Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված 2005-2007թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում առկա է նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաբուժ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ այս կարգավիճակում էր «Ֆիզիոթերապեւտիկ» ինստիտուտը, որը, սակայն, հանվեց մասնավորեցման ցուցակից: Այսօր «Ավիաբուժ» ընկերության սեփականացումն «օրակարգային» խնդիր է, եւ հանձնարարված է ընկերությունը հրատապ կերպով մասնավորեցնել:
Ինչո՞վ է զբաղվում «Ավիաբուժը», եւ արդյո՞ք նպատակահարմար է վերջինիս մասնավորեցումը: Այսօր ընկերությունը Հայաստանում միակ հիմնարկությունն է, որ իրավունք ունի զբաղվել քաղավիացիայի ոլորտի անձնակազմի բժշկաթռիչքային փորձաքննությամբ: Դա նշանակում է, որ ոչ մի ուրիշ բժշկական հաստատություն չի կարող անձնակազմի առողջական վիճակի մասին եզրակացություն տալ: Ընկերությունն ունի լիցենզիա` տրված Առողջապահության նախարարության կողմից, եւ Միջազգային ավիացիոն կոմիտեի վկայական: Ընկերության բժիշկներն ունեն ավիաբժշկի որակավորում: Բացի այդ, այս տարի նախատեսվում է ՄԱԿ-ի կողմից ընկերության բժիշկների վերապատրաստում: Այս ամենն «Ավիաբուժին» տալիս է «մոնոպոլիստական» կարգավիճակ: «Այսօր մրցակիցներ չունենք, բայց հնարավոր է, որ ապագայում ունենանք»,- ասում է ընկերության տնօրեն Լիլյա Ղազարյանը:
Ավիաբժշկական կենտրոնը զբաղվում է օդաչուների, բորտ-ուղեկցորդների, դիսպետչերների տարեկան բուժզննմամբ, որի հիման վրա եզրակացություն է տալիս, թե տվյալ անձինք իրավունք ունե՞ն թռիչքներ իրականացնելու, թե՞ ոչ: Հիվանդության հայտնաբերման դեպքում «Ավիաբուժն» իրականացնում է նաեւ հիվանդի բժշկական սպասարկումը: Այստեղ բժշկական զննում են անցնում նաեւ օդանավակայանների վարորդները եւ բոլոր վերգետնյա աշխատողներն, ովքեր կապ ունեն սննդի հետ: Իսկ բոլոր օդաչուները, բորտ-ուղեկցորդները եւ վարորդները բոլոր թռիչքներից առաջ անցնում են նախաթռիչքային բուժզննում, որը հստակ պատկերացում է տալիս անձի տվյալ օրվա առողջական վիճակի մասին: «Մեր գործունեության նպատակը քաղավիացիայի ոլորտում անձնակազմի առողջության պահպանումն է, հիվանդությունների կանխարգելումն ու բուժումը: Իսկ եթե այնպիսի հիվանդություն է հայտնաբերվում, որը բուժման ենթակա չէ, դադարեցվում է տվյալ անձի գործունեությունը»,- հավաստիացնում է Լ. Ղազարյանը: Ընկերությունը բուժկետեր ունի հանրապետության բոլոր օդանավակայաններում:
Անձնակազմի համար բժշկական ծառայություններն անվճար են: Այդ դեպքում ինչպե՞ս են ձեւավորվում պետության կողմից չֆինանսավորվող «Ավիաբուժի» ֆինանսական միջոցները: Ընկերությունը պայմանագրեր ունի բոլոր ավիաընկերությունների հետ, եւ վերջիններս էլ վճարում են բժշկական ծառայությունների դիմաց: Իսկ օդանավակայանների աշխատողների բուժզննման ծախսերը հոգում են օդանավակայանները: Ֆինանսավորման հիմնական եղանակները սրանք են, սակայն «Ավիաբուժը» սպասարկում է նաեւ հարակից գյուղերի բնակիչներին (բնականաբար, վճարովի` ինչպես մյուս բուժհաստատություններում):
Ընկերության տնօրենը խուսափեց մասնավորեցման թեմայով զրուցելուց, սակայն նա դժգոհ չէ «Ավիաբուժի» այժմյան աշխատանքից: «Մեր հիմնարկությունը հագեցված է բժշկական տեխնիկայով, եւ այս առնչությամբ մինչ այսօր խնդիրներ չենք ունեցել: Դժվարանում եմ մասնավորեցման դեպքում հեռանկարների մասին խոսել, որովհետեւ այսօր սպասարկվող անձնակազմը խիստ փոփոխական է: Դա կախված է նրանից, թե որքան ինքնաթիռներ ենք սպասարկում: Բնականաբար, դրանց թիվը որքան մեծ լինի, այնքան ընկերությունը ֆինանսապես կայուն կլինի: Եթե շարունակվի այս հունով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի»,- նշում է Լ. Ղազարյանը: Այդ «հունը» իրոք վատը չէ: Այդ մասին է վկայում 2005թ. ընկերության ստացած եկամտի չափը` ոչ վերջնական տվյալներով` 82 մլն 700 հազար դրամ: «Շահույթ ստանում ենք, բայց 2004թ. դատարանը «Հայկական ավիաուղիներին» սնանկ ճանաչեց, իսկ վերջինս մեզ պարտք էր 56 մլն դրամ: Այդ պարտքը դուրս գրվեց, ինչի հետեւանքով մեր տարեկան հաշվեկշիռը «մինուսով» փակվեց»,- ասում է Լ. Ղազարյանը: Այնուամենայնիվ, նա համոզված է, որ առաջիկայում այս «բացը» կվերականգնվի, եւ եթե նմանատիպ դեպքեր այլեւս չգրանցվեն, ընկերությունը շահույթով կաշխատի: Կարելի է եզրակացնել, որ «Ավիաբուժի» տնօրենը բնավ էլ հակված չէ ընկերության մասնավորեցումը դրական համարելուն:
Իսկ այս հարցի շուրջ ի՞նչ կարծիք ունի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Վերջինս այս պահին «Ավիաբուժի» մասնավորեցումը նպատակահարմար չի գտնում: Վարչությունը գտնում է, որ եթե մասնավորեցվի ոչ միայն ընկերության գույքը, այլեւ շինությունը, ապա հնարավոր է, որ պետությունը կանգնի թռիչքային անձնակազմի պարտադիր բժշկական զննության անցկացման լուրջ խնդիրների առաջ: