«Զգուշավոր լավատեսությունը» լավ բան է

14/02/2006

Ռոբերտ Քոչարյանը Ռամբույեյից վերադառնալուց հետո անմիջապես իր մոտ է հրավիրել կոալիցիային (առանձին առանձին), եւ ի զարմանս կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների, որոնք կարծել են, թե Ռ. Քոչարյանն իրենց հրավիրել է բանակցությունների հնարավոր մանրամասներին տեղեկացնելու ու իր տպավորությունները կիսելու համար, Ռ. Քոչարյանը կոալիցիային է ներկայացրել իր դժգոհությունը՝ վերջիններիս հայտարարությունների առնչությամբ, թե Հրանտ Խաչատրյանը կարող է լավ օմբուդսմեն լինել, բայց կա այդ պաշտոնն Արմեն Հարությունյանին վստահելու մասին քաղաքական որոշում: Կոալիցիային հրատապ Նախագահական հրավիրելը պայմանավորված է եղել նրանով, որ Ռ. Քոչարյանը լուրջ մտավախություն ունի, թե այդ հայտարարություններից հետո Ա. Հարությունյանն առաջիկա քվեարկության ժամանակ էլ չի հաղթահարի 79 կողմ ձայնի պատնեշը, իսկ Սահմանադրությունը նույն թեկնածուին երրորդ անգամ առաջադրել թույլ չի տալիս: Ռ. Քոչարյանը կոալիցիային հանձնարարել է բանակցություններ վարել ԱԺ խումբ-խմբակցությունների հետ եւ 100 տոկոսանոց երաշխիք ստանալ, որ նրանք կողմ կքվեարկեն Արմեն Հարությունյանի թեկնածությանը: Ի դեպ, կոալիցիոն մեր աղբյուրների հավաստմամբ, Ռ. Քոչարյանը կոալիցիոն ուժերից պարզաբանումներ է պահանջել, թե նրանք Հ. Խաչատրյանի մասին նման հայտարարություններ անելիս մտածե՞լ են, թե ինչ հետեւանքներ կունենա, եթե հանկարծ Հ. Խաչատրյանն ընտրվի օմբուդսմեն: Բնականաբար, պարզաբանող չի եղել: Ի դեպ, Ռ. Քոչարյանն օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր, եւ հենց այնտեղ էլ հանդիպել է կոալիցիային: Իսկ օդանավակայանում նա` հեգնելով դիմել է Արթուր Բաղդասարյանին, ասել է` «Արդեն ընդդիմությանն ե՞ք պաշտպանում»: