Շիրակի մարզում թռչնագրիպի կանխարգելման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ինչի շրջանակներում Բնապահպանության Շիրակի մարզային տեսչության աշխատակիցները ստուգայցեր են կատարել մարզի սահմանամերձ մի շարք գյուղեր, որտեղից սպասվելիք վտանգն անհամեմատ ավելի մեծ է: Թե այդ աշխատանքները որքանով արդյունավետ կլինեն, դժվար է ասել, քանզի տարվա այս եղանակին մարզի որոշ համայնքներ պարզապես անանցանելի են լինում մինչեւ գարուն: Օրինակ, բոլորովին անանցանելի են Աշոցքի տարածաշրջանի որոշ գյուղեր: Բնապահպանության Շիրակի մարզային տեսչության պետ Արտուշ Մովսիսյանի հավաստմամբ` այսօրվանից մասնագետները կրկին կփորձեն ստուգայցեր կատարել այդ վայրերում, իսկ եթե դրանք նորից անանցանելի լինեն, համապատասխան մարմինների, համայնքների ղեկավարների հետ դրությունը վերահսկվելու է կապի միջոցով: