Տղան այդ մասին չգիտի, որովհետեւ ծնված օրից ապրում է «Զատիկ» մանկատան տնօրենի հատկացրած երկաթե տնակում, որը տեղադրված է Թբիլիսյան խճուղի 26 հասցեում: Մեծացել է երկաթե տնակի խավարի մեջ: Գալուստը եւ նրա քույրը՝ 2 տարեկան Յուլյան անմարդկային այս պայմաններում ապրելու պատճառով խոսել չգիտեն, համենայնդեպս, մինչ օրս նրանք որեւէ բառ չեն արտաբերել: Տնակի տարածքում մի ժամանակ անտառ է եղել, այս ընտանիքն արդեն ութ տարի առանց լույսի է ապրում: Երեխաներից բացի` երկաթե տնակում ապրում են ծնողները՝ Արմենն ու Գոհարը, Արմենի հայրը՝ Մանուկը եւ քույրը, ով հիմա գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում: Արմենը բառեր չի գտնում իրենց վիճակը նկարագրելու համար, անընդհատ ասում է՝ «Այլանդակ վիճակ ա»: Թերեւս այդ այլանդակ վիճակից է, որ երեխաներն անընդհատ ճանկռտելով քորում են իրենց մարմինները: Նրանք այնքան կեղտոտ են, որ իրենք իրենց քորելուց չեն հանգստանում եւ դրանից նյարդայնանալով՝ սկսում են բարձրաձայն լաց լինել: Լույսից բացի` զրկված են նաեւ կոյուղուց, լողանալու տարրական պայմաններ չունեն: Հնարավոր է, որ նրանք տիֆով կամ քոսով հիվանդ են, բայց չեն կարող դիմել բժշկի: Օրեր առաջ Արմենի 1-ին կարգի հոգեկան հիվանդ քրոջ վիճակը այնքան է բարդացել, որ զանգահարել են շտապօգնություն: Շտապօգնության ծառայության աշխատակիցները, ճանաչելով այս ընտանիքին, պարզապես խաբել են՝ ասելով, թե մեքենան դուրս է եկել, կարող են դիմավորել: 68-ամյա Մանուկը երկար ժամանակ դրսում սպասել է, սակայն մեքենան այդպես էլ չի եկել: Մի քանի անգամ զանգահարել են, տեղեկացրել են, որ հիվանդը ծայրահեղ վատ վիճակում է. «Աղջկաս անուն-ազգանունն ասեցի, որ գրանցեն: Իրանց հիվանդն ա, չէ՞, գիտեն ով ա, հենց անունը տալիս եմ, հասկանում են, որ մենք ենք զանգել, հարցնում ա՝ վճարելո՞ւ եք, որ գանք: Գիտեն, որ փող չունենք, ասում եմ՝ փող չունենք, խաբում-ասում են` դուրս ա եկել, բայց չեն ուղարկում: Ստիպված մեկից 1000 ռուբլի պարտք եմ արել, մարշրուտկով տարել եմ հոգեբուժարան: Անտանելի վիճակ ա, լկտի վերաբերմունք ա, էդ ցրտին 3-4 անգամ գնացի առաջ, իբր ուղարկում էին, բայց չեկան: Հիվանդանոցում էլ չէին ընդունում, ահագին կռիվ-դավից հետո ընդունեցին»,- ասում է Մանուկը: Անտանելի այս ցրտին երեխաները ոտաբոբիկ են, Գոհարն ամաչելով ասում է՝ «Դե, շոր չունեն, հագինը լվացել եմ, ռետուզից շատ եմ խեղճանում, սենց բոբիկ մնում են` մինչեւ չորանա»: Երեխաներին հագցնում են մանկատան տված շորերը, որոնք այնքան պատառոտված են, որ դեն գցելու են: Հայրը մանկատան տնօրենից է խնդրել դրանք: Ճգնաժամային տարիներին այս ընտանիքը բնակարանը վաճառել է, որպեսզի մեկ այլ բնակարան գնի եւ հավելյալ գումարով գոյատեւի, սակայն ռուբլու անկման պատճառով չեն կարողացել տուն գնել եւ հայտնվել են փողոցում: Արդեն 15 տարի ապրում են մետաղ հավաքելով, որից ստացված գումարով կարողանում են հազիվ երեխաներին կերակրել: «Դե՛, ոնց որ մասնագիտացել եմ, էլի, էնքան եմ հավաքել, հանձնել, որ արդեն տեղերը գիտեմ, թե որտեղ կըլնի մետաղ, բայց դե, եղանակ չի փոխում, այլանդակ վիճակ ա: Խոզանոց ա, ստեղ խոզն էլ չէր դիմանա, արդեն ջաններս քոր ա ընկել»,- ասում է Արմենը, ով Ղարաբաղյան պատերազմին մասնակցելու ժամանակ կորցրել է անձնագիրն ու բոլոր փաստաթղթերը: Երեկոյան մարտկոց են միացնում, որպեսզի հեռուստացույց նայեն, այլապես կխելագարվեն: Արմենի քույրը խելագարվել է, հիմա վիճակը շատ ծանր է, որոշ ժամանակ անց հոգեբուժարանից դուրս կգրեն, իսկ երկար պահելու համար գումար են պահանջում: Արմենը ցայտնոտի մեջ է, ասում է՝ «Դե՛, ախր էնքան վատ ա, որ արդեն տակն ա անում: Ախր մանր երեխեքի հետ, էս բնում, հոգեկան հիվանդ, անտանելի վիճակ ա, ո՞նց նկարագրեմ, որ հասկանաս: Խելագարվում ենք էս պայմաններից, կամաց-կամաց մենք էլ… երեխեքս էլ չեն խոսում…»: 68-ամյա ծերուկն ամեն օր գնում է պահակության գործ փնտրելու, սակայն ոչ ոք չի ընդունում: Ծերունու եւ հաշմանդամ աղջկա թոշակը միասին 4000 դրամ է, իսկ երեխաների նպաստը՝ 10000 դրամ: «Սենց անելանելի դրություն ա էլի, Թումանյանի ասածի պես՝ ամեն մեռնողի երանի տալով ապրում ենք, գնում մի երկու ճյուղ եմ հավաքում, որ թոռներս ցրտից չմեռնեն: Ախր գոնե հանրակացարանում մի բուն տային, սենց չենք դիմանա, գժվում ենք, հասկանո՞ւմ ես, էս պայմաններից գժվում ենք»: Դիմել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանին, ով ինչ-որ մեկին ուղարկել է այնտեղ: Վերջինս ապշել է՝ ասելով, թե էս վիճակում ո՞նց եք ապրում: Ավագանու երեք անդամներից են եկել ու նրանցից մեկն ասել է՝ «Սկի ես իմ պրոբլեմները չեմ կարում լուծեմ, քո՞նը ոնց լուծեմ»: Մանուկն ու Արմենն իրար ընդհատելով վիճում են, միմյանց մեղադրելով՝ «Դու ես մեղավոր, որ էս օրին ենք»: Հետո Մանուկը, հասկանալով, որ կշտամբանքները տեղին չեն, ասում է՝ «Էս իշխանությունների համար գիտե՞ս ինչքան եմ պայքարել: Միտինգների գնալու համար 3 զույգ կոշիկ եմ մաշել, բա արժե՞ր, հիմա սովից մեռնում ենք: 3-4 տարի Արշակ Սադոյանի կողքին պայքարել եմ: Ո՞ւմ էր պետք, մենք իրանց իշխանություն տվեցինք, որ հետո օգնության նշույլ ցույց չտա՞ն: Շատ վրդովված եմ: Այնքան վիրավորված եմ, որ ուզում էի դիմել Ամերիկյան Սենատին, բայց ասեցին` մի 100 դոլար ծախս պիտի անես, որ թղթերը հասնի: Սրանցից հույս չկա»,- ասում է ծերունին, որի դեմքին սեւացած կապտուկներ կան: Ընտանիքի անդամները քնում են գետնին, որտեղ ցեխախառն ձյան հալոցք է: «Այլանդակ վիճակ ա»,- ասում է Արմենը, կարկամում է ու չի կարողանում գտնել այն բառերը, որոնք կնկարագրեն իրենց ծայրահեղ վատ վիճակը: Արմենն ասում է, որ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) ինչ-որ բազա կառուցելու նպատակով հսկայական տարածք է գնել, որի մեջ մտնում է նաեւ իրենց այս տնակի տարածքը: Ուշ թե շուտ այս ընտանիքին վռնդելու են, սակայն նրանք այնքան են հոգնած այս կյանքից, որ այլեւս դրանից էլ չեն անհանգստանում: