Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ արտահայտված լավատեսական տրամադրությունները գնալով մարում են: Բացի միջազգային հանրությունից, այսօր եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում ոչ ոք չի ակնկալում, որ հանդիպման արդյունքում կողմերը կկարողանան համաձայնության գալ սկզբունքային հարցերի շուրջ: Եվ հակամարտող կողմերն իրենք են հայտարարում, որ բանակցային գործընթացում այս հանդիպումը հազիվ թե ճեղքվածք առաջացնի:
Ընդհանրապես, բանակցությունների բովանդակությունը խիստ գաղտնի է պահվում: Իսկ վերջերս ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ այսօր բանակցությունների սեղանին դրված է մեկ էջանոց փաստաթուղթ, որում 3-4 պարբերությամբ ամրագրված են հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքները: Եվ ենթադրվում է, որ Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջնական համաձայնության են գալու հակամարտության կարգավորման այդ սկզբունքների շուրջ: Մի բան, որը կարծես թե քիչ հավանական է: Օրինակ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռամբույեի հանդիպման նախօրեին հայտարարեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կոշտ հայտարարություններից հետո ինքը պակաս լավատեսությամբ է տրամադրված հանդիպման նկատմամբ: Նույն կարծիքն ունեն այսօր նաեւ ՀՀ քաղաքական ուժերը:
Բայց եթե Քոչարյանի լավատեսությունը փչացրել է Ադրբեջանական կողմի հայտարարությունները, ապա Հայոց Համազգային Շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի կարծիքով, պրոբլեմն ուրիշ տեղ է թաքնված: «Ակնկալիք առանձնապես չունեմ, բայց լուրջ ցանկություն ունեմ, որ որոշակի համաձայնության գան: Սակայն ես կարծում եմ, որ համաձայնության խնդիրն այնքան էլ Հայաստանից ու Ադրբեջանից չի կախված, որքան այլ ուժերից»,- մեզ հետ զրույցում երեկ այսպիսի հայտարարություն արեց Արարատ Զուրաբյանը: Նրա խոսքերով, այստեղ շատ կարեւոր է Ռուսաստանի որդեգրած դիրքորոշումը: «Եթե Ռուսաստանի կողմից խոչընդոտ չլինի, կարծում եմ, որ կողմերը շատ ավելի շուտ կգան: Խոչընդոտը միանշանակ Ռուսաստանն է, որովհետեւ թե՛ Աբխազական, թե՛ Օսեթական, թե՛ ԼՂՀ կոնֆլիկտները ձեռնտու են միայն ՌԴ-ին»,- համոզված է Ա. Զուրաբյանը: Նրա մեկնաբանմամբ, եթե կոնֆլիկտը լուծվի, ապա Ռուսաստանը տարածաշրջանում այլեւս անելիք չի ունենա: Արդյունքում կոնֆլիկտի կողմ երկրները ՌԴ-ից կհեռանան ու նրա ազդեցության տակ այլեւս չեն լինի:
Այս կարծիքը կիսում է նաեւ Հայաստանի Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: «Ցավոք սրտի, այդպես է: Եթե ինչ-որ ձեւի կոնֆլիկտը գնա կարգավորման, ապա ՌԴ առկայությունը Կովկասում ուղղակի անիմաստ կդառնա, նա զրկված կլինի որեւէ դեր ունենալ Կովկասում: ՌԴ ներկայությունը ոչ մի տնտեսական համագործակցության, տարածաշրջանային ինտեգրացման խնդիր չի լուծում: Կյանքը ցույց տվեց, որ նրանք ոչ մի ֆինանսական կամ տնտեսական աջակցություն չեն կարող լուծել»,- ասում է պրն Հովհաննիսյանը: Սակայն մյուս կողմից էլ, ըստ նրա, հակամարտող կողմերը չեն կարող պահպանել այս վիճակը: «Բանակցությունները հասել են մի փուլի, երբ ոչ մեկը, միջազգային հանրությունը չի հանդուրժում բանավոր խոսակցությունները: Վերջապես հասել են մի հանգրվանի, որտեղ կարգավորման ինչ-որ մի սկզբունքի տակ նախագահները դնելու են իրենց ստորագրությունները: Եվ դրանից հետո սկսվելու է մի փուլ, որը պիտի կոչվի Ղարաբաղի խնդրի կարգավորում: Սրանից թե՛ Քոչարյանը, թե՛ Ալիեւը խուսափել չեն կարող»,- ասում է Հ. Հովհաննիսյանը:
Այս տեսակետները, սակայն, չեն կիսում ռուսամետ համբավ ունեցող գործիչները: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գտնում է, որ ՌԴ-ի առկայությունը Կովկասում ամենեւին էլ պայմանավորված չէ կոնֆլիկտներով: «Այդ վերլուծությունը ճիշտ էր 90-ական թվականների սկզբներին»,- ասում է նա: Ընդհակառակը, ՌԴ-ն ձգտելու է, որպեսզի իր ներքեւում, այսինքն՝ Կովկասում, իրավիճակը լինի հնարավորինս խաղաղ եւ անցնցում: Իսկ ընդհանրապես, Ա. Կարապետյանի կարծիքով, Ռամբույեի հանդիպման ժամանակ կողմերը չեն կարողանա համաձայնության գալ: «Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք բերվեցին Վարշավայում, շատ կարճ ձեւով տրվեցին թղթին: Բայց հիմա մի բան է պայմանավորվածությունը, մի բան՝ թուղթը: Դրա համար այն առաջարկները որ կան, չունեն պատասխաններ»,- ասում է «Նոր Ժամանակների» առաջնորդը: Մնում է միայն սպասել բանակցությունների ավարտին: