոնյաների այս բացահայտ անպատիժ գործելակերպը։ Դատարանի որոշման մեջ նշված է. «Այլեւս անվիճելի փաստ է, որ ԱՄՆ քաղաքացի Ջ. Նաջարյանը հանդիսանում է որպես քրեական գործով տուժող անձ, ում Քրեական օրենսգրքով արգելված արարքով անմիջականորեն պատճառվել է գույքային վնաս, եւ դա ընդունվել է ինչպես Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր երեք դատական ատյանների, այնպես էլ քրեական գործով նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից: Մնում է միայն հայտնաբերել Քրեական օրենսգրքով արգելված արարք կատարած անձին եւ նրան ենթարկել քրեական պատասխանատվության»:
Դատարանի ուժի մեջ մտած որոշումը չկատարելը հանցագործություն է եւ պատժվում է օրենքով։ Որո՞նք են ՀՀ Գլխավոր դատախազության քննիչների՝ հանցագործին ամեն գնով պաշտպանելու այս բացահայտ գործողությունների շարժառիթները, եւ ինչո՞ւ չեն կատարվում դատարանի որոշումները։ Այս հարցերին կարող է պատասխանել միայն գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
www.hetq.am