Ի՞նչ է արտադրում Կարապետիչը

14/02/2006

Երեւանի քաղաքապետարանը Կոմիտաս 59 հասցեում գտնվող ԱԼՄ հեռուստատեսության շենքը հասարակականից փոխել է արտադրական նշանակության: Փոփոխությունը տեղի է ունեցել 2005թ. նոյեմբերի 25-ի 2608-Ա որոշումով: Այդ որոշումը Կադաստրի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ստորաբաժանման համար հիմք է հանդիսացել, որ 200 մլն 527 հազար դրամ արժողությամբ շենքը վերագնահատի ընդամենը 28 մլն 947.500 հազար դրամի, այսինքն` մոտ 65.000 դոլար: Իսկ ո՞րն է այս վերագնահատման նպատակը: Եթե Տիգրան Կարապետյանը որոշի իր 5 հարկանի 2024 քմ տարածքով շենքը վաճառել, բնավ էլ 65 կամ 100 հազար դոլարով չի վաճառի: Բանն այն է, որ մինչեւ քաղաքապետարանի սույն որոշումը Կարապետիչն այդ շենքի համար վճարում էր տարեկան մոտ 600.000 դրամ գույքահարկ, իսկ վերագնահատումից հետո, 2006, 2007 եւ 2008 թվականների համար այդ թիվը դարձել է ընդամենը 86.000 դրամ: Իսկ թե այդ շենքում ի՞նչ են արտադրում, կարելի է մասամբ գուշակել: Միգուցե` արտադրանք ասելով պարոն Կարապետյանը նկատի է ունեցել ադամանդյա ու զմրուխտյա երգիչների՞ն: Դժվար է ասել: Նաեւ դժվար է գուշակել, թե Կադաստրն այդ մեկ բառի համար ինչո՞ւ է շենքի արժեքը 7-8 անգամ պակաս գնահատել: Ինչեւէ, մենք փորձեցինք Տ.Կարապետյանից անձամբ ճշտել, թե ինչքա՞ն է գնահատվել շենքը, եւ ինչո՞ւ է նշանակությունը հասարակականից դարձրել արտադրական:

«Շենքը ես 5 տարի առաջ եմ գնել եւ չեմ հիշում, թե ի՞նչ է արժեցել,- հեռախոսազրույցի ժամանակ զայրացած պատասխանեց պարոն Կարապետյանը:

-Դուք որտե՞ղից եք իմացել, եւ ինչո՞ւ է դա ձեզ հետաքրքրում: Միգուցե դա առեւտրային գաղտնի՞ք է: Ինչո՞ւ եք հետաքրքրվում մեզանով: Հիմա լավ կլինի՞, որ ես էլ ձեզանով հետաքրքրվեմ ու եթերով հեռարձակեմ: Եվ հետո, եթե ձեզ ինչ-որ բան է հետաքրքրում, գրավոր դիմեք: Ես ձեզ ոչինչ չեմ ասի»:

Ա.Ա.