Արեւմո՞ւտք, թե՞ Արեւելք

11/02/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Մասնակիցներն ԱԺ ընդդիմադիր երկու կուսակցությունների եւ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ էին: Ներկա էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Քննարկմանը հրավիրված են եղել նաեւ ՀՀԿ, ՕԵԿ, Հայաստանում Իրանի եւ ԱՄՆ դեսպանատների, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները: Վերջին գերատեսչությունը (ինչպես մյուսները) հրավերը մերժել է` թեման համարելով «չափազանց նուրբ»:

Այն իսկապես նուրբ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի առջեւ ծառացած է մի բարդ խնդիր. եթե ԱՄՆ-ը մարտահրավեր նետի Իրանին, ի՞նչ դիրքորոշում է ունենալու մեր երկիրը: Նախ, հարցի առաջին` պայմանական կողմի մասին: Աշխարհի գերտերությունն այսօր շարունակում է մտահոգված մնալ Իրանի միջուկային զենքի եւ այն բանի համար, որ Իրանը ցանկություն ունի մուսուլմանական աշխարհը համախմբել իր գաղափարների շուրջ եւ հակադրվել Արեւմուտքին: Արդյոք ԱՄՆ-ը Իրանի հետ կվարվի՞ այնպես, ինչպես 3 տարի առաջ վարվեց Իրաքի հետ: ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է 1,5 տարի, ուստի մեկ տարի հետո այս թեման դուրս է մնալու ԱՄՆ-ի վճռական քաղաքականությունից: Բացի այդ, նա գտնում է, որ ո՛չ Իրանին, ո՛չ ԱՄՆ-ին ձեռնտու չեն ռազմական բախումները: Այս պարագայում «ամենաճիշտ հանգուցալուծումը» Խ. Հարությունյանը համարում է այն, որ աշխարհը պետք է ճանաչի Իրանի նոր դերակատարումը: Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանը, սակայն, լավատեսությամբ չի նայում համաշխարհային այս հիմնախնդրին: Նա համոզված է, որ ԱՄՆ-ը դիմելու է վճռական քայլի: Ս. Սաֆարյանը հիշեցնում է Ջորջ Բուշի «անկեղծ» հայտարարությունն այն մասին, որ աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանությունը պետք է ամրապնդվի: Սակայն ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը գտնում է. որ «Բուշի ելույթին չպետք է ուշադրություն դարձնել, քանի որ Բուշը Բուշն է»: Այնուամենայնիվ, աշխարհն ականատես է եղել, թե ինչի է պատրաստ այդ նույն Բուշը: Իսկ Ս. Սաֆարյանի կարծիքով` ռազմական գործողությունների սկսվելու դեպքում Հայաստանը կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ, եւ «այս խնդիրը չի մեղմանալու նույնիսկ տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայմամբ»:

Լավ, իսկ Հայաստանը ի՞նչ պետք է անի, հրաժարվի՞ իր բարեկամից ու ռազմավարական դաշնակցից: Հիշենք, որ օրեր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ըստ էության, Բուշի անունից կոչ էր անում բոլոր պետություններին` հնարավորինս սահմանափակել Իրանի հետ հարաբերություններն էներգետիկ ոլորտում, այլապես… Կիրո Մանոյանի խոսքերով` այս պարագայում «խնդիրը միայն ԱՄՆ-ը չէ, այլ նաեւ` Ռուսաստանը»: Նա գտնում է, որ «մենք պետք է ուժեղ լինենք ռազմավարական այս դաշնակցի ճնշումների նկատմամբ»: «Բայց ինչո՞ւ պետք է Հայաստանը միշտ ինչ-որ մեկի լաքեյը լինի, մենք կարող ենք մեր սեփական շահերն ունենալ»,- այսպիսի հայտարարություն արեց ՀՀՇ-ական Երջանիկ Աբգարյանը` ավելացնելով, սակայն, որ «Իրանում որոշակի արդյունաբերական ճյուղեր կան, որ Հայաստանին կարող են հետաքրքրել, մասնավորապես` էներգակիրները, ինչի պահանջը մենք միշտ կզգանք»: Հակասելով ինքն իրեն` Ե. Աբգարյանն ասաց նաեւ, որ «Իրանը մեր կարիքը չունի, բայց մենք Իրանի կարիքն ունենք»: Նկատի ունենալով նաեւ Ե. Աբգարյանին` ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը նշեց, որ ինքը տարիներ շարունակ չի կարող հասկանալ այն մարդկանց, որոնք պնդում են, որ Հայաստանը պետք է լինի անկախ եւ չեզոք երկիր. «Արեւմուտքի գաղափարական եւ տնտեսական էքսպանսիային եթե ավելանա նաեւ ռազմական էքսպանսիան, ապա այն սպառնալու է տարածաշրջանի ժողովրդի անվտանգությանը»:

Հայ-իրանական հարաբերությունները պետք է խորացնել: «Պետք է նպաստել Հայաստանում Իրանի կառուցողական ներկայությանը»,- ասում է Խ. Հարությունյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Իրանը տարածաշրջանում տարբեր երկրների հետ համագործակցության միջոցով կարող է իրացնել նաեւ իր խաղաղ ծրագրերը, մասնավորապես, իրանական էներգակիրները, որոնց կարիքը Եվրոպան զգում է, կարող են տեղափոխվել նաեւ Հայաստան: «Ինչո՞ւ մենք դրան չնպաստենք: Եթե խթանենք հայ-իրանական տնտեսական երկարաժամկետ համագործակցությունը, ապա հետագայում Հայաստանին որեւէ սպառնալիքի դեպքում Իրանը կասի` իմ կապիտալն այնտեղ է, եւ շահագրգռված կլինի Հայաստանին օգնելու մեջ: Ինչո՞ւ չօգտագործենք այդ հնարավորությունը»,- ասում է ՀՔԴՄ նախագահը: Նա ընդգծում է, որ սա չի վերաբերում Հայաստանում Իրանի ռազմական ներկայությանը, քանզի վերջինս կսպառնա երրորդ երկրներին, մասնավորապես` Ռուսաստանին: Խ. Հարությունյանն օգտագործում է նաեւ «ոչ ի վնաս այլ երկրների` հավասարակշիռ համագործակցություն» արտահայտությունը: «Մենք պետք է շահագրգռված լինենք, որպեսզի տարածաշրջանում ապահովվի խոշոր երկրների ներկայությունը, բայց ոչ թե առճակատման, այլ մրցակցության առումով»,- ասում է Խ. Հարությունյանը: