Գյուղատնտեսության նախարարությունը վերջապես որոշել է կանոնակարգել թունաքիմիկատների վաճառքի շուկան: Այսինքն՝ այդ նյութերը վաճառող տնտեսվարող սուբյեկտը կամ ֆիզիկական անձը պետք է նախ լիցենզիա ձեռք բերի, բնականաբար` Գյուղնախարարությունից, հետո համապատասխան գործունեություն ծավալի:
Նույն նախարարության տվյալներով, արտոնագրված թունաքիմիկատ վաճառողների թիվը երեք տասնյակից չի անցնում: Իսկ արտոնագիր չունեցողների թիվը տասն անգամ ավելի մեծ է: Փաստորեն, այսօր այդ նյութերը վաճառում են հիմնականում պատահական մարդիկ եւ դա անում են սանիտարական անմխիթար պայմաններում: Գյուղնախարարությունը վերջերս թունաքիմիկատների գրանցման եւ վաճառելու համար լիցենզիա ստանալու կարգ է մշակել ու հանձնել է կառավարության դատին: Իսկ մինչ այդ նյութերի վաճառքը կշարունակի մնալ բարձիթողի վիճակում:
«Թունաքիմիկատների վաճառքի մեջ միշտ էլ բավականին մեծ թերություններ են եղել,- վիճակը չի թաքցնում Գյուղնախարարության Գյուղատնտեսության ճյուղերի զարգացման վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը: – Դրանով է պայմանավորված հողօգտագործողների մեծ դժգոհությունն այդ նյութերի որակի վերաբերյալ: Ավտոտնակում, փողոցներում, տանը, տարբեր տեղերում եւ սանիտարական վատ պայմաններում մարդիկ թունաքիմիկատ են վաճառում»:
Հողօգտագործողները շատ են դժգոհում, որ գնած թունաքիմիկատն ազդեցություն չի ունենում: Նրանք երբեմն էլ դժգոհում են, որ նյութը հակառակ էֆեկտն է տվել, օգտագործելուց հետո պարզել են, որ մշակաբույսն է վնասվել կամ այրվել: Լինում են դեպքեր, երբ գյուղացին ամբողջությամբ կորցնում է բերքը, բայց ոչ մի կերպ չի կարողանում իր իրավունքները պաշտպանել, ապացուցել, որ դրա պատճառը եղել է թունաքիմիկատը: Գ. Պետրոսյանի ասելով, վաճառողները շատ հաճախ մասնագետ չեն լինում եւ չեն կարողանում գնորդին բացատրել նյութի օգտագործման ճիշտ ձեւը: Լինում են նաեւ դեպքեր, երբ նյութը ժամկետանց է լինում: Այս նոր նախաձեռնությամբ Գյուղնախարարությունը ցանկություն ունի բարձր մակարդակի հասցնել թունաքիմիկատների վաճառքի շուկան:
«Գյուղատնտեսության նախարարությունը նպատակ ունի հստակ պահանջներ ներկայացնել թունաքիմիկատների վաճառքի շուկային,- ասում է Գ. Պետրոսյանը: -Բացի սանիտարահիգիենիկ պայմաններից, շատ կարեւոր է, որ թունաքիմիկատները վաճառվեն պիտակավորված տարաներով, տրվեն խորհրդատվական թերթիկներ, որտեղ պետք է նշված լինի, թե նյութն ի՞նչ չափաքանակով ու եղանակով պետք է օգտագործվի: Ի վերջո, դա թույն է, չէ՞: Վաճառվող թունաքիմիկատի հետ անպայման պետք է որակի սերտիֆիկատ տրվի: Ուզում ենք՝ վաճառքն իրականացվի մասնագետների կողմից, որը կկարողանա պարզաբանել ծագած հարցերը: Մեզ համար չափանիշ է եղել թունաքիմիկատի ազդող նյութը: Շատ դեպքերում դա ապահովված է լինում: Բայց հետո տեսնում ենք, որ օգտագործման արդյունավետությունը ցածր է լինում: Ուսումնասիրում եւ տեսնում ենք, որ պատրաստուկի մեջ ընդգրկված նյութերը իրար չեն համապատասխանում: Դրա համար էլ վաճառողը պետք է մասնագետ լինի»:
Գյուղնախարարությունը որոշել է հստակեցնել նաեւ ներմուծվող թունաքիմիկատների ցանկը: Կա միջգերատեսչական հանձնաժողով, որը ուսումնասիրում է ներկայացված նյութը, հետո նոր ներմուծման թույլտվություն է տալիս: Հանձնաժողովը կազմված է Գյուղատնտեսության, Առողջապահության, Բնապահպանության նախարարությունների եւ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետներից: Ներկայումս Հայաստանում մոտ 190 անուն թունաքիմիկատ կա գրանցված: Նյութն ընդունելիս հաշվի են առնում ներկայացված փաստաթղթային տվյալները, լաբորատոր հետաքննություն չի իրականացվում: Գ. Պետրոսյանը հավատացնում է, որ միայն փաստաթղթային տվյալները բավարար են, որ հանձնաժողովը կարողանա պատկերացում կազմել, թե ներկայացվածն ինչ կարգի նյութ է: Գրանցման համար էլ ներկրողից պետականորեն դեռ գումար չի գանձվում, ինչպես դեղերի դեպքում: Սակայն հանձնաժողովականները սկսել են դժգոհել այդ անվճար աշխատանքի համար եւ հավանաբար դաշտը կարգավորելուց հետո Գյուղնախարարությունը գրանցման համար որոշակի գումար կսահմանի: Համենայնդեպս, այդպես է պահանջում նաեւ միջազգային փորձը: Իսկ լիցենզավորվելուց եւ կանոնակարգվելուց հետո թունաքիմիկատների շուկային հավանաբար կսպառնա այն փոփոխությունը, ինչը վերջին տարիներին տեղի ունեցավ դեղերի շուկայում: Ոլորտը մոնոպոլիզացվեց, որի հետեւանքով ասպարեզից դուրս մնացին մանր ու միջին ներկրողները: Ու ցածր մրցակցության պայմաններում արհեստականորեն բարձրացավ դեղերի գինը: Չի բացառվում, որ նույնը տեղի կունենա նաեւ այս ոլորտում, եւ մեր օլիգարխներից կամ պաշտոնյաներից մեկի մտքով կանցնի, որ թունաքիմիկատների առքուվաճառքը եկամտաբեր է եւ կորոշի սեփականացնել այն: Բայց դե, մենք էլ ունենք տնտեսության մրցակցությունը պաշտպանող հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ բոլորիս կհամոզի, որ Հայաստանում մրցակցության հավասար պայմանների սկզբունքը պաշտպանված է: