«Ադրբեջանցիներին տեսնել չեմ ուզում»

14/02/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Արցախյան շարժման սկզբներին Վեսմիրա Վարդանյանն ընտանիքի հետ Բաքվից տեղահանվել է` այնտեղ թողնելով իր ողջ ունեցվածքը: Նա պատմում է, որ մեծ դժվարությամբ են կարողացել դուրս գալ Բաքվից. նրանց օգնել է բարեկամներից մեկի ադրբեջանցի ընկերը: «Հույս չունեինք, որ ողջ ու առողջ կհասնենք Հայաստան»,- ասում է Վ. Վարդանյանը:

Ընտանիքը Բաքվից Թիֆլիսով հասել է Երեւան: Մի քանի օր մնալուց հետո, երբ տեղի ունեցավ երկրաշարժը, նրանք տեղափոխվեցին Աշգաբադ քաղաք, որտեղ էլ բնակվեցին մոտ մեկ տարի:

Այնուհետեւ Վարդանյանների ընտանիքը վերադարձավ հայրենիք, բնակություն հաստատեց Վ.Վարդանյանի՝ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում գտնվող հայրական տանն ու այնտեղ բնակվեցին շուրջ 10 տարի: Հնում կառուցված գյուղի տունն Արցախյան պատերազմի ռմբակոծությունների արդյունքում կամաց-կամաց ավերվեց. արդեն անհնար էր այդ տանը բնակվել: Շուտով մահացավ նաեւ Վեսմիրայի ամուսինը:

Բնակարանային պայմանները նրանց ստիպեցին տեղափոխվել Շուշի: Այստեղ նրանք ձեռք բերեցին մի բնակարան, որն ամբողջությամբ ավերված էր: Մեկ տարի ընտանիքով ապրեցին Վեսմիրայի քրոջ տանը, որը նույնպես գտնվում է Շուշիում: Այդ ընթացքում բնակարանը սեփական սուղ միջոցներով վերանորոգեցին ու տեղափոխվեցին այնտեղ: Արդեն երեք տարի է, նրանք ապրում են այդ տանը:

Այժմ Վ.Վարդանյանի երկու տղաներն իրենց ընտանիքներով ապրում են Շուշի քաղաքում, իսկ մյուս տղան` Աշգաբադում: 55 -ամյա կնոջ ընտանիքի միակ աշխատողը տղան է: «Մեր ընտանիք ամսական մտնում է շուրջ 100 հազար դրամ, ինչը մեր պայմաններում չի բավարարում 6 հոգանոց ընտանիքի կարիքները հոգալուն, բայց չենք հուսահատվում: Կարեւորն ինձ համար ոչ թե շատ փողն ու լավ կյանքն է, այլ այն, որ այս ժողովուրդն այլեւս պատերազմ չտեսնի, կորուստներ չկրի»,- ասում է Վեսմիրա Վարդանյանը:

Նրա խոսքերով, Շուշիում ամենամեծ խնդիրը գործազրկությունն է. քիչ են աշխատատեղերը, այդ պատճառով էլ որոշ երիտասարդներ, ընտանիքի տղամարդիկ ստիպված են լինում աշխատանք գտնել քաղաքից դուրս բնակավայրերում:

Ապրում են եւ կշարունակեն մնալ այստեղ, քանի որ արդեն հաստատվել են այդ քաղաքում: Ինչպես ասում է Վ.Վարդանյանը, ուրիշ տեղ չունեն գնալու, միայն թե նորից պատերազմ չլինի: Նա միաժամանակ հույս հայտնեց, որ քաղաքը բարեկարգելուն զուգահեռ` կստեղծվեն նաեւ աշխատատեղեր, եւ իրավիճակը կփոխվի:

Տիկին Վարդանյանի հետ զրուցեցինք նաեւ Ղարաբաղյան հարցի կարգավորման վերջին զարգացումների մասին: Վերհիշելով անցյալի իրադարձություններն ու ադրբեջանցիների կողմից հայերի հանդեպ կատարված բռնությունները, նա ասաց, որ ադրբեջանցիներին տեսնել չի ուզում նույնիսկ հեռուստացույցով, էլ ուր մնաց նրանց հետ ապրի միեւնույն կամ հարեւան գյուղերում: «Լավ է մեռնենք` քան այդ օրն ընկնենք: Դրանց մասին հիշել անգամ չեմ ուզում, քանի որ սեփական աչքերով տեսել եմ նրանց վատությունները, զգացել սեփական կաշվի վրա»,- ասում է նա: