ԼՂՀ հակամարտության կարգավորման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Ռամբույեում կայացած հանդիպման հետ շատերն էին մեծ հույսեր կապում: Լավատեսների թվում էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Ռոբերտ Քոչարյանը՝ իր «զգուշավոր լավատեսությամբ»:
Լրատվական գործակալությունների փոխանցմամբ` նախագահների հանդիպումը տեւել է ավելի, քան չորս ժամ: Թեեւ նախագահների երկօրյա բանակցությունների ընթացքի մասին լիարժեք տեղեկատվություն այդպես էլ չհրապարակվեց, սակայն դատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից, կարելի է եզրակացնել, որ համանախագահների սպասելիքները հանդիպման արդյունքներից շատ ավելին են եղել: Բանակցությունների ընթացքի եւ արդյունքների մասին թե՛ Ռոբերտ Քոչարյանը եւ թե՛ Իլհամ Ալիեւն առայսօր չեն խոսել, իսկ ահա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության մեջ ասված է, թե չնայած ակտիվ բանակցություններին, կողմերի դիրքորոշումը որոշ հարցերի առումով մնացել է անփոփոխ: «Այնուամենայնիվ, նախագահները բարձր են գնահատել բանակցությունների ընթացքը եւ արտգործնախարարներին ցուցումներ են տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշակել նոր ուղիներ հակամարտությունը կարգավորելու համար»,- նշված է համանախագահների տարածած հայտարարության մեջ: Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Սթիվեն Մանը հայտարարել է, թե քննարկումների արդյունքում կողմերի դիրքորոշումներում շոշափելի փոփոխություն տեղի չի ունեցել: Նրա խոսքերով` այժմ համանախագահները պետք է գնահատեն բանակցությունները: Սթիվեն Մանը նաեւ ասել է, թե Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի են ունեցել ինտենսիվ բանակցություններ, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության հարցերի ողջ շրջանակը, երկու նախագահների միջեւ լավ անձնական մթնոլորտ է ստեղծվել, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել:
Երեկ նախատեսված էր համանախագահների այցը Բրյուսել, որտեղ նրանք պետք է հանդիպման մասին զեկուցեին ԵԱՀԿ գործող նախագահին, իսկ մարտ ամսի սկզբին Վաշինգտոնում համանախագահները կխորհրդակցեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետագա ընթացքի շուրջ: «Մենք պետք է տեսնենք, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք այստեղից,- հայտարարել է Մանը` ընդգծելով,- արդյունքներ չկան, համաձայնություն ձեռք չբերվեց»: Իսկ ահա Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի խոսքերով` չնայած նրան, որ բանակցություններում համաձայնություն ձեռք չի բերվել, հայկական կողմը դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների շարունակման փաստը:
Անդրադառնալով նախագահների բանակցությունների ընթացքին եւ արդյունքներին` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն էլ ասել է, թե տարածքային ամբողջականության հարցում Ադրբեջանը որեւէ զիջումների չի գնալու: Ադրբեջանական ANS հեռուստաընկերության փոխանցմամբ` Մամեդյարովը նաեւ նշել է, թե նախագահներին չի հաջողվել համաձայնության գալ «ադրբեջանցի փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, թե նախագահները համաձայնության են եկել քննարկվող ինը հարցերից յոթի շուրջ: Մյուս կողմից, «Ազատություն» ռադիոկայանի` բանակցություններին մոտ կանգնած աղբյուրն էլ տեղեկացրել է, թե անցած բանակցությունները` Քի-Ուեստից հետո ու, հավանաբար, ղարաբաղյան գործընթացի ողջ պատմության ընթացքում, հակամարտությունը կարգավորելու համար ամենալուրջ փորձն էին: Բանակցող կողմերն, ըստ նրա, Քելբաջարի եւ ԼՂ-ի կարգավիճակի` շատ դժվարին խնդիրների առջեւ են հայտնվել եւ չեն կարողացել առաջ շարժվել: Իսկ արդյո՞ք ԼՂ-ի կարգավիճակը ենթադրում է հանրաքվեի անցկացում: Ըստ վերոնշյալ աղբյուրի, հանրաքվեն ղարաբաղյան կարգավիճակի մաս է կազմում, սակայն ինքը գերադասում է այն բնութագրել իբրեւ ղարաբաղյան կարգավիճակ: Ենթադրություններ կան, որ հայկական կողմը գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերման գրաֆիկը ցանկանում է կապել հանրաքվեի անցկացման ժամկետի հետ եւ այդ տրամաբանությամբ առաջարկում է Քելբաջարը հանձնել ամենավերջում, երբ ադրբեջանցիները համաձայնեն հանրաքվե անցկացնել ԼՂ-ում: Սակայն ադրբեջանցիները դեմ են այդ տարբերակին, իսկ Ռամբույեում էլ չի հաջողվել որեւէ առաջընթաց արձանագրել այս դիրքորոշումներում: Այսպիսով, կարելի է փաստել, որ դիվանագետները, ովքեր Ռամբույեի հանդիպումից մեծ ակնկալիքներ ունեին, այդ առումով հիասթափություն ապրեցին: Դա հավանաբար պայմանավորված էր նաեւ նրանով, որ նրանց ակնկալիքներն անհամեմատ շատ են եղել հանդիպման արդյունքներից: Դիվանագետների ներկայացմամբ` ցանկացած փաստաթղթում, ամենայն հավանականությամբ, պետք է համաձայնեցվի, որ ԼՂ տարածքի վերահսկողության դիմաց հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն ԼՂ հարակից տարածքներից: Կարող է քննարկվել նաեւ միջազգային խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում: Այդ ամենի հետ մեկտեղ չի բացառվում, որ ԼՂ կարգավիճակի հանրաքվեն կհետաձգվի անորոշ ժամանակով:
Ինչեւէ, դատելով բանակցությունների արդյունքների մասին առկա կցկտուր տեղեկություններից, կարելի է եզրակացնել, որ շաբաթներ շարունակ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ճեղքում խոստացող դիվանագետները ստիպված են արձանագրել, որ հիմնական հարցերի շուրջ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել, ոչ մի ճեղքում չի եղել եւ հակամարտության կողմերը մնացել են այն դիրքորոշմանը, որ ունեին նախկինում:
Հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը համաձայնություն են ձեռք բերել այն մասին, որ բանակցությունները կշարունակվեն մարտին` Վաշինգտոնում: Այնտեղ կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կքննարկեն առաջիկա մյուս հանդիպումների մանրամասները: