Ճակատագրի հեգնանք

11/02/2006

Քոչարյան-Ալիեւ բանակցություններից բացի` երեկ հայ-ադրբեջանական բանակցություններ էին ընթանում նաեւ Բրյուսելում, սակայն մեկ այլ ճակատում՝ ֆուտբոլում։ Մեզ հուզող գլխավոր հարցն այն էր, թե որտեղ պետք է իրենց հանդիպումներն անցկացնեն Եվրո-2008-ի նախընտրական նույն խմբում ընդգրկված Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները։ Կայացվել է սենսացիոն որոշում։ Խաղերն անցկացվելու են Ադրբեջանում եւ Հայաստանում։ ՀՖՖ լրատվական ծառայության ղեկավար Արայիկ Մանուկյանը տեղյակ չէր, թե ադրբեջանցիներն անվտանգության ինչ երաշխիքներ են տվել։ Ադրբեջանի հետ առաջին հանդիպումը տեղի կունենա 2007թ. սեպտեմբերի 8-ին՝ Ադրբեջանում, իսկ 4 օր հետո թիմերը կհանդիպեն Հայաստանում։

Դե ինչ, այսպիսի որոշումը զարմանք է հարուցում։ Միգուցե կազմակերպիչները հույս ունեն, որ իրենց հայրենակից քաղաքագետների աջակցությամբ ղարաբաղյան հակամարտությունն այս տարի կլուծվի, եւ 2007-ին մթնոլորտն ավելի հանդուրժողական կլինի։