Երիտգրողները դժգոհ են

14/02/2006

2006թ. Գրողների միությունը, նախագահ Լեւոն Անանյանի բնորոշմամբ, երեք կարեւոր միջոցառում է նախատեսել: «Շատ կարեւոր է հատկապես ապրիլի 6-10-ը Բեյրութում կայանալիք Գրողների համահայկական երրորդ խորհրդաժողովը»,- ասում է Լ.Անանյանը: Առաջին երկու խորհրդաժողովները տեղի են ունեցել Հայաստանում, ինչպես նաեւ` Արցախում, երրորդ խորհրդաժողովի անցկացման վայրի համար քննարկվել են Մոսկվայի, Բեյրութի եւ ԱՄՆ-ի տարբերակները, ընտրությունը կանգ է առել Բեյրութի վրա, քանի որ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը հանձն է առել հոգալ ողջ ծախսերը: Երրորդ համաժողովին կմասնակցեն 50 գրողներ Հայաստանից, 150-ն էլ` սփյուռքի տարբեր գաղթօջախներից: Երրորդ համաժողովը կքննարկի ժամանակակից հայ գրականության խնդիրները` արդի մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին: Նախատեսվել են զեկույցների հիմնական 6 թեմաներ, կհնչեն 12 զեկույցներ՝ նույն խնդիրը կներկայացվի մեկ հայաստանցու եւ մեկ սփյուռքահայի դիտարկմամբ: Դատելով Հայաստանից համաժողովին ներկայացվելիք զեկուցումների հեղինակների ցանկից, երիտասարդ գրողների մասնակցությունը բացառվել է: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը դա բացատրում է նախ հրավիրող կողմի ցանկությամբ՝ «Հրավիրյալների ցանկը նրանք են կազմել, հաշվի են առել մասնակիցների վաստակը եւ, կարծում եմ, ներկայանալի ցանկ է ստացվել, պատվիրակությունը համալրված է եւ գրողներով, եւ գրականագետներով»: Մայիսին նախատեսված է նաեւ հայկական պոեզիայի օրեր Վրաստանում, որին կրկին երիտասարդները չեն մասնակցի: Փոխարենը երիտասարդներին խոստանում են «հատուցում»՝ երիտասարդ գրողների համահայկական խորհրդաժողովը, որն ամեն տարի տեղի է ունենում Ծաղկաձորում. այս տարի կմասնակցեն նաեւ սփյուռքի երիտասարդ գրողները: «Երիտասարդների հավաքը քանի որ կայանալու է գրեթե զուգընթաց Երրորդ համահայկական խորհրդաժողովին, ուստի մենք նպատակահարմար գտանք նրանց բաժանել ավագներից, բացի այդ՝ միաժամանակ երկու խորհրդաժողովին նրանց մասնակցությունը լրացուցիչ ծախսերի հետ է կապված»: Երիտասարդներին, սակայն, նման բաժանումը դուր չի եկել, որովհետեւ նրանք իրենց հասակակից գրչընկերների հետ ցանկանում են շփվել նաեւ Հայաստանի սահմաններից դուրս. «Մենք հիմա այնքան փող չունենք, որ ինքներս նախաձեռնենք նման հանդիպումները, արտերկիր ճանապարհներն էլ այնպես փակ են մեր դեմ, որ դուրս գալու եւ այլ քաղաքակրթությունների հետ կենդանի շփման ոչ մի հնարավորություն չունենք, իսկ ՀԳՄ-ն, փաստորեն, շարունակում է նման ցուցակները համալրել միայն 60-ն անց «վաստակառուներով»:

Ն.Ա.