Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության տապալումը թերեւս անակնկալ էր շատերի համար: Կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր գոնե արտաքուստ շահագրգռված էին Արմեն Հարությունյանի ընտրությամբ, իսկ ներքուստ համոզված, որ նա կընտրվի, ընտրության արդյունքներից հետո փորձում էին ամեն կերպ զսպել իրենց շփոթմունքը: ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանից հետո ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հարցին ի պատասխան` ասաց. «Սովորական գործընթաց է գնացել, ձայները չեն բավարարել երկուսին էլ: Նորից առաջադրումներ կլինեն, կփորձենք, թեկնածուներից ով կանցնի, կանցնի»: Սակայն ըստ վարչապետի, քվեարկության տապալումը չի նշանակում, որ կոալիցիան անկազմակերպ է եղել: «Գաղտնի քվեարկություն է եղել, եւ ես չեմ կարող ասել, թե ով ինչպես է քվեարկել: Ես գոնե գիտեմ կոալիցիայի կուսակցությունների դիրքորոշումը Արմեն Հարությունյանի նկատմամբ, որ ոչ մի բացասական տոն չի հնչել: Եվ մենք հիմքեր չունենք կասկածելու, որ կոալիցիան տապալել է կամ կողմ չի քվեարկել,- հայտարարեց վարչապետը` ավելացնելով,- յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում ինչպես քվեարկել, դրա համար կոչվում է գաղտնի քվեարկություն»: Ըստ վարչապետի, թեեւ կոալիցիայի պատգամավորներից տասը հոգի բացակա են եղել եւ չեն մասնակցել քվեարկությանը, բայց մասնակցության դեպքում էլ «Կոալիցիան միայն իր ուժերով էլ չէր կարող անցկացնել եւ պետք էր մյուս պատգամավորների աջակցությունը, որը, իմ կարծիքով, եղել է կամ քիչ է եղել»: Վարչապետը ոչ մեկին չի կասկածում իշխանություններին դավաճանելու եւ նրա թեկնածուին չընտրելու մեջ, քանի որ ձեռքին փաստեր չունի:
Ա.Գ.