Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություններում ընդդիմությունը մեծ անակնկալ մատուցեց իշխանական կոալիցիային: Օմբուդսմենի նոր ընտրություններում ընդդիմությունը նոր թեկնածու է առաջադրել` ՍԻՄ նախագահ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Հրանտ Խաչատրյանին, ինչը, կարծես, խառնել է իշխանությունների խաղաքարտերը, եւ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող պատգամավորները հայտնվել են երկընտրանքի առաջ` ենթարկվել պարտադրանքին եւ ընտրել «Քոչարյանի մարդը համարվող» Արմեն Հարությունյանի՞ն, թե՞ իրենց գործընկերոջը` Հ. Խաչատրյանին: Այս մասին է մեր զրույցն օմբուդսմենի թեկնածու Հրանտ Խաչատրյանի հետ:
– Քաղաքական մարտավարության շրջանակներում քննարկում կատարվեց եւ ստեղծված իրավիճակում պետք էր նոր քայլ կատարել: Ճիշտ է, մենք գտնում էինք, որ պետք է Լարիսա Ալավերդյանը շարունակի իր պաշտոնը: Բայց քաղաքական տեխնոլոգիաների առումով, նրա թեկնածությունը չառաջադրվեց եւ ես որոշեցի վերցնել այդ պարտականությունները ու ներկայացնել իմ տեսակետները մարդու իրավունքների պաշտպանի մասին, թե ինչպիսին պետք է նա լինի: Ավելին, քանի որ մինչեւ ելույթը շատ քիչ ժամանակ էր մնում, ես նաեւ որոշեցի ցուցադրել, թե ինչ պետք է անի օմբուդսմենը խորհրդարանում: Ես դա ցուցադրեցի եւ դրական իմաստով արձագանքներ ստացա:
– Կոալիցիայի մաս կազմող պատգամավորներից ոմանք հայտարարեցին, որ Ձեր թեկնածությունն ընդունելի է իրենց համար, բայց ափսոսանք հայտնեցին, որ իրենք արդեն կայացրել են քաղաքական որոշում եւ ստիպված պաշտպանելու են Ա. Հարությունյանին: Այդ տեսանկյունից որքանո՞վ եք հավանական համարում ձեր հաղթանակը:
– Այդ հաղթանակը չի կարող լինել իմը: Ես քաղաքական ասպարեզում էլ ինձ վատ չեմ զգում: Խորհրդարանական այնպիսի փոխհարաբերություններ, ինչպիսին ստեղծվել է քննարկումներից հետո եւ երկրորդ քվեարկությունից առաջ, չէի ակնկալում: Ինձ համար դրական է կոալիցիայի պատգամավորների ցուցաբերած վերաբերմունքը: Ճիշտն ասած, այլ բան չէի էլ սպասում, բայց մտածում էի, որ հրապարակային արտահայտություններն այլ լինեն: Սակայն այդպես չեղավ: Ընդհանրապես, մարդու իրավունքների պոտենցիալ պաշտպանի հատկանիշներից` հրապարակային, շատ ճանաչված լինելը, անձի առումով հետագայում կանխատեսելի լինելը նկատի ունենալով, ես որոշեցի մտնել այդ դերի մեջ եւ ցույց տալ, թե ինչպես եմ պատկերացնում մարդու իրավունքների պաշտպանին: Իմ կարծիքով, ես խորհրդարանի հետ անկեղծացել եմ եւ այնտեղից էլ անկեղծ արձագանք եմ ստացել: Իսկ թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, ինձնից կախվածը կանեմ, որ դրանք նորմալ ընթանան:
– Հանուն կոալիցիայի թեկնածուի, իշխանությունները, ըստ Ձեզ, հնարավո՞ր է՝ դիմեն ընտրակեղծիքների կամ վերահսկեն քվեարկությունը: Եվ այդ դեպքում արդեն ի՞նչ եք մտադիր անելու:
– Թվում է՝ կեղծողը միշտ առավելություն ունի, բայց ես միշտ հակառակն եմ մտածում՝ կեղծողն առավելություն չունի: Դա ես համարում եմ տեխնոլոգիա: Բայց եթե մարդու իրավունքների նոր պաշտպանի գործունեությունը սկսվի քվեարկության արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող կեղծիքներով, ապա ավելի լավ է՝ չսկսվի:
– Այս իշխանությունների օրոք ո՞նց եք պատկերացնում այդ պաշտոնում ձեր աշխատանքը: Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել, օրինակ, ձեր այն ընդդիմադիր ընկերների իրավունքները, որոնց կարող է հանկարծ առաջիկա հանրահավաքների ժամանակ նորից ձերբակալեն:
– Կարծում եմ՝ այս ոլորտում որակական փոփոխություններ են անհրաժեշտ: Ես անձը նկատի չունեմ, այլ ընդհանուր պետական համակարգը: Որպեսզի ես ընտրվեմ, պետք է ստանամ 79 ձայն: Դա նշանակում է՝ պետք է բոլոր ազդեցիկ ուժերն իրենց համաձայնությունը տան: Եթե ենթադրվում է, որ պետք է այդ համաձայնությունը տան ու միակողմանի զիջումներ կորզեն, ապա դա կարող եք միանգամից բացառել: Իսկ եթե խոսք գնա փոխզիջումների մասին, ապա այդ առումով ես առաջնայնությունների մասին ասել եմ. ո՞վ չի հասկանում, որ բոլոր խնդիրները մի օրում չեն լուծվում, ո՞վ չի հասկանում, որ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները վճիռներ կայացնելու մեջ չեն: Իսկ ինչ-որ ինձնից պահանջվում է, արվելու է շատ բարձր մակարդակով: Ինչ վերաբերում է մթնոլորտին, իշխանություններից որ հարցի լուծումը երբ եւ ինչ ժամկետներում պահանջելուն` լինելու է փոխհամաձայնեցված: Իհարկե, շատ բաներ ունեմ ասելու, բայց ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել:
– Խորհրդարանական ընդդիմությունը վերջին շրջանում աննախադեպ ակտիվացավ եւ հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել իշխանությունների հետ եւ գնալ զիջումների, եթե վերջիններս ձեզ մարդու իրավունքների պաշտպան ընտրեն: Ստացվում է, որ օմբուդսմենի աթոռի համա՞ր էր ողջ պայքարը:
– Ընդդիմության կողմից բոյկոտը չի դադարեցվել, այլ հայտարարվել է, որ բոյկոտի շրջանակներում ժողովրդի ու երկրի համար ավելի շատ կարեւոր հարցեր ենք տեսնում եւ դրանց շուրջ խորհրդարանում կարող ենք հանդես գալ ու պայքարել: Առաջինը, կարծես ի փորձություն ընդդիմության ու կոալիցիայի, եղավ մի հարց, որի վերաբերյալ քննարկումները կարելի էր բարձրացնել քաղաքական հարթությունից մի քիչ ավելի վերեւ: Ինչ վերաբերում է աթոռակռվին, ապա դա շատ բնական բան է հասարակության մեջ: Քաղաքական դաշտը իշխանության կռիվ, իշխանության պայքար է ենթադրում: Հիմա մենք դասակարգե՞նք, թե ով ինչ նպատակներով է ձգտում իշխանության: Կարծես ավելորդ է, քանի որ ակնհայտ է: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի աթոռին, ապա դա ինչո՞վ է ավելի լավը, քան, ասենք, պատգամավորի աթոռը: Եթե նրանով, որ առանձին աշխատասենյակ ունի, ապա ես էլ առանձին աշխատասենյակ ունեմ այստեղ: Համենայնդեպս, հաշվի առնելով իմ թեկնածությունն առաջադրելու արագ տեմպերը եւ իմ համաձայնությունը, կարելի է հստակ ասել, որ այստեղ բացառվում է քաղաքական որեւէ խաղի առկայությունը: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է «Արդարություն» դաշինքն առաջադրել իմ թեկնածությունը, բայց ինձ համար այդ պահից քաղաքական նկատառումներն ու դիրքորոշումներն ավարտվել են: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այս հարցի շուրջ բանակցություններ սկսվեին իշխանական ու ընդդիմադիր դաշտերի միջեւ, ինչը, ընդհանուր պետական կառավարման համակարգի մեջ, կնպաստի խորհրդարանի ինքնուրույնության բարձրացմանը: Բայց ես դա էլ եմ թողնելու իրենց, քանի որ շատ կարեւոր է քաղաքական չեզոքությունը:
– Օմբուդսմենի` ընդդիմության նախորդ թեկնածու Ռուբեն Թորոսյանի մասին ընդդիմադիր պատգամավորներից մեկը կարծիք հայտնեց, թե նա ԱԺ ամբիոնն օգտագործեց իր քաղաքական ռեյտինգը բարձրացնելու համար: Կարելի՞ է նույնն ասել նաեւ ձեր մասին. որ դուք էլ 2007 թվականի ընտրությունների նախաշեմին ընդդիմության ու նաեւ ձեր քաղաքական ռեյտինգի խնդիրն եք լուծում:
– Եթե մի հրաշքով ստանձնեմ այդ պաշտոնը, ապա վեց տարի պետք է դադարեցնեմ իմ անդամակցությունը կուսակցությանը եւ վայր դնեմ մանդատս: Այնպես որ, ապագա վեց տարում քաղաքական ռեյտինգի մասին խոսք լինել չի կարող: Եվ անկեղծ ասած` իմ քաղաքական ռեյտինգի համար ես այս քայլին չէի դիմի: Իսկապես չէի դիմի, որովհետեւ քիչ չեն դեպքերը, երբ գնում ես ռիսկի, բայց ստանում ես բացասական արձագանք, եւ ռեյտինգի շատ մեծ անկում ես ունենում: Բայց եթե պիտի ամեն ինչ ավարտվի նրանով, որ բարձրացված նշաձողը մնա այդ մակարդակի վրա, ընդդիմությունն ու կոալիցիան չկարողանան միասին հաղթահարել 79 քվե ստանալու նշաձողը, ապա դա կլինի նվաճում ոչ միայն ընդդիմության, այլ նաեւ խորհրդարանական կուսակցությունների համար:
Ասեմ, որ այս ամենում խոսք կարող է գնալ անհատական ռեյտինգի մասին: Եթե հնարավոր լինի այս պայմաններում օմբուդսմենի պաշտոնում նվազագույն խնդիրներ լուծել, դրանով անձնական ռեյտինգ կավելացնեմ:
– Ի դեպ, ընդդիմությանն ի՞նչ պաշտոններ են պետք, որ այլեւս հանրահավաքներ չանի ու լռի` դադարեցնելով իր պայքարը:
– Պաշտոնները չեն օգնում: Կարեւորը ընդհանուր դրվածքն է: Ես պատահական չէի խոսում հումանիզմի` մարդասիրության մասին: Դա կոնսոլիդացնող երանգ է մարդկային հարաբերությունների մեջ: Հումանիզմի սկզբունքները պետք է դրվեն եւ՛ արդարադատության, եւ՛ քաղաքական պայքարի հիմքում, եւ՛ ԼՂՀ հիմնախնդրի լուծման մեջ: