«Մեկ-մեկ ջղայնանում եմ, ասում եմ` գնամ, բայց սիրտս չի տալիս»

18/02/2006 Սոնա ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ

Եթե մեր սերունդը փոստատարին պատկերացնում է շնորհիվ հայտնի մուլտֆիլմի բարի պապիկի, ապա հաջորդ սերնդի համար, որը դաստիարակվում է ոչ թե սովետական մուլտֆիլմերով, այլ «հայրենական» արտադրության «Մադագասկար-ջան- Մադագասկարներով», «փոստատար» հասկացությունը, հավանաբար, կլինի անծանոթ ու խորթ: Պատճառները, թերեւս, օբյեկտիվ են. մարդկությունը զարգանում է՝ գտնելով հաղորդակցության նոր, ավելի մատչելի ուղիներ: Աղավնիները վաղուց ազատ սավառնում են, եւ գուցե մոտ ապագայում փոստատարի անհրաժեշտությունն էլ այլեւս չզգացվի: Բայց դա` ապագայում: Իսկ այսօր փոստատարի աշխատանքի, նրա հոգսերի, խնդիրների շուրջ փորձեցինք զրուցել այս աշխատանքում հմտացած, Արաբկիր համայնքի թիվ 33 փոստային բաժանմունքի փոստատար 51-ամյա Ռուբիկ Ղահրամանյանի հետ:

– Ինչո՞ւ ընտրեցիք փոստատարի աշխատանքը:

– Ճիշտն ասած, մտածված ընտրություն չի եղել: Ավարտել եմ առեւտրի ուսումնարանը, եւ մոտ 2 տարի «Արագիլ» ռեստորանում աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Հետո ինչ-ինչ խնդիրներ առաջացան, հեռացա: 1980-ին հին ծառայողներից մեկն ինձ բերեց փոստ, գործը սովորեցրեց, էդպես էլ մնացի փոստում: Արդեն 25 տարի ա` աշխատում եմ:

– Տարիների փորձառությունը ձեզ որեւէ նոր բան սովորեցրե՞լ է:

– Փոստատարի աշխատանքի սկզբունքը մարդկայնությունն է, բարեխղճությունը: Դա չես սովորի, բնավորություն ա: Մարդկանց հետ պիտի կարողանաս շփվել, ճիշտ մոտեցում գտնել: Պատահում ա՝ վախենում են դուռը բացել: Չեմ նեղանում. մարդկանց մեջ անվստահություն կա: Բնակիչների մի մասն էլ ինձ լավ ճանաչում ա, գնահատում ա աշխատանքս: Եթե հարգալից ես լինում, սիրալիր, իրանք էլ քեզ են հարգում, վստահում: Ամեն ինչ փոխադարձ ա:

– Ինչպե՞ս է անցնում փոստատարի աշխատանքային օրը:

– Առավոտյան 9-ին գալիս ենք բաժանմունք, նամակ, թերթ, ծանրոց վերցնում ու ճամփա ընկնում: Ոտքով եմ առաքում: Տարածքս անգիր գիտեմ՝ բակերով, մուտքերով: Էս տարվա ձյունն իսկական փորձանք էր, բայց, փառք Աստծո, դեպք չի պատահել: Օրական մոտ 10-15 նամակ եմ առաքում, տոների ժամանակ` մի քիչ շատ: Մեկ-մեկ պատահում ա, նամակներն ուշացած են լինում, բնակիչները բողոքում են: Ես էլ բացատրում եմ, որ մեղքը մերը չի: Իրանք էլ գիտեն, որ եթե մի հատ չոփ էլ լինի, ու իմ ձեռքը հասավ, բացառված ա, որ չստանան:

– 25 տարի է` աշխատում եք, նամակների միջին քանակը փոխվե՞լ է:

– Բնականաբար նվազել ա: Մարդիկ հիմա նախընտրում են կամ էլփոստով, կամ հեռախոսով կապվել հարազատների հետ: Տեսեք, եթե մարդը որոշում է ապահովության համար պատվիրված նամակ ուղարկել՝ պիտի մոտ 1500 դրամ վճարի: Հեռախոսն ու էլփոստը հա՛մ ավելի մատչելի են, հա՛մ արագ: Իհարկե, կան մարդիկ, որ նամակագրության ավանդական ձեւին չեն դավաճանում:

– Թերթերի վաճառքը փոստային ծառայության մա՞սն է կազմում:

– «Հայփոստը» թերթերն ուղարկում է բաժանմունքներին, փոստատարներն էլ փորձում են իրացնել: Ինչքան շատ վաճառեցիր` քո օգուտն ա. ամսվա վերջին աշխատավարձիդ տոկոսներ են գումարվում: Ես մոտ 50-60 մշտական գնորդ ունեմ: Հիմնականում ծրագիր ու «Գինդ» են առնում:

– Ժամանակի ընթացքում փոխվե՞լ է փոստատարի դերը:

– Սովետի ժամանակ աշխատանքի բնույթն ուրիշ էր, աշխատավարձն էլ 120 ռուբլի էր, բավականացնում էր, զեղչ գներով հանգստյան տան ուղեգրեր էին տալիս: Էն ժամանակ թերթերի բաժանորդագրություն կար, ամեն ընտանիք մոտ 10 անուն թերթ ու ամսագիր էր ստանում՝ «Սովետական Հայաստան», «Երեկոյան Երեւան», «Ավանգարդ», «Ֆիզկուլտուրնիկ», «Զդարովյե», «Վակրուգ սվետա»… Ըստ հասցեների՝ մի տետր ունեինք՝ «Խոդովիկ» էր կոչվում, մեջը գրանցված էր, թե որ տունն ինչ թերթեր ա բաժանորդագրվել: Կհիշեք, մուտքերում էլ հատուկ արկղեր կային, գցում էինք արկղերը, մարդիկ իրենք բանալիով բացում-վերցնում էին: Հետո էն ժամանակ թոշակներն էլ էինք մենք բաժանում: Արդեն հինգ տարի ա` սոցապներն են դրանով զբաղվում:

– Իսկ դա ինչպե՞ս է ազդել է ձեր եկամտի վրա:

– Պետականորեն թոշակների բաժանումից մեզ բան չէր հասնում: Հրաման կար, իրավունք չունեիր բնակչի գումարից բան վերցնել, եթե իր ցանկությամբ տար՝ տար, չէ՝ պիտի սուս-փուս դնեիր սեղանին, ստորագրել տայիր, գնայիր: Բայց մարդիկ միշտ էլ սրտանց մնացորդը քեզ էին թողնում: Եթե թոշակի բարձրացում էր լինում, լավ լուրի համար ավելի շատ գումար էին տալիս: Հիմա մենակ աշխատավարձն ա՝ 15.000 դրամ, մեկ էլ նամակներից (սովորականներից` 5 դրամ, պատվիրվածներից՝ 10 դրամ) ու թերթերի վաճառքից գումարվող տոկոսները: Ամսական եկամուտը 20.000-22.000 է: Բայց դե հիմա փողը արժեք չունի, մենք էլ բազմամարդ ընտանիք ենք, 8 հոգի…

– Երբեւէ չե՞ք մտածել փոստատարի աշխատանքը փոխելու մասին:

– Մեկ-մեկ ջղայնանում եմ, ասում եմ՝ գնամ: Բայց արդեն ընտելացել եմ: Կոլեկտիվս եմ շատ սիրում: Հոյակապ մարդիկ են: Պետից բռնած, բոլոր աշխատողներով մի տան, մի ընտանիքի պես ենք: Իրար սիրում ենք, հարգում, նեղ օրերին իրար ձեռք ենք մեկնում: Բնակիչներն էլ, որ իմանում են, ասում են՝ վայ Ռուբիկ, հանկարծ տենց բան չանես: Չէ, աշխատանքս սիրում եմ, հաճույքով եմ անում, սիրտս չի տա՝ գնամ: