Ինչպե՞ս չլուծել ԼՂ հիմնահարցը

11/02/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Այս օրերին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) խնդրի կարգավորման շուրջ բանակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը: Այդ հանդիպման հետ շատերը, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մեծ հույսեր են կապում: Սակայն քիչ չեն նաեւ թերահավատները: Օրինակ` Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) ատենապետ Հարություն Առաքելյանը նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունի: Նա նաեւ չի հավատում, որ ԼՂ հակամարտությունն այս տարվա ընթացքում կկարգավորվի: «Չեմ հավատում, քանի որ Լեռնային Ղարաբաղի օրինական իշխանություններն այսօր չեն մասնակցում բանակցային գործընթացին: Նախագահները շատ բան կարող է պայմանավորվեն, բայց երբ որ Ղարաբաղը որպես լիիրավ կողմ կմասնակցի բանակցություններին, այդ ժամանակ իմ մոտ կոնկրետություն կմտնի, թե ինչ է սպասվում Ղարաբաղի ճակատագրին»,- ասում է ՀՌԱԿ ատենապետը: Նրա խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ինչ էլ ստորագրեն, ինչ էլ պայմանավորվեն, ուշ թե շուտ պետք է գան Ղարաբաղի օրինական իշխանությունների հետ նստեն, բանակցեն: Լավ, իսկ կոնկրետ ինչպե՞ս է տեսնում ՀՌԱԿ ատենապետը ԼՂ հարցի կարգավորումը: Պարզվում է` ՀՌԱԿ-ը ԼՂ խնդրի փուլային լուծման կողմնակից է: Բայց ՀՌԱԿ-ի փուլայինն ուրիշ փուլային է: «Մենք գտնում ենք, որ բանակցային գործընթացը պետք է լինի եռակողմ` Երեւան, Ստեփանակերտ, Բաքու: Եվ այդ բանակցությունները պետք է փուլային լինեն: 1-ին փուլում բանակցում են Ստեփանակերտն ու Բաքուն, 2-րդ փուլում բանակցում են Երեւանը եւ Բաքուն,

3-րդ փուլում բանակցում են Ստեփանակերտը եւ Երեւանը»,- իրենց առաջարկած փուլային տարբերակի մանրամասներն է բացահայտում պարոն Առաքելյանն ու ընդգծում, թե Հայաստանին չի կարելի դուրս հանել հարցի կարգավորման պրոցեսից: «Ռմբակոծվում էր Կապանը, Գորիսը: Մենք իրենց քաղաքները չենք ռմբակոծել: Այսինքն` Երեւանն ու Բաքուն խոսելիք ունեն այս պատերազմից հետո: Բայց այդ ամենն այն բանից հետո, երբ Բաքուն ու Ստեփանակերտն իրար հետ կպայմանավորվեն»,- ասում է ՀՌԱԿ ատենապետը` առանց մանրամասնելու, թե ինչպե՞ս պետք է հասնել նրան, որ ԼՂ-ն բանակցային կողմ դառնա: Հետաքրքիր է` այդ փուլային տարբերակի 3-րդ փուլում ինչի՞ շուրջ են բանակցելու Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: «3-րդ փուլում Ստեփանակերտն ու Երեւանը կորոշեն` միանում են մեկ պետության մե՞ջ, թե՞ առանձին պետություններ են մնում: Սա է մեր առաջարկածը»,- բացատրում է Հ. Առաքելյանը: Սակայն սա դեռ ամբողջը չէ: Պարոն Առաքելյանի համոզմամբ` 1988-1991-ին Ադրբեջանում տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն: Նրա պնդմամբ` մինչեւ վերոնշյալ փուլային տարբերակին անցնելը, ՀՀ ԱԺ-ն պետք է 131 «կողմ» ձայնով այդ դեպքերը ճանաչի որպես ցեղասպանություն, ու «այդ փաստաթուղթը տա Վարդան Օսկանյանի ձեռքը»: Եվ դրանից հետո ողջ բանակցային գործընթացի ժամանակ այդ փաստաթուղթը պետք է ձեռքի տակ ունենալ: «Բոլոր ժամանակներում էլ ամենաճիշտ պաշտպանությունը հարձակվելն է, մանավանդ, որ մեր հարձակողականությունը հիմնված է իրականության վրա: 1988-1991թթ. հայերին Ադրբեջանում սպանել են որպես հայեր: Նրանք այլ մեղք չեն ունեցել: Այդ ցեղասպանությունով մենք պետք է նստենք բանակցությունների եւ այդ գրավյալ տարածքներն էլ մենք տեսնում ենք որպես ցեղասպանության փոխհատուցում: Առանց խաղաղարար ուժերի, առանց որեւիցե մի բանի»,- կարծում է ՀՌԱԿ ղեկավարը: Վերջինս հարկ է համարում շեշտել, որ իրենք բանակցությունների փուլային գործընթացի կողմնակից են, սակայն դրանից առաջ մեր ԱԺ-ն պետք է ընդունի այդ ցեղասպանությունը, որի համար այսօր մենք մոտ 400 հազար վկաներ ունենք: Ահա եւ ԼՂ հարցի լուծման` 121-ամյա ՀՌԱԿ-ի «ծրագիրը»: