Կարող է մեծ դեր ունենալ

14/02/2006

«Օտարերկրյա դիվանագետները Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմավարական գործընկերն է եւ կարող է մեծ դերակատարություն ունենալ Իրանի միջուկային ծրագրերը խափանելու գործում»,- գրում է Իսրայելում լույս տեսնող «Ջերուսալեմ փոստ» թերթը: Ամերիկացի անանուն պաշտոնյաները գտնում են, որ Ադրբեջանը կարող է օգտագործել հյուսիսային Իրանում ապրող 20 մլն ադրբեջանցիներին: «Իրանի ադրբեջանցիները կարող են հեղաշրջում առաջնորդել եւ նպաստել իշխանափոխությանը,- ասել է պաշտոնյաներից մեկը՝ ավելացնելով,- նրանք տեսնում են, որ կյանքն Ադրբեջանում բարելավվում է եւ արեւմտականանում, մինչդեռ Իրանում իրենք շարունակաբար տառապում են»: Որոշ աղբյուրների համաձայն` ԱՄՆ-ը եւ Իսրայելը քննարկում են Իրանի միջուկային ռեակտորների վրա հարձակման համար Ադրբեջանի տարածքն օգտագործելու հարցը: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անցած շաբաթ Բաքվում Իրանի դեսպանին հավաստիացրել է, որ թույլ չի տա ԱՄՆ-ին` իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ հարձակման համար: