Էլիտար շենքերն «էլիտարների» համար են

14/02/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Երեւանում «սնկի նման» շատանում են նորակառույց շենքերը: Թվում է՝ վերջիններիս համար իրենց նորակառույց-էլիտար թանկ բնակարանները վաճառելը պետք է շատ դժվար լիներ: Սակայն, անշարժ գույքի գործակալությունների տվյալներով` մայրաքաղաքում կառուցվող էլիտար շենքերի բնակարանների մեծամասնությունն արդեն սեփականատերեր ունի: Իսկ ովքե՞ր են նրանք. «սովորական» կամ, ինչպես ասում են, միջին խավի քաղաքացինե՞րը: Իհարկե, ոչ:

Որտե՞ղ գնել բնակարան, ի՞նչ արժե այն, ապառիկով գնելու հնարավորություն կա՞, թե՞` ոչ: Այս առաջնային հարցերի պատասխանը ստանալու համար քաղաքացին նախեւառաջ պետք է դիմի անշարժ գույքի որեւէ գործակալության, օրինակ, «ԷՍԿո-Կոնցեռն» ընկերությանը: Վերջինս բնակարաններ է առաջարկում ինչպես Պարոնյան 8 հասցեում գտնվող նորակառույց էլիտար շենքում, որը շահագործման կհանձնվի մայիսին, այնպես էլ` Սարյան փողոցի վրա տեղակայված բարձրահարկ շենքում, որի կառուցման ավարտը նախատեսված է սեպտեմբերին: Ընկերության հայտարարությունում գրված է. «Գները` գայթակղիչ»: Եվ իրոք, այդ գներին ծանոթանալու դեպքում կարելի է գլխապտույտից գայթել (սայթաքել): Պարոնյան փողոցի նորակառույցում բնակարանի 1 քմ-ն արժե 850-1000 դոլար, իսկ Սարյան փողոցի վրա` 750-1000 դոլար: Եվ այս ամենն` առանց «կոսմետիկ» վերանորոգման: Երկրորդ շենքում բնակարանի վաճառքն իրականացվում է միայն կանխիկով, իսկ առաջին շենքում` նաեւ հիփոթեքային վարկավորման միջոցով (12% տոկոսադրույքով եւ մինչեւ 7 տարի մարման ժամկետով): Ընդ որում, ապառիկ վաճառքի պայմաններից մեկն այն է, որ ընտանիքի ամսական եկամուտն աշխատավարձի տեսքով պետք է գերազանցի 2000 դոլարը: Հետաքրքիր է` Հայաստանում կա՞ն արդյոք նման ընտանիքներ: Ամենայն հավանականությամբ` ոչ: Նույնիսկ պետական պաշտոնյաների ընտանիքներն այդքան աշխատավարձ չեն ստանում: Այնուամենայնիվ, նորակառույց շենքերի բնակարանների մեծամասնությունն արդեն վաճառված է: Որոշ անշարժ գույքի գործակալությունների տվյալներով` նորակառույցներ կան, որոնց բոլոր բնակարաններն արդեն սեփականատերեր ունեն: Ի դեպ, հիփոթեքային վարկից օգտվելու համար վերոնշյալ պահանջը պայմանական է, քանզի գործակալությունից քաղաքացուն առաջարկում են գնալ եւ այդ առնչությամբ (խոսքը վերաբերում է 2000 դոլարից պակաս ամսական եկամտին) առկա «պրոբլեմների մասին զրուցել»: Այսինքն, «համոզելու վրա է», մի ելք կգտնեն: Իսկ «Կասկադ Ռիելթի» անշարժ գույքի գործակալությունն առաջարկում է Կենտրոն համայնքի շատ նորակառույց բնակարաններ` սկսած 1 քմ-ի դիմաց 870 դոլարից: Այս բնակարանները վաճառվում են միայն գաջած վիճակով: Եվ միայն Ամիրյան փողոցի վրա գտնվող շենքի բնակարաններն են վաճառվում ապառիկով:

Այս գների պայմաններում նույնիսկ միջինից բարձր եկամուտ ստացող քաղաքացիները դժվար թե ցանկություն հայտնեն էլիտար շենքերում բնակարաններ գնել: Վերջիններիս նկատմամբ պահանջարկ ներկայացնում են միայն «էլիտար» քաղաքացիները: Սակայն, նրանք էլ են կանգնում բազմաթիվ դժվարությունների առջեւ: «Շատ եմ հետաքրքրվել Հյուսիսային պողոտայի բնակարաններով: Օրինակ, մեկ հարթակի վրա ինձ առաջարկեցին եւ՛ սովորական ու եվրոստանդարտներով վերանորոգված, եւ՛ առանց վերանորոգման բնակարաններ: Խնդիրը միայն գինը չէ («տՏՊ Սս՚փ» բնակարաններն արժեն մոտ 2500 դոլար 1 քմի-ի դիմաց): Ես կանգնեցի մի շարք այլ դժվարությունների առջեւ` կապված տարբեր փաստաթղթերի ներկայացման հետ: Մի խոսքով, առանց ծանոթի շատ դժվար է նորակառույց բնակարան ձեռք բերել»,- ասում է քաղաքացին: Հետաքրքիր է նաեւ այն, որ ոչ բոլոր բնակարաններն են վաճառվել վերոնշյալ «շուկայական» գներով: Շինարարական ընկերությունները հիմնականում իրենց ծանոթներին առաջարկում են հնարավոր նվազագույն գներով ձեռք բերել այդ տները: Քաղաքացիներից մեկը հավաստիացնում է, որ իրեն առաջարկել են Հյուսիսային պողոտայի ցանկացած չվերանորոգված բնակարան տրամադրել 1 քմ-ի դիմաց վճարելով 450 դոլար: Այս պարագայում հասկանալի է դառնում, թե ովքեր են նորակառույցների ապագա բնակիչները:

Կառուցվող շենքերի հետ կապված կոնֆլիկտների ամենատարածված պատճառներից են բնակարանների հանձնման ժամկետների ձգձգումը, սեփականության իրավունքի գրանցումը, տրամադրման հստակ պայմանների բացակայությունը եւ, իհարկե, այն, որ շինարարական ընկերությունները կարող են հրաժարվել գումարները վերադարձնելուց այն դեպքում, երբ շենքի կառուցումը չի ավարտվում: Հայաստանյան անշարժ գույքի գործակալությունների տեղեկացմամբ` հայ հաճախորդները վերջին խնդրի հետ երբեք չեն առնչվել: Այսինքն, նորակառույց շենքում բնակարան ձեռք բերողը ռիսկի չի դիմում:

Հատկանշական է նաեւ այն, որ կառուցվող շենքերը ներկայացնում են անշարժ գույքի շուկայի առանձին հատված: Եվ եթե հին շենքերի բնակարանների գները շարունակում են աճել, ապա նորակառույցներն էժանանում են: Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ վերջիններիս թիվն օրեցօր ավելանում է: Իսկ թե ինչո՞ւ են այդ բնակարանների գները մնում շատ բարձր, պայմանավորված է նրանով, որ նորակառույցն ամեն մեկի համար չէ: Այս ոլորտն ապացուցում է այն, որ Հայաստանում շարունակվում է հասարակության հստակ շերտավորման գործընթացը: Չենք զարմանա, եթե մի օր էլ ֆաշիստական Գերմանիայի նման բարձր ու հաստ մի պատ կառուցեն, որը կտարանջատի հասարակության բազմաթիվ անդամներին որոշ «քաջ նազարներից»: