Երգիծաբան Վարդան Պետրոսյանն իր ստեղծագործություններից մեկում հետաքրքիր ձեւով էր մեկնաբանել Հայաստանի եւ աշխարհի հզոր երկրների հարաբերությունները՝ ներկայացնելով այն որպես մոլախաղ։ Շեքսպիրի «Լինե՞լ, թե՞ չլինել» հարցը նա վերաձեւակերպել էր՝ խաղա՞լ, թե՞ չխաղալ, եւ 2 դեպքում էլ լուծումը մեր օգտին չէր. «Չես խաղում՝ ֆուկ են անում։ Մտնում ես խաղի մեջ՝ պարզվում է՝ քեզ վրա են խաղում»։
Սա ցավալի ճշմարտություն է։ Մինչ մենք ինքներս մեզ բաժանում ենք ռուսամետների, ամերիկամետների ու չգիտեմ էլ ինչամետների, նույն ռուսաստաններն ու ամերիկաները հետապնդում են իրենց շահերը։ Իսկ ի՞նչ ենք հետապնդում մենք՝ եթե անկեղծ լինենք ու, թեկուզ մի քիչ ամաչելով, բայց խոստովանենք՝ պատասխանը մեկն է՝ փող։ Համենայնդեպս, առաջին հայացքից այդպես է երեւում։ Ռուսական գազի հետ կապված կարող է թվալ, թե վիճակն այլ է, սակայն փոքր-ինչ խորը մտածելու դեպքում հայտնաբերում ես, որ նույն բանն է։ Պարզապես ոչ թե ուղղակիորեն փող ենք խնդրում, այլ խնդրում ենք, որ մեզնից քիչ փող վերցնեն։ Ի՞նչ տարբերություն, խնդրանքը մնում է խնդրանք, եւ այն առնչվում է փողին։
ԱՄՆ-ի դեպքում ամեն ինչ շատ ավելի ակնհայտ է։ Նրանք մեզ փող են տալիս՝ քանի որ գտնում են, որ աղքատ ենք։ Բայց դե իրենց «թանկացնում են»՝ ժողովրդավարություն են խաղում։ Մենք էլ վիզներս ծռած սպասում ենք նրանց բարեհաճությանը՝ խոստանալով, որ հաջորդ ընտրությունների ժամանակ այլեւս «չարություն» չենք անի։
Երեկ ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «Քննարկվել են ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի (ՀՄԿ) հետ աշխատանքների ուղղությամբ վերջին զարգացումները»։ Պրն Էվանսը լավատեսական հույսեր է ներշնչել մեր իշխանությանը՝ նշելով. «Մենք որոշում ենք կայացրել, որ հայաստանյան ծրագրի ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են, եւ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի ամենաուշը ս.թ. մարտի 27-ին»։ ՀՀ վարչապետն էլ պատասխանել է. «Ժողովրդավարության ամրապնդման ու զարգացման գործում ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ կառավարության հետ»։
Մամուլի համար գրված այս ստանդարտ նախադասությունները ոչ մի բան չեն կարող ասել։ Կարելի է միայն ենթադրել, որ «բազարները» շարունակվում են։ Եթե բարով-խերով մարտի 27-ին համաձայնագիրը ստորագրվի, ապա այն կներկայացվի որպես մեծագույն հաղթանակ՝ անթաքույց հպարտությամբ։
Մինչդեռ երեւի թե պիտի ամաչեինք. 200 տարվա պատմություն ունեցող ԱՄՆ-ը ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող Հայաստանին ժողովրդավարության դասեր է տալիս։ Դասեր է տալիս՝ մատ թափ տալով եւ ցույց տալով իր տեղը՝ աշխարհի ամենաաղքատ երկրների ցուցակում։ Այնպիսի երկրների, որտեղ դեռ մարդակեր ցեղեր են բնակվում։
Ամենավատն այն է, որ ոմանք փորձում են բոլորին (այդ թվում` իրենք իրենց) համոզել, որ ամերիկացիները մեզնից շատ են մտածում մեր մասին։ Ես չեմ ասում, որ վատ կլինի, եթե 235մլն դոլար մտնի Հայաստան, սակայն երեւի ավելի ճիշտ կլիներ, որ չմտներ։ Երեւի ավելի արդարացի կլիներ, որ հանրաքվեի խախտումները խստորեն դատապարտվեին եւ գումարի տրամադրումը սառեցվեր անորոշ ժամանակով։ Այդ ժամանակ իսկապես կհամոզվեինք, որ ԱՄՆ-ը մտահոգված է մեր ժողովրդավարության մակարդակով։ Իսկ եթե ամեն ինչ չափվում է փողով ու դրա մեծությամբ, ապա իրաքցիները պետք է անչափ երջանիկ լինեին, քանի որ ամերիկացիներն այնտեղ «ժողովրդավարություն հաստատելու» համար ամեն օր ծախսում են ավելի մեծ գումար (մոտ 250մլն դոլար), քան մեզ տրամադրվելիք գումարը 5 տարվա ընթացքում։
Ոչ ոքից նեղանալ պետք չէ։ Պարզապես պետք է հասկանալ, որ ամեն մեկը մտածում է իր երկրի շահերի մասին։ Ընդհակառակը, պետք է օրինակ վերցնել եւ վերջ տալ ամեն տեսակի …մետությանը։ Թե չէ եղանակի տեսությամբ Էրզրումի ու Բիթլիսի ջերմաստիճանը նշելով` ոչ ոքի չես ապացուցի, որ մտածում ես հայրենիքիդ մասին։